Ինչ է իրականում կատարվում Կամերային երաժշտական թատրոնում. գլխավոր ռեժիսորը բացում է բոլոր փակագծերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում մամուլում բազմաթիվ քննարկումներ եղան այն մասին, որ Կամերային երաժշտական թատրոնում խռովություն է հասունացել: Ըստ որոշ հրապարակումների՝ պատճառը թատրոնի անձնակազմի որոշումն է գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի հետ աշխատել չշարունակելու մասին: Մասնավորապես, սկսվեցին լուրեր շրջանառվել այն մասին, թե գլխավոր ռեժիսորն ու թատրոնի ողջ անձնակազմն իրար հետ լեզու չեն գտնում:

«Ժողովուրդ» օրաթերթը, ինչպես հայտնի է, կապ էր հաստատել նույն թատրոնի դերասանների հետ` տարածված լուրերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով: Արա Դեղտրիկյանը, ով 2011 թվականից աշխատում է նույն թատրոնում, տարածված լուրերի մասին առաջինը լսել էր թերթից. «Ես բացարձակապես տեղյակ չեմ, որ նման բան կա: Ես միայն ամսվա ընթացքում 1-2 անգամ գնում եմ այնտեղ, իմ ներկայացումը խաղում եմ եւ հետ եմ գալիս»,- ասել էր նա: «Այսինքն` Արմեն Մելիքսեթյանի հետ առանձնապես շփում չունե՞ք»,- հարցին դերասանը բացասական պատասխան էր տվել. «Մենք միասին որպես դերասան-ռեժիսոր չենք աշխատել: Այն ներկայացումը, որտեղ խաղում եմ, ռեժիսոր Դավիթ Հակոբյանն էր բեմադրել: Բնականաբար, ճանաչում եմ Արմեն Մելիքսեթյանին, հարգանքով եմ վերաբերվում նրան»:

ArmLur.am-ը կապ հաստատեց Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի հետ՝ հասկանալու համար՝ ի վերջո, ինչ է իրականում կատարվում թատրոնի ներսում:

– Պարո՛ն Մելիքսեթյան, վերջին շրջանում ինտենսիվ լուրեր են տարածվում, որ Կամերային երաժշտական թատրոնում խռովություն է հասունացել: Ի՞նչ մթնոլորտ է իրականում թատրոնում:

-Մեկ տարի առաջ մշակույթի նախարարությունն ինձ առաջարկեց անցնել այստեղ գործի և փոխել թատրոնի ուղղվածությոնը, այն է՝ թատրոնը դարձնել երաժշտական, այնպես, ինչպես գրված է թատրոնի պատին՝ Կամերային երաժշտական: Տարիների ընթացքում ուղղվածությունը փոխվել է, և այստեղ դրամատիկ ստեղծագործություններ են բեմադրվում: Ինձ առաջարկվեց բեմադրել երաժշտական ներկայացումներ, սակայն այստեղ հավաքված են դերասաններ, որոնք երգել, պարել չգիտեն, այդ պրոֆիլին չեն տիրապետում: Երաժշտական թատրոնի դերասանները պետք է ավելի շատ հմտություններ ունենան: Ես նրանց ժամանակին բացատել եմ, որ ունենք ժամանակ վերապատրաստվելու համար, պետք է աշխատենք: Բերել եմ վոկալի ուսուցիչ, այլ մասնագետների: Այլ դերասաններ, ուսանողներ, ովքեր տիրապետում են չափանիշներին, քննությամբ ընդունվել են նրանց փոխարեն: Նրանց մոտեցումը մարդկայնորեն հասկանալի է: Սակայն նրանց առջև արգելք չեմ դրել շարունակել աշխատել մեզ հետ:

-Ի սկզբանե, երբ հայտնեցիք դերասաններին, որ խաղի կանոնները փոխվում են, ինչպե՞ս նրանք արձագանքեցին:

-Ասել եմ, որ ես չեմ քանդելու, եկել եմ որոնելու, գտնելու: Պետք է համագործակցենք, աշխատենք: Նրանք համաձայնեցին, բայց հետո` աշխատանքի ընթացքում, փորձեր եղան, սակայն նրանց մոտ դիսցիպլինան չափազանց կաղում էր: Նրանք էին որոշում՝ երբ գան, երբ գնան: Այդպես հնարավոր չէր աշխատել, առաջ գնալ: Նման մոտեցում չի կարելի ցուցաբերել: Հին կազմից նրանք, ովքեր համապատասխանում են չափանիշներին, ովքեր կարող էին աշխատել, ներգրավվել էինք աշխատանքներում: Պետք է լինի երաժշտական ներկայացում, որտեղ կենդանի երգեցողություն է, ոչ թե ֆանագրամա, իսկ մինչև հիմա ներակյացումները ֆանագրամայի տակ էին արվում, դա ես անընդունելի էի համարում:

-Ի՞նչ լուծում է առաջարկում նախարարությունը ստեղծված իրավիճակում:

-Փոխնախարարի հետ հանդիպմանը որոշել ենք ստեղծել գեղարվեստական խորհուրդ, որը կոլեգիալ մարմին կլինի, կկազմակերպի.. Գիտեք, սովորությունը վատ բան է. երբ մի բանի սովորում են, դրանից հետո դժվար է լինում նորմալ աշխատել՝ նոր կանոններով: Անձնական ոչինչ չի կարող մեր մեջ լինել:

-Լուրեր կան, որ դերասաններին արգելում եք սերիալներում նկարահանվել…

-Ինչպե՞ս կարող եմ արգելել: Դերասանը ստանում է չնչին աշխատավարձ: Ես դա հասկանում եմ: Կան մարդիկ, որոնք ուղղակի գրանցված են թատրոնում, նրանց ցածր աշխատավարձը հետաքրքիր չէ: Գուցեև թատրոնը նրանց պետք չի, բայց եթե իմ առջև խնդիր է դրվել, աշխատել, պետք է աշխատենք: Ինչպե՞ս կարելի է մի-երկու հոգու համար թատրոնի ամբողջ գրաֆիկը փոխել, հնարավոր չէ: Նախկինում ղեկավարը թույլ է տվել այդ կերպ աշխատել: Ես դա չեմ ընդունում: Նրանք թատրոնի հիմնական աշխատող են, պետք է հաշվի նստեն թատրոնի հետ: Հետո միայն ինչ ուզում են անեն, որտեղ ուզում են նկարահանվեն: Հիմա դատե՛ք, ես ինչպե՞ս վարվեմ: Գլխավոր դերասաններից երկուսը գալիս ու ասում են, որ այսինչ տեղում նկարահանումներ ունեն: Ինչպե՞ս անենք, որ նրանք հասցնեն, մանավանդ այն պարագայում, որ այս ժանրը դժվար է, ահռելի աշխատանք է պահանջում:

Ես նույնիսկ հարցը չեմ դնում այսպես, որ եթե չաշխատեք, ես կարող եմ տասը հոգու բերել ձեր փոխարեն: Ես վոկալի դասատու եմ բերում, որ կարողանանք դուրս քաշել հնարավորությունները, գուցե քնա՞ծ են… Իսկ նոր դերասանների գալու հանգամանքից, որոնք տիրապետում են չափանիշներին, նրանք նեղվում են: Կրկնում եմ՝ հասկանում եմ նրանց հոգեվիճակը, սակայն ինչպե՞ս վարվել որակյալ աշխատանք ունենալու համար:

– Դե’, մրցակցությունը բարձր որակ ունենալու երաշխիքն է…

-Իհարկե՛: Եթե չկա մրցակցություն դերասանների մեջ, ի՞նչ որակի մասին է խոսքը: Գուցե, կա հրահրող, որ ուզում է այս ամենը հրապարակ բարձրացնի… չգիտեմ… Ես չեմ եկել գանձեր տանելու, եկել եմ աշխատելու, դա հետաքրքիր է ինձ համար, ողջ կյանքս այդ ճանապարհի վրա է անցել: Պետք է աշխատենք ու ճի՛շտ աշխատենք:

Զրուցեց Տաթև Հարությունյանը




Լրահոս