Որոշ ժամանակով ներկայացումները դադարեցվել են. Լուսինե Երնջակյանը՝ Կամերային թատրոնի գողության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեպքը մայիսի 12-ի գիշերն է եղել: Իրականում ոչ ոք թատրոն չի մտել, գողությունը դրսից են կատարել. արտաքին պատերին ամրացված համակարգերն են տարել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի պետական կամերային թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Երնջակյանը:

«Կամերային թատրոնի օդորակիչները գողացել են: Ով եւ ինչպես՝ դեռեւս հայտնի չէ, բայց դա շատ է բարդացնում մեր աշխատանքը: Դահլիճում՝ այն էլ լիքը հանդիսատեսով, հնարավոր չէ ներկայացում խաղալ: Մենք ստիպված ենք ժամանակավոր դադար վերցնել, լուծել բոլոր խնդիրները եւ վերադառնալ: Մայիսի 20-ից սկսած՝ բոլոր ներկայացումներն անժամկետ հետաձգվում են». այսպիսի հայտարարությամբ էր հանդես եկել Երեւանի պետական կամերային թատրոնն իր ֆեյսբուքյան էջում։

Լուսինե Երնջակյանի խոսքով որոշել են մայիսի 20-ից հետո անժամկետ դադարեցնել ներկայացումները, նույնիսկ հունիս ամսվա խաղացանկը դեռ չեն ներկայացրել, քանի որ օդի ջերմաստիճանն օր օրի բարձրանում է, իրենց դահլիճն էլ փոքր է, հնարավոր չէ առանց օդափոխության այնտեղ հանդիսատես ընդունել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս