Ամերիկայի հայկական համագումարի Արևմտյան տարածաշրջանը նոր տնօրեն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թումաջանը 1996 թվականից ի վեր ակտիվորեն համագործակցել է Համագումարի հետ, երբ նա փորձառություն էր ձեռք բերում Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում՝ որպես Համագումարի Թերջենյան-Թոմաս ամառային կամավորական ծրագրի մասնակից Վաշինգտոնում: Հաջորդ ամռանը Թումաջանը համակարգել է կամավորական ծրագիրը և աջակցել Համագումարի հանրային կապերի վարչությանը: Թումաջանը կրկին միանում է Համագումարին՝ հեռահաղորդակցության և կորպորատիվ ծրագրային ապահովման ոլորտներում 15 տարի ղեկավար պաշտոններ զբաղեցնելուց հետո:

«Միհրանը Համագումարի ընտանիքի անդամ է եղել գրեթե երկու տասնամյակ և ուրախ ենք նրան պաշտոնապես ընդունելու մեր թիմ», – հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Ծնունդով լինելով Հայաստանից՝ Թումաջանն ապրել է Միչիգան նահանգում, որտեղ նա պատմության բակալավրի աստիճան է ստացել Դեթրոյթում Ուեյնի պետական համալսարանում: Թումաջանը քաղաքական քարոզչությանը ծանոթացել էր իր կյանքի համեմատաբար ավելի վաղ շրջանում՝ որպես դեռահաս կամավոր հանդես գալով այժմ արդեն պաշտոնաթող կոնգրեսական և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախկին համանախագահ Ջո Նոլենբերգի (Հանրապետական, Միչիգան) նախընտրական քարոզարշավում: 2000 թվականին տեղափոխվելով Հարավային Կալիֆորնիա, Թումաջանը շարունակեց ծառայել ամերիկահայ համայնքին և Հայ Առաքելական Եկեղեցուն, որտեղ նա 2003 թվականին ձեռնադրվել է սարկավագ՝ Հայկական Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի կողմից:

Թումաջանը լայն ճանաչում գտած Դիլիջանի կամերային երաժշտության համերգաշարի տնօրենների խորհրդի հիմնադիր անդամ է, Թեքեյան մշակութային միության Արշակ Տիգրանյանի հայկական դպրոցի նախկին հոգաբարձու, Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորչի հայկական եկեղեցու երկու անգամ ընտրված թեմական պատվիրակ ու երեք անգամ ընտրված ծխական խորհրդի անդամ և 2007 թվականին՝ Սուրբ Գրիգորի օծման հանձնաժողովի նախագահ: «Առանձնահատուկ պատիվ է կրկին Համագումարի թիմի անդամ լինել, նպաստել Համագումարի շարքային անդամների ցանցի ընդլայնմանը Միացյալ Նահանգների արևմտյան շրջանում, քարոզել ի պաշտպանություն Հայոց ցեղասպանության շարունակական վերահաստատման և վերականգնվող արդարադատությանը, ինչպես նաև խրախուսել ամերիկահայերին իրենց ձայնը բարձրացնել հանուն Հայաստանում ու Արցախում մեր եղբայրների և քույրերի անվտանգության և բարգավաճման»,- ասաց Թումաջանը: Ամերիկայի հայկական համագումար:

 




Լրահոս