Հունվարի 23-ից 25-ին մայրաքաղաք Երևանում տեղացած առատ ձյան տեղումների պատճառով «Սանիթեք» ընկերությունը աշխատել է արտակարգ ռեժիմով՝ ձյան տեղումներին զուգահեռ ձնամաքրման աշխատանքներ իրականացնելով Երևանի 10 վարչական շրջանների գլխավոր և երկրորդական փողոցներում։ Շուրջօրյա ռեժիմով ձյան մաքրման աշխատանքներին ներգրավված են եղել «Սանիտեկ» ընկերության 600 աշխատակիցներ, ինչպես նաև օգտագործվել են թվով 75 հատուկ մեքենաներ: Այս մասին հայտնում են «Սանիթեք» ընկերության մամուլի ծառայությունից:
Օգտագործելով ներկայումս առկա իր բոլոր ռեսուրսները և համագործակցելով Երևանի քաղաքապետարանի կոմունալ ծառայությունների հետ՝ «Սանիթեք» ընկերությունը փորձել է նվազագույնի հասցնել եղանակային փոփոխությունների պատճառով առաջացած անհարմարությունները։
«Անընդմեջ տեղացող ձյան պարագայում ճանապարհների ամբողջական մաքրությունը տեսականորեն անգամ հնարավոր չէ ապահովել, սակայն մեզ համար սկզբունքային է մեր աշխատանքը առավելագույնս պատշաճ կերպով կատարելը: Հայցում ենք Երևանի բնակիչների ներողամտությունը դեռևս առկա որոշ թերացումների համար և լիահույս ենք, որ բնակիչների հետ համագործակցությամբ կկարողանանք քաղաքը առավելագույնս անվտանգ ու անցանելի դարձնել»,-իր խոսքում նշել է «Սանիթեք» ընկերության սեփականատեր և գլխավոր գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը, հավելելով, որ այս օրերին ընկերությունը օպերատիվ կերպով արձագանքում է թեժ գծերին ստացված բոլոր հեռախոսազանգերին, ինչպես նաև աչալուրջ է վերջին ամսվա ընթացքում հնչեցված բոլոր դիտարկումների ու քննադատությունների հանդեպ:
«Սանիթեք» ընկերությունը հորդորում է քաղաքացիներին անընդմեջ տեղացող ձյան պայմաններում զգույշ լինել փողոց դուրս գալիս, ինչպես նաև աջակցել «Սանիթեք»-ի աշխատանքներին՝ ինֆորմացիայով և սեփական դիտարկումներով դիմելով ընկերության շուրջօրյա թեժ գծին՝ 8090 հեռախոսահամարով:
Նշենք, որ «Sanitek s.a.r.l» ընկերությունն իր գործունեությունը Երևան քաղաքում սկսել է 2014թ. դեկտեմբերի 1-ից։ Ներկայումս այն աղբահանության և սանմաքրման աշխատանքներ է իրականացնում Երևանի 10 վարչական շրջաններում: Միջազգային այս ընկերությունը մեկ տարվա ընթացքում Հայաստանում 19 միլիոն եվրոյի ներդրում է կատարել՝ ներկրելով 180 միավոր միջազգային չափորոշիչներին համապատասխանող ժամանակակից մեքենասարքավորում, ինչպես նաև գերմանական արտադրության 9000 աղբամաններ: Ընկերությունը ներկայումս 900 աշխատակիցներ ունի, որոնց միջին աշխատավարձը կազմում է 500 դոլարին համարժեք դրամ։ Ընկերության բոլոր աշխատակիցները ստանում է պարտադիր ապահովագրություն, իսկ ընկերությունը իրականացնում է շրջակա միջավայրին ուղղված սոցիալական պատասխանատվության ծրագրեր: