Լոռու մարզպետը` քրեական հեղինակությունների պարագլուխ լինելու մասին. ի՞նչ կապ ունի նա Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Հայաստանում սպանությունների և քրեական հանցագործությունների մասին լուրերին տեղ ու դադար չկա: Ընդ որում, տարբեր քրեական հեղինակությունների միջեւ զինված մարտերն ընթանում են անարգել՝ Հայաստանի քաղաքներում, անգամ՝ մայրաքաղաքի կենտրոնում:

Երեկ՝ օրը ցերեկով, Երեւանում՝ Վերնիսաժի տարածքում, ՀՀ-ում Լեհաստանի եւ Ճապոնիայի դեսպանատների, իշխող ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի գրասենյակների հարեւանությամբ, կրակում էին: Վիրավորներից մեկը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի թիմից է:

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել է, որ Ալավերդի քաղաքում գործում է թշնամի երկու հանցավոր խմբավորում: Մեկը ղեկավարում է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը՝ նրա հեռավոր ազգական ու միաժամանակ թշնամի Վահագն Աբգարյանը: 2015-ի սեպտեմբերին՝ Ալավերդու քաղաքապետի ընտրություններին, հիմնական թեկնածուները մարզպետ Նալբանդյանի մտերիմ Կարեն Փարեմուզյանն ու հեղինակություն Տարոն Աբգարյանի եղբայրը՝ Արթուր Աբգարյանն էին:

Հաղթեց մարզպետի թեկնածուն, որից հետո «ռազբորկաներից» մեկի ժամանակ Տարոնի տղաներից Վարդան Փիրուզյանը Վահագնի խմբի երկու տղաներին՝ Էդվարդ Պողոսյանին եւ Վարդան Ավագյանին, սպանեց: Վահագնի խմբի անդամ Վալերի Դավթյանն էլ սպանեց փախուստի մեջ գտնվող Վարդանի եղբորը՝ Կամո Փիրուզյանին: Եւ ահա երեկ կրակեցին Վահագնի ուղղությամբ, բայց սպանվեց թիկնապահը:

ArmLur.am-ը քիչ առաջ զրուցեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ` հասկանալու համար ինչքանով է նա առնչվում կատարվածին:

-Պարո′ն Նալբանդյան, Վահագն Աբգարյանին կապում են Ձեզ հետ: Ըստ հրապարակումների` Դուք նույն թիմում եք գործել ընտրություններին: Ի՞նչ հարաբերությունների մեջ եք նրա հետ:

-Ես ծանոթ եմ հրապարակումներին: Դրանք իրականության հետ որևէ կապ չունեն: Ես Լոռու մարզպետն են: Կիլլեր չունեմ և կիլլեր ունենալու մտադրություն չունեմ: Ուղղակի ծիծաղելի է, զավեշտալի: Եթե լրագրողը զանգում է մարզպետին, իսկ մարզպետը զբաղված է, նման բան պետք չէ գրել:

Ինչ վերաբերում է Ալավերդի քաղաքին. ես ոչ միայն Աբգարյան Վահագնին, այլև բոլորին եմ ճանաչում: Դա փոքր քաղաք է, մի ընտանիք է: Ես բացի նոր սերնդից, գրեթե բոլորին ճանաչում եմ:

-Այսինքն` Դուք նույն թիմից չե՞ք: Ընտրություններին միասին չե՞ք աշխատել:

-Շատ կներեք, ի՞նչ թիմ:

-2015 թ. ընտրությունների ժամանակ միասի՞ն չեք աշխատել:

-Գիտեք ինչ` 2015 թվականին Ալավերդու քաղաքապետին 5 հազարից ավել մարդ է ընտրել: Փակ, գաղտնի քվեարկությամբ: Ես չգիտեմ` ով է ընտրել, ով չի ընտրել: Նա երբեք քաղաքական պրոցեսների մեջ չի էղել:

-Իսկ ճի՞շտ են տեղեկությունները, որ Դուք այդ թիմի պարագլո՞ւխն եք:

-Դա իրականությանը չհամապատասխանող բան է: Ինձ բոլորը Լոռու մարզում ճանաչում են, գիտեն, որ դրանք իրականության հետ կապ չունեն: Գուցե ինչ-որ մեկը ցանկանում է սենսացիոն վերնագիր դնել, քաղաքական աստառ տալ քրեական հանցագործությանը… գուցե ինչ-որ մեկին պետք էր, ինչ-որ մեկը պատվիրել էր…

Թե ինչ հանգամանքներում է դա եղել, չեմ կարող ասել, չեմ էլ ուզում խառնվել ոստիկանության աշխատանքներին:

Զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս