Արամի 30 հասցեում գտնվող պատմական շենքի քանդումից հետո մամուլում սկսեցին տեղեկություններ շրջանառվել այն մասին, որ առաջիկայում նախատեսվում է նաեւ Աբովյան, Պուշկին եւ Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում իրականացնել շենքերի ապամոնտաժման աշխատանքներ, իսկ տվյալ տարածքում առկա են թվով 4 հուշարձան-շենքեր: Երեւանի քաղաքապետարանն այս առնչությամբ տարածեց հայտարարություն, որտեղ նշվում էր, որ տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ ինչ վերաբերում է հուշարձան-շենքերի պահպանմանը, ապա քաղաքապետարանից հավաստիացրեցին, որ դրանք պահպանվելու են նույն տեղում: Այս վստահեցումները, սակայն, հավատ չեն ներշնչում քաղաքացիներին: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ:
-Պարո՛ն Քալաշյան, ինքներդ 4 հուշարձան-շենքերի դեպքում վերահաս վտանգ տեսնո՞ւմ եք:
-Այդ խնդիրը պահանջում է համակարգային մոտեցում եւ պետք է լուծվի պետականորեն: Ամբողջ պատմական կենտրոնի կառուցապատման համար պետք է լինի օրենսդրական փաստաթուղթ, որտեղ արձանագրված կլինեն շենքերի հետ կապված բոլոր միջամտությունները, դրանց սահմանափակումները եւ դրանք կստանան օրենքի ուժ: Այդ հարցի վերաբերյալ քաղաքաշինության նախարարությունը հայեցակարգ է մշակել, որը ընդունվել է Կառավարության կողմից, եւ հիմա կարծես թե այդ հայեցակարգը պետք է մտնի Աժ` հաստատվելու համար:
Այդ գործընթացը կտեւի մեկ տարի, իսկ այդ ընթացքում առկա կլինեն Ձեր նշած վտանգները: Մինչդեռ ժամանակին ես քաղաքաշինության նախարարությանը առաջարկում էի կենտրոնի կառուցապատման վերաբերյալ մորատորիում, այսինքն` բոլոր քաղաքաշինական գործառույթների սառեցում մինչեւ օրենքի հաստատումը: Քաղաքաշինության նախարարությունից, սակայն, ասացին, որ չեն կարող նման քայլի գնալ, քանի որ հստակ չէ` օրենքը կանցնի, թե ոչ: Ասացի` ամեն դեպքում այդ կետը մտցրեք` սահմանափակելով բոլոր կարգի քաղաքաշինական միջամտությունները Երեւանի պատմական կենտրոնում: Նախարարությունն առաջարկս չընդունեց, ու թե երբ կընդունվի օրենքը, պարզ չէ, որեւէ երաշխիք չկա, որ դա կլինի ժամկետում: Վտանգը, որի մասին խոսում ենք, կախված է նաեւ Զվարթնոցի, Մարզահամերգային համալիրի, Արտգործնախարարության շենքի, անգամ` Կառավարական շենքի վրա. էլ ինչի՞ մասին է խոսքը:
-Այսինքն` երաշխիք չկա նաեւ, որ վերոնշյալ 4 հուշարձան-շենքերը կպահպանվե՞ն:
-Իհարկե, չկա: Մեզ մոտ գործում է միայն պետական գերակա շահը: Իսկ դրա մեջ մշակույթի պահպանությունը չի մտնում, ֆինանսների շրջանառությունն է ներառվում: Պետականության պակաս կա, օրենսդրական դաշտը թերի է, նաեւ գիտակցության պակաս կա, կամ էլ գիտակցություն կա, բայց դրան հետեւելը ձեռնտու չէ:
-Կա շրջանառվող կարծիք, որ եթե քաղաքային իշխանություններին ձեռնտու լինի, նրանք կարճ ժամանակում քննարկվող շենքերը կհանեն ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկից:
-Իհարկե, ամառային կինոթատրոնը Ձեզ օրինակ, այն Ձեր նշած ցանկի մեջ էր, բայց Կառավարության որոշմամբ հանվեց այնտեղից, եւ շենքն օտարվեց: Դրանից հետո հանրային բողոքի ալիք բարձրացավ, սակայն շենքը չվերադարձրին այդ ցուցակ:
-Քաղաքացիների մի ստվար զանգված այն կարծիքին է, որ քաղաքապետարանը հերթական անգամ փափուկ բարձ դրեց իրենց գլխի տակ` հավաստիացնելով, թե Աբովյան, Պուշկին եւ Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում գտնվող պատմական շենքերին վտանգ չի սպառնում: Դուք ի՞նչ կասեք:
-Միայն ասում են, որ ոչ մի խնդիր չկա, որ ամեն բան իրենց ուշադրության կենտրոնում է, ու ոչ մի բանի ձեռք չեն տա: Բայց Դուք հիշու՞մ եք` նույնը ասում էին Ծածկած շուկայի մասին, իսկ այսօր դրանից միայն հուշերն են պահպանվել: Ես նման դեպքերում որեւէ դրական սպասելիք չեմ ունենում: Այսօր հրամանը վերեւներից է գալիս. որոշողը ո՛չ քաղաքապետարանն է, ո՛չ պատվիրատուն:
-Այս դեպքում մեզ` քաղաքացիներիս, ի՞նչ է մնում անել:
-Բողոքի ակցիաներ, ստորագրահավաք: Անդադար է պետք անցկացնել դրանք. ուրիշ ելք չկա: Միայն բողոքը կարող է հարկադրել որեւէ որոշում չեղյալ համարել:
Աննա Բաբաջանյան