ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում հյուրանոցի կառուցման համար 200-ամյա շենք են քանդում. ինչ կապ ունի դրա հետ ՀՀԿ-ական նախկին պաշտոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Լեոյի 54 հասցեի շինարարական աշխատանքներն անհանգստացնում են Կոնդի բնակիչներին: Մասնավորապես, այդ շինաշխատանքների հետեւանքով 200 տարվա պատմություն ունեցող շենքը, որն ըստ սեփականատիրոջ՝ ընդգրկված է հուշարձանների պահպանության ցանկում, քանդվում է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Լեոյի 54 հասցեում գտնվող «Հիդրոմետ» ծառայության նախկին շենքը վերածվելու է հյուրանոցի:

Այժմ շինաշխատանքներ են իրականացվում, ավելանալու է եւս մեկ հարկ: Կառուցապատողը «ԿԱՄ Դեվելոփմենթս» ընկերությունն է, իսկ կապալառուն՝ «Առ Արտ» ընկերությունը:

Ըստ Երեւանի քաղաքապետարանի՝ Լեոյի 54 հասցեում «ԿԱՄ Դեվելոփմենթս» ընկերությունը շինարարություն իրականացնելու թույլտվություն ստացել է անցած տարվա օգոստոսին Հայկ Մարությանի կողմից:  «Առ Արտ» ընկերությունը ստեղծվել է 2013-ին, հիմնադիրն է Անժելա Առաքելյանը:

Ի դեպ, խոսքն այն շենքի մասին է, որը վաճառվել է անմիջապես հեղափոխությունից հետո` 2018 թվականի մայիսին. ենթադրվում է, որ այս գործարքի հեղինակները օգտվել են երկրում տիրող խառը վիճակից:

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունը պարզել էր, որ Երեւանի կենտրոնում գտնվող այս շենքը ՀՀ կառավարությունը վաճառել է իրական գնից 3 անգամ ցածր գնով:

Շենքը 2016 թվականին, ինչ-որ մասնավոր ընկերության կեղծ եզրակացության հիման վրա, գնահատվել է 515 մլն 890 հազար դրամ, բայց 2018 թվականի մայիսի 17-ին շենքն օտարվել է ընդամենը 360 մլն 620 հազար դրամով, իբր, անցկացված մրցույթի արդյունքում: Այնուհետեւ դատախազությունը պարզել է, որ շենքի իրական արժեքը ոչ թե 515 մլն 890 հազար դրամ է, այլ 850 մլն:

Կոնդի բնակիչներից մեկը ArmLur.am-ին փոխանցեց, որ այդ տարածքում հյուրանոց կառուցում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար, Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը: Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունը փորձեց ճշտել Արման Սահակյանից, սակայն վերջինս ողջ օրվա ընթացքում այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Բայց սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ Լեոյի 54 հասցեում իրականացվող շինաշխատանքների հետեւանքով հարեւանությամբ գտնվող շենքը փլուզվում է:

«Ժողովուրդ» օրաթերթին է դիմել նկարիչների, թատերագետների միությունների անդամ, նկարիչ, մանկավարժ Եվա Գեւորգյանը: Պարզվում է՝ հյուրանոցի կառուցման համար հսկայական փոս է փորվում, որը հասել է արդեն 200-ամյա շենքիհիմքին: «Ծառերը կտրեցին, ցայտաղբյուրը վերացրին,անգամ իմ տան մուտքն են փակել, ի՞նչ իրավունքով: Մտել են իմ տարածք:

Դա իմ արվեստանոցն է, որտեղ ես աշխատում էի մինչեւ այդ շինաշխատանքները, հեռավորությունը չեն պահել ու դեռ փորում են.մինչեւ երբ կամ որտեղ են փորելու, հայտնի չէ: Քանդվում է տունը, պատերը ներսից ճաքել են, պատերը դղրդում են ներսում քայլելիս. այնքան խորն են փորելու այնքան մոտիկ, որ հողը սկսել է սահել»,- իրավիճակը ներկայացրեց Եվա Գեւորգյանը: Մեր զրուցակիցը այս խնդրի շուրջ դիմել է Երեւանի քաղաքապետարան, սակայն անարձագանք:

Կառուցապատող ընկերությունը՝ «Առ Արտ» ընկերությունը, շարունակում է փոսի փորման աշխատանքները: Սա արձանագրել է նաեւ

Ի դեպ, տեղեկացնենք, որ այս խնդրի շուրջ Կոնդի բնակիչներն այսօր հավաքվելու են՝ բողոքի ակցիա իրականացնելու:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս