ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՆՈՒՄ Է ԿԱՐԴԻՆԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելուց հետո իշխանության թիվ մեկ խնդիրը նոր ընտրական օրենսգրքի ընդունումն է` ինչը հնարավորություն կտա իշխող ՀՀԿ-ին ապահովել իր անխոչընդոտ վերարտադրությունը: «Ժողովուրդ»-ն արդեն գրել է, որ ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի մշակումը հանձնարարված է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին, ով արդեն հասցրել է հանդիպել տաբեր խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Սակայն ուշագրավ է, որ ընտրական օրենսգրքի մշակման համար համապատասխան հանձնաժողով չի կազմավորվելու, քանի որ իշխող Հանրապետականը չի ցանկանում այլոց կարծիքը հաշվի առնել, ինչը բազում հարցերի տեղիք է տալիս:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ:
-Պարո՛ն Նիկոյան, հայտնի է, որ ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի մշակման գործը իշխանությունները հանձնարարել են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին եւ մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին, կարծես թե, խոսք չի գնում: Ի՞նչ տեսակետ ունեք այս առնչությամբ: Արդյո՞ք ճիշտ է, որ նման կարեւորագույն փաստաթղթի նախագիծը մշակի մեկ հոգի, եւ ոչ թե տարբեր մասնագետներից եւ ուժերից բաղկացած աշխատանքային խումբը:
-Օրենսդրական նախաձեռնության իրավունքը սահմանադրությամբ տրված է կառավարությանը եւ Ազգային ժողովի պատգամավորներին: Շատ մարդիկ, իրավասու, կարող ուժեր կարող են այդ պրոցեսին մասնակցություն ունենալ: Մինչեւ հիմա ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնությունը եղել է պառլամենտում: Պառլամենտում կազմվել է աշխատանքային խումբ, որի մեջ ներառվել են նաեւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, եւ աշխատանքները այդպես են տարվել: Բայց կարող է այդ առաջարկը անել նաեւ կառավարությունը, որին նորմալ պետք է վերաբերել: Բոլորն էլ կարող են ունենալ ազդեցություն` մասնակցելով քննարկումներին` իրենց տեսակետներով, փորձով, գիտելիքներով, բայց օրենսդրական նախաձեռնության իրավունքը կառավարությանն ու պատգամավորինն է:
Ամեն դեպքում, ով էլ լինի օրենսդրական նախաձեռնության իրականացնողը, պառլամենտը պետք է դա ամբողջությամբ, լիագումար նիստով, իր ծավալով ուսումնասիրի, քննարկի փոփոխություններ առաջարկի: Որովհետեւ պառլամենտը քաղաքական մարմին է, եւ անհրաժեշտություն կա, որ քաղաքական ուժերը գան համագործակցության: Պառլամետն ամբողջությամբ եւ պառլամենտում եղած ուժերը ներգրավված կլինեն պրոցեսին:
-Իսկ ինչո՞ւ այս անգամ էլ, ինչպես եղել է մինչ այս, չի կազմվում համապատասխան աշխատանքային խումբ կամ հանձնաժողով, որի կազմում ներգրավված կլինեն նաեւ արտախորհրդարանական ուժեր:
-Մինչեւ հիմա բոլոր քննարկումներին նրանք մասնակցություն ունեցել են, իրենց տեսակետները հայտնել են: Պառլամենտական քննարկման ամբողջ փուլում, դա լինի հանձնաժողովում, լինի լիագումար նիստերում, նրանք կարող են իրենց տեսակետները հայտնել: Եւս կարելի է կիրառել այդ հնարավորությունը, եւ դրանով ընտրական օրենսգիրքը ավելի լավը կարող է լինել:
-Պարո՛ն Նիկոյան, ինչպիսին են անձամբ Ձեր պատկերացումները կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ, ինչպիսի փոփոխություններ են անհրաժեշտ, որոնք հնարավոր կդարձնեն ընտրական գործընթացի թափանցիկությունն ու արժանահավատությունը:
-Բոլոր այն փոփոխությունները, որոնք մինչեւ այժմ իրականացվել են` նկատի ունենալով ընտրական պրոցեսի վերահսկելիության, օրինականելիության, օրենքներին համապատասխանեցնելու տեսակետից, իհարկե, լուրջ աշխատանքներ են արվել: Ընտրական օրենսգիրքն իր մեջ ունի լուրջ փոփոխությունների կարիք: Խոսքը վերաբերում է համամասնական ընտրակարգին անցմանը: Դա իր մեջ բերում է քվեարկության որոշակի ձեւի փոփոխություն: Իշխանությունները փորձ են անում գնալ եւ իրականացնել կարդինալ, սկզբունքային փոփոխություններ:
-ՀՀԿ-ն արդեն որոշե՞լ է համամասնական ընտրացուցակի կազմման մեթոդը եւ ըստ այդ ցուցակի խորհրդարան անցնելու ձեւը:
-Խոսում եք գործնական կիրառման մասին, բայց օրենսգիրքը որպես այդպիսին դեռեւս չկա: Նախ պետք է նախագիծը լինի, նախագիծը պետք է դառնա օրենք, հետո նոր փորձի որեւէ կուսակցություն, այդ թվում ՀՀԿ-ն, այդ օրենքով գնալ դեպի ընտրություններ:
-Տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ հայտարարում են, որ համամասնական ընտրական համակարգը լինելու է ռեյտինգային: Ի՞նչ է սա նշանակում: Ռեյտինգային պատգամավոր ասելով ի՞նչ կարող ենք հասկանալ:
-Զուտ համամասնական ընտրակարգ լինելու դեպքում որեւիցե ընտրատարածքում, որեւիցե կուսակցություն ինչ-որ դեմքերով պետք է հանդես գա: Բնականաբար, ընտրատարածքային թիվը կնվազի, որտեղից որ անպայմանորեն պատգամավոր է ընտրվում: Հիմա այսքանով սահմանափակվենք, լավ կլինի նախագիծը լինի, նոր այս հարցին կանդրադառնանք:

 

 

 

 

ՀՀԿ-Ն ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ՝ ՈՒՄ ԶՈՀԱԲԵՐԵԼ. ԼԱՐՎԱԾ ՆԻՍՏ

Իշխող Հանրապետական կուսակցությունում երեկ երեկոյան լարված մթնոլորտ էր: 4 ժամ շարունակ հանրապետականները չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ՝ ինչ անել առաջիկայում: ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հետ կոալիցիան հիմա՞ կազմել, թե՞ 2017-ի ընտրություններից հետո: ՀՅԴ-ն կարծես թե շտապում է:

Նշենք, որ ՀՀԿ ԳՄ նիստը սկսվեց սովորականի պես՝ 20:00-ին, եւ շարունակվեց մինչեւ 24:00-ն: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հանրապետական վերնախավը զայրացած քննարկել է ՀՅԴ-ի պահվածքը, երբ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարեց, թե սկզբունքորեն կոալիցիայի մասին պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել: Այդ քայլով ՀՅԴ-ն ջանաց փաստի առաջ կանգնեցնել ՀՀԿ-ին, որպեսզի իշխող կոալիցիան ձեւավորվի մինչեւ 2017 թվականը: Սակայն ՀՀԿ-ն դեռ սեթեւեթում է: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա նրանք ՀՀԿ-ում ունեն իրենց փաստացի առաջնորդին՝ ի դեմս վարչապետ Հովիկ Աբրահամյանի, դրա համար էլ հանգիստ սպասում են, թե երբ ինչ նախարար ու մարզպետ կտան:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պաշտոնների հարցն է, որ ՀՀԿ-ն չի կարողանում կողմնորոշվել՝ որ նախարարին զոհաբերի հանուն կոալիցիայի, ում պահի, որ մարզպետին պաշտոնանկ անի, որին ոչ: Երեկվա դրությամբ միայն հայտնի էր, որ ՀՅԴ-ին տրվելու է երկու նախարարի եւ երկու մարզպետի պորտֆելներ:
Սակայն դեռ բազում հարցեր կան քննարկելու եւ լուծելու, դրա համար էլ երեկ երեկոյան կայացած ՀՀԿ ԳՄ նիստը անպտուղ ավարտ ունեցավ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ նիստում քննարկվել են նաեւ գործընկերների հետ հարաբերությունների հարցերը: Անդրադառնալով հնարավոր կոալիցիային՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի հետ` Մինասյանը հայտարարեց. «Վերջնական լուծումներ այստեղ դեռ չկան: Առաջիկա քննարկումները ցույց կտան, թե ինչպիսի ֆորմատով կլինի», – հայտնեց նա: Պատգամավորի խոսքով` համագործակցության շատ ֆորմատներ կան, եւ թե ինչ կլինի, պարզ կդառնա ապագայում: ՀՀԿ-ն միշտ կողմ է եղել համագործակցության: Կլինի կոալիցիա կամ այլ ձեւաչափ, այս պահին չեմ կարող ասել»:
Հավելենք, որ ՀՅԴ-ն նպատակադրվել է մինչեւ 2017-ի խորհրդարանական ընտրությունները իշխանության մեջ մասնաբաժին ունենալ, որպեսզի ընտրություններին հնարավորություն ունենան քվե ապահովել: Նույն իրավիճակն է նաեւ ԲՀԿ-ում: Եթե այս ուժերն իշխանական ռեսուրս չունենան, դժվար թե կարողանան մանդատներ ստանալ ապագա խորհրդարանում: Ու քանի որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը դեռ սահմանադրական փոփոխություններից առաջ էր նրանց խոստացել մասնաբաժին տալ իշխանական կերակրատաշտից, ուստի հիմա ժամանակն է կատարել խոստումը: Թե չէ՝ սիրուն չի ստացվի:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրամանով սահմանել է 2016 թվականի ընթացքում հանրապետության ջրային տարածքներում որսի չափաքանակները: Ըստ այդ հրամանի՝ ՀՀ ջրային տարածքներում 2016 թվականի ընթացքում կսահմանվի որսի հետեւյալ չափաքանակները՝ կարաս եւ ծածան՝ մինչեւ 100 տոննա, խեցգետին` մինչեւ 3 հազար 600 տոննա: Միաժամանակ, նախարարը բնապահպանական պետական տեսչության պետին հրահանգել է սահմանված կարգով իրականացնել ջրային տարածքներում արդյունագործական ձկնորսության նկատմամբ վերահսկողություն: Ավելին՝ վերահսկողությունը կուժեղացվի իշխանի, կողակի եւ սիգի ապoրինի որսի ու վաճառքի կանխարգելման ուղղությամբ` համագործակցելով իրավապահ մարմինների հետ: Հետաքրքիր է, թե ինչպես է որոշվելու որսված ձկնատեսակը եւ ինչպես է հաշվարկվելու ուռկանն ընկած որսի չափաքանակը: «Ժողովուրդ»-ի այս հարցին բնապահպանության նախարարությունից հայտնեցին. «Կարասի, ծածանի որսի թույլտվության պայմանը հետեւյալն է՝ ափից որսը պետք է 500 մետր հեռու լինի, որտեղ իշխան չի լինում: Իսկ խեցգետնաորսիչն այլ կառուցվածք ունի, որտեղ իշխանը բացառվում է, որ կհայտնվի»: Սիգի մասին ոչ մի խոսք:

 

ԱՃՈՒՐԴՈՎ ԿՈՆՅԱԿ
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել հայկական արտադրության կոնյակներ: Ըստ հայտարարության՝ կոնյակները Արարատի մարզում են: Աճուրդի են հանվել կես լիտր ծավալով երեք տարվա հնությամբ «Աշտարակ» տեսակի կոնյակներ, որոնք ակցիզավորվել են 2008 թվականին: Ի դեպ, էլեկտրոնային աճուրդից հետո գնորդը պետք է վերաակցիզավորի կոնյակները, որոնք 4 հազար 700 հատ են եւ վաճառվում են մեկ ամբողջական լոտով՝ մոտ 5 մլն դրամով: ԴԱՀԿ-ն վաճառում է նաեւ 1 հազար 600 հատ 5 տարեկան կես լիտրանոց «Աշտարակ» կոնյակներ, որոնք նույնպես 2008 թվականին են ակցիզավորվել: Այս լոտի նախնական արժեքն է 2 մլն 160 հազար դրամ:

 

ԴԻՆԱՄԻԿԱՆ ՉՓՈԽՎԵՑ
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ անցած տարվա ողջ ընթացքում հացի արտադրության անկման դինամիկան այդպես էլ չփոխվեց: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հացի արտադրության ծավալները նվազել են 2 տոկոսով: Նկատենք, որ վերը նշված ցուցանիշը պահպանվել է անցած տարվա ողջ ընթացքում: Հացի արտադրության ծավալների անկումը ուշագրավ է ոչ միայն տնտեսական այլ նաեւ ժողովրդագրության տեսանկյունից: Հացն այն բացառիկ սննդատեսակն է, որի սպառման ծավալների նվազումը ուղղակի ենթադրում է բնակչության թվաքանակի պակասում, կամ այլ կերպ ասած արտագաղթի հետեւանքների արտահայտությունն է:




Լրահոս