Ինչ գյուղատնտեսական աշխատանքներ են տարվելու Լոռու մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հանձնարարականով մարզպետարանի վարչությունների և բաժինների պետերի կողմից աշխատանքային տարեկան հաշվետվությունները շարունակվում են ներկայացվել ու կեզրափակվեն շաբաթվա վերջում: Ստորաբաժանումների ղեկավարները հաշվետվություններում ներկայացնում են ոչ միայն տարվա ընթացքում կատարված աշխատանքները, թերություններն ու բացթողումներն, այլև առաջարկություններ՝ ստորաբաժանման աշխատանքն առավել արդյունավետ և կառուցողական դարձնելու նպատակով:

Հունվարի 25-ին 2015թ. աշխատանքային հաշվետվություններով հանդես եկան Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը: Հաշվետվություններին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը, Վանիկ Ասատրյանը, աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, բաժինների աշխատակիցները, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նախ, լսվեց Դ. Մանուչարյանի հաշվետվությունը: Նա տեղեկացրեց, որ տարվա ընթացքում վարչությունն ամբողջությամբ իրականացրել է իր գործառույթները տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, համայնքային ծառայության բնագավառներում:
2015 թ. անցկացվել են ՏԻՄ-երի հերթական ընտրություններ 8 համայնքում, որից 4-ում (Ղուրսալ, ՈՒռուտ, Արծնի, Չկալով) համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, 3-ում՝ համայնքի ղեկավարի (Ալավերդի, Անտառամուտ, Եղեգնուտ), Խնկոյան համայնքում՝ ավագանու անդամների: ՈՒրասար և Լուսաղբյուր համայնքներում անցկացվել են համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություններ:
2016 թ. Դարպաս և Մղարթ համայնքներում անցկացվել են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, տարվա ընթացքում ՏԻՄ-երի ընտրություններ են անցկացվելու 95 համայնքում (76-ում՝ համայնքի ղեկավարի և ավագանու, 6-ում՝ համայնքի ղեկավարի և 13-ում՝ համայնքի ավագանու): Վարչության պետը տեղեկացրեց նաև, որ կառավարության որոշմամբ փետրվարի 14-ին անցկացվելու է Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքների միավորման արդյունքում ձևավորվելիք Թումանյան համայնքի ղեկավարի և ավագանու ընտրությունները: Մարզպետի որոշմամբ ապրիլի 17-ին նշանակվել է ՏԻՄ-երի հերթական ընտրություններ 5 համայնքում (Սարչապետ և Սարամեջ համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու, Սպիտակ, Խնկոյան և Դաշտադեմ համայնքներում համայնքի ղեկավարի): 2016 թվականի սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին մարզի 89 համայնքում կանցկացվեն են ՏԻՄ-երի հերթական (73 համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու, 3-ում՝ համայնքի ղեկավարի և 13-ում՝ համայնքի ավագանու) ընտրություններ: Կարևորելով ՏԻՄ-երի բյուջետային կարողությունների զարգացումը և տեղական եկամուտների հավաքագրման աճի ապահովումը՝ մարզի բոլոր համայնքների ղեկավարներին և համայնքապետարանների աշխատակազմերին մշտական խորհրդատվական, մեթոդական, գործնական օգնություն է ցուցաբերվել համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման կազմակերպման հարցում:

Որպես կարևոր տեղեկատվություն՝ նշվեց, որ 2015 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել են մի շարք օրենքներ, որոնցով փոփոխություններ և լրացումներ են կատարվել Տեղական ինքնակառավարման մասին և Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքներում:
-Անհրաժեշտ է 2016 թվականին համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը իրականացնել՝ հաշվի առնելով վերոնշյալ օրենքներում կատարված փոփոխությունները և լրացումները, մասնավորապես՝ 2015 թ. համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հետ համայնքի ավագանուն ներկայացնել նաև հաշվետու տարում համայնքի քառամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը, 15000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմավորման, համայնքային ծառայության գլխավոր և առաջատար պաշտոնների անձնագրերի հաստատման հարցերը,- ասաց վարչության պետը:

Վարչության պետը ներկայացրեց նաև մարզի համայնքներում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման իրավիճակը: Նա նշեց, որ մարզի 113 համայնքներից 58-ը ապահովված են համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով: Մարզի 42 համայնքներ ունեն ինտերնետային կայքեր, սակայն այդ կայքերի շահագործման մակարդակը գոհացուցիչ չէ: Վարչության կողմից հետևողական աշխատանք է տարվում համայնքների կողմից կայքերում առկա նյութերի թարմացման ուղղությամբ, սակայն քիչ չեն դեպքերը, երբ կայքերը անհասանելի են լինում գյուղապետարաններում: 56 համայնքներ աշխատում են էլեկտրոնային փաստաթղթաշարժի Mullbery համակարգին: Այդ համայնքների մի մասը, սակայն, փաստաթղթաշարժը մարզպետարանի հետ չի իրականացնում համակարգում առկա տարաբնույթ տեխնիկական անսարքությունների պատճառաբանությամբ: Մարզի բոլոր համայնքները ապահովված են համակարգիչներով: Բացառությամբ Անտառաշեն համայնքի մարզի բոլոր համայնքների հետ փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային փոստի միջոցով: Անտառաշենի գյուղապետարանին էլեկտրոնային փոստ չի տրամադրվել ինտերնետի բացակայության պատճառով:
Ըստ զեկուցողի, քաղաքացիական հասարակության կայացման ու որոշումների ընդունման գործընթացում բնակչության և քաղաքացիական ակտիվ խմբերի մասնակցության ապահովման, կառավարման գործընթացներում հասարակության տարբեր խավերի մասնակցությունը համայնքային և մարզային զարգացման ծրագրերի մշակման և իրականացման, համայնքների ղեկավարների մասնակցային գործընթացները արդյունավետ համակարգելու, կառավարչական հմտությունները զարգացնելու, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների առավել թափանցիկ գործունեությունն ապահովելու նպատակով, մարզպետարանի աշխատակազմի, համայնքների ղեկավարների, մարզի հասարակական կազմակերպությունների ջանքերով 2015թ.-ի ընթացքում իրականացվել են մի շարք միջոցառումներ: Աշխատանքներ են տարվել նաև պաշտպանության, արտակարգ իրավիճակներում մարզի բնակչության պաշտպանության բնագավառներում:
Անդրադառնալով թերություններին՝ վարչության պետն ասաց, որ դրանք նախորդ տարիների համեմատ զգալիորեն նվազել են: 2015-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մարզի 9 համայնքապետարանների աշխատակազմերի կադրային գործերի վարման նկատմամբ իրականացվել է վերահսկողություն, հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ և արդյունքների մասին տեղեկատվությունը ներկայացվել է նախարարությանը: Իրականացված վերահսկողությունից հետո վերլուծվել են հայտնաբերված ընդհանրական թերությունները և շրջաբերական գրությամբ համայնքների բոլոր ղեկավարներին առաջարկվել է միջոցներ ձեռնարկել դրանց կանխարգելման և վերացման ուղղությամբ: Որպես թերություն՝ Դ. Մանուչարյանը մատնանշեց, նաև համայնքների թափանցիկ աշխատելու անբավարարությունը, համայնքներում տեղեկատվական համակարգերից թերի օգտվելու խնդիրները և այլն:

Մարզպետը շնորհակալություն հայտնեց վարչության պետին և աշխատակիցներին ծանրաբեռնված և հետևողական աշխատանքի համար: Նա անդրադարձավ նաև ներկայացված թերություններին: Մասնավորապես, համայնքների ավագանիների որոշումները մարզպետարան են ուղարկվում ուշացումներով, ինչն էլ բազմաթիվ խնդիրներ է առաջացնում: Մարզպետը հանձնարարեց վարչությանը հետևողական աշխատանք տանել համայնքների հետ և ընթացիկ տարում այս հարցն ամբողջությամբ կարգավորել: Նա պահանջեց հետևողական լինել նաև համայնքների հետ իրականացվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը, համայնքային ծառայության մրցույթներին, եկամուտների հավաքագրման, բազաների կարգավորման հարցերին, ավագանու ինստիտուտի կայացման կարևորագույն խնդրին:
-ՏԻՄ և ՀԳՄ հարցերով վարչությունը պետք է կապող օղակ լինի համայնքների և մարզի ոլորտային պատասխանատուների միջև: Վարչությունը պետք է գործուն աջակցություն ցուցաբերի համայնքներում առկա խնդիրների լուծմանը,-ասաց մարզպետը:
Անդրադառնալով մարզում իրականացվող համայնքների միավորման պիլոտային ծրագրին՝ Ա. Նալբանդյանը նշեց, որ լուրջ ջանքեր պետք է ներդրվեն ծրագիրը սահուն իրականացնելու նպատակով:

-Միավորվող համայնքներին պետք է ցուցաբերվի մեթոդական և խորհրդատվական աջակցություն,- հանձնարարեց մարզի ղեկավարը` վստահեցնելով, որ տարվա ընթացքում հետևողական է լինելու նշված հանձնարարականների կատարմանը:
Դ. Մանուչարյանը տեղեկացրեց նաև, որ այս տարի լրանում է ՏԻՄ համակարգի ներդրման 20-ամյակը, որին ի պատասախան՝ Ա. Նալբանդյանը խոստացավ հոբելյանի առթիվ խրախուսել բոլոր նրանց, ովքեր իրենց ջանադիր աշխատանքով նպաստել են համակարգի կայացմանը:

* Օրվա երկրորդ կեսին հաշվետվությամբ հանդես եկավ Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակազմը:

Ներկայացվեցին բուսաբուծության և անասնապահության ոլորտում արձանագրված ցուցանիշների արդյունքները, վերջին 4 տարում դրանց դինամիկան, խոսվեց գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական քաղաքականության, այն է՝ մատչելի պայմաններով սերմացուների, օրգանական պարարտանյութի և դիզելային վառելիքի քանակի տարեցտարի ավելացման դրական արդյունքների, բնապահպանության հիմնախնդիրների և այլնի մասին: Նշվեց նաև, որ եթե 2012 թվականին օգտագործվել է ընդհանուր ցանքատարածությունների 56 տոկոսը, ապա 2015թ. այն կազմել է 75 տոկոս: Ասել է թե՝ վերջին 3 տարում օգտագործելի ցանքատարածություններն ավելացել են ավելի քան 18 հազար հեկտարով: Նույն ժամանակամիջոցի հետ համեմատած՝ ավելի քան կրկնակի անգամ ավելացել է հացահատիկային և հատիկաընդեղային մշակաբույսերի, ավելի քան 21 հազար տոննայով՝ կարտոֆիլի և 12.5 հազար տոննայով՝ բանջարանոցային մշակաբույսերի բերքը:

2015թ. ընթացքում մատչելի գներով ՀՀ կառավարության կողմից մարզին հատկացվել է 2150,5 տոննա ազոտական, ավելի քան 70 տոննա ֆոսֆորական, 53 տոննա կալիումական պարարտանյութ: Բաշխվել է շուրջ 605 հազար լիտր դիզելային վառելիք:
Հանգամանորեն ներկայացվեցին ոչ միայն պետական, այլև միջազգային կառույցների աջակցությամբ մարզում իրականացված գյուղատնտեսական զարգացման ծրագրերը, նախանշվեցին 2016թ անելիքները: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գ.Հակոբյանի տեղեկացմամբ, այս տարի Լոռու մարզի հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման համար, համաձայն համայնքներից ստացված հայտերի, նախատեսված է հատկացնել 2300 տոննա ազոտական, 100 տոննա ֆոսֆորական, 70 տոննա կալիումական պարարտանյութ, 1.000.000 լիտր դիզելային վառելանյութ, 70 տոննա գարնանացան գարու սերմացու, 30 տոննա աշնանացան գարու, 3.4 տոննա առվույտի, 2.15 տոննա եգիպտացորենի, 18 տոննա կորնգանի սերմացու:

Մարզպետը վարչության պետին հանձնարարեց բացատրական աշխատանքներ իրականացնել համայնքների հետ՝ իրատեսական պահանջարկ ներկայացնելու նպատակով՝ նշելով, որ ներկայացված հայտերի ողջ պատասխանատվությունը կրելու է վարչությունը:

Անդրադարձ եղավ նաև 2016թ. ընթացքում տարբեր կառույցների կողմից մարզում իրականացվելիք գյուղատնտեսական ծրագրերին, ընթացիկ տարում ոլորտի զարգացման հնարավորություններին:

Բնապահպանության ոլորտին առնչվող զեկույցում շեշտը դրվեց հիմնականում առկա խնդիրների վրա: Նշվեց, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, մարզում գործող անտառտնտեսությունների հետ պարբերաբար ամփոփվել են մարզի տարածքում փայտանյութի մթերման պետական առաջադրանքի և անտառվերականգնման աշխատանքների վերաբերյալ տվյալները. 2015թ. պլանային և այլ հատումները կազմել են 11282 խոր.մ, այդ թվում՝ Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով իրականացված հատումները՝ 4360 խոր.մ: 2015թ. ընթացքում ազգաբակչության կողմից անվճար մթերվել է 10954 խոր.մ վառելափայտի թափուկ:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ՀՀ Ոստիկանության մարզային վարչության, բնապահպանության նախարարության ԲՊՏ Լոռու տարածքային բաժնի հետ պարբերաբար վերահսկվել է մարզի տարածքում ապօրինի ծառահատումների, փայտանյութի անօրինական տեղաշարժն ու օրինախախտումները: 2015թ. ընթացքում Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության բաժինների կողմից կատարվել է 723 ստուգայց, հայտնաբերվել են ապօրինի անտառահատումների, փայտանյութի տեղափոխման և իրացման 92 դեպք, պետությանը հասցված վնասի չափը կազմել է ավելի քան 12 մլն. 361 հազ. դրամ, որից վերականգնվել է 6 մլն. 735 հազար դրամը: Հարուցվել է 13 քրեական գործ, վարչական պատասխանատվության են ենթարկվել 38 անձ: Լոռու մարզի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում 2015թ. ընթացքում հայտնաբերված ապօրինի հատումները կազմել են 337 ծառ՝ 156 խոր.մ ընդհանուր ծավալով:

Փոխարենը մի շարք ծրագրերով մարզում կատարվել են անտառատնկման, պտղատու այգիների հիմնման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ նախորդ տարի մարզում իրականացվել է շուրջ 104.6 հա անտառատնկման և նախորդ տարիներին հիմնադրված 930 հա անտառմշակույթների խնամքի և լրացման աշխատանքներ:
Անդրադարձ կատարվեց նաև ընդերքօգտագործմանը և շրջակա միջավայրի պահպանությանը: Մարզի տարածքում հանքարդյունահանման աշխատանքներ է իրականացնում շուրջ 35 կազմակերպություն, որոնցից 5-ը իրականացնում են մետաղական հանքավայրերի շահագործում (շահագործվում են Ալավերդու, Շամլուղի պղնձի, Թեղուտի պղինձ-մոլիբդենային և Մղարթի ու Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրերը): Վարչությունը ուսումնասիրել և համապատասխան առաջարկություններ է արել ընդերքօգտագործման և բնապահպանության ոլորտներին առնչվող իրավական ակտերի մի շարք նախագծերի վերաբերյալ: Առաջարկություն է ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն, որպեսզի Լոռու մարզի Ստեփանավան, Ուրասար, ինչպես նաև Թեղուտ և Շնող համայնքները նույնպես ընդգրկվեն վնասակար ազդեցության ենթակա համայնքների ցանկում ու բնապահպանական և առողջապահական ծրագրեր իրականացնելու համար պետական բյուջեից սահմանված կարգով ստանան մասնահանումներ: Ներկայում տվյալ նախագիծը գտնվում է քննարկման փուլում: Ակնկալվող բնապահպանական նպատակային գումարները կուղղորդվեն նշյալ համայնքների ազգաբնակչության առողջության և շրջակա միջավայրի պահպանման միջոցառումներին:

Ընթացքի մեջ է «Կոշտ կենցաղային աղբի համակողմանի կառավարման» ծրագիրը: Այն ենթադրում է Լոռու մարզում կառուցել եվրոպական չափանիշներին համապատասխան 3 աղբավայր, որոնք կսպասարկեն Լոռու մարզն ամբողջությամբ: Նոր աղբավայրերի շահագործմանը զուգընթաց կլուծվի նաև համայնքներում տարերայնորեն առաջացած ապօրինի աղբավայրերի լիկվիդացման հարցը: Մարզպետարանի կողմից տարվող հետևողական աշխատանքի շնորհիվ, մարզի 7 գյուղական համայնքներ ևս ձեռք են բերել աղբարկղեր, կանոնակարգել աղբահանության աշխատանքներ: Լոռու մարզում վտանգավոր թափոնները հիմնականում ժամկետանց դեղորայքի տեսքով են: Բժշկական թափոնների վնասազերծումը ոչ միայն առողջապահական, այլ նաև կարևոր բնապահպանական հիմնախնդրի լուծում է: Մարզպետարանի աջակցությամբ վտանգավոր թափոնների վնասազերծմամբ զբաղվող մասնագիտացված ընկերությունները պայմանագրեր են կնքել մարզի բուժհիմնարկների հետ և, ըստ համատեղ մշակված ժամանակացույցի, իրականացնում են ժամկետանց դեղորայքի և բուժպարագաների տեղափոխում և վնասազերծում:

Ներկաները դիտեցին նաև վարչության կողմից 2015թ. կատարված աշխատանքների մասին պատմող տեսաֆիլմ, ոլորտներին առնչվող հարցեր ուղղեցին վարչության աշխատակիցներին:

Մարզպետը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքների համար՝ հույս հայտնելով, որ ընթացիկ տարում արդյունքներն առավել գոհացուցիչ կլինեն:
(Ընդարձակ հաշվետվություններին կարելի է ծանոթանալ lori.mtaes.am կայքէջի «Մարզպետարան» բաժնի «Հաշվետվություններ» ենթաբաժնում):




Լրահոս