Պարզվել են Վանաձորում 33-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները. հայտարարվել է հետախուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են Վանաձոր քաղաքում Արտյոմ Յարիբեկյանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու հանգամանքները. առերևույթ հանցանք կատարած անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2016 թվականի հունվարի 08-ին՝ ժամը 16:00-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ նույն ժամին «որովայնի առաջնային պատի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող» վերքով հիշյալ բժշկական կենտրոն է ընդունվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 1982 թ. ծնված Արտյոմ Յարիբեկյանը:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հունվարի 08-ին՝ ժամը 14-ի սահմաններում, ավտոմեքենայով ճանապարհը փակելու պատճառով Վանաձոր քաղաքի Պարույր Սևակի և Ավետիսյան փողոցների խաչմերուկում Արտյոմ Յարիբեկյանի հետ վիճաբանել է նույն քաղաքի բնակիչ Է.Վարդանյանը, որի ընթացքում սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2016 թվականի հունվարի 20-ին որոշում է կայացվել Է.Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ: Նույն օրը վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբեկտիվ հետազոտումն ապահովելու, հետախուզման մեջ գտնվող Է.Վարդանյանին հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս