ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԴԵՂ ՉԵՆ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը պարբերաբար դժգոհություններ է ստանում պետպատվերի շրջանակներում ձեռք բերվող կամ մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի տրամադրման գործընթացից: Արդեն առիթ ունեցել ենք ներկայացնելու այդ բողոքներից մի քանիսը եւ դրանց հետ կապված պարզաբանումները: Սակայն այս խնդրի հետ կապված դժգոհությունները բազմաթիվ են, եւ այդպես էլ հստակ չի դառնում, թե, ի վերջո, ո՞վ է վերահսկում դեղերի տրամադրման թափանցիկությունը:

«Ժողովուրդ»-ին ահազանգած քաղաքացիների պատմելով՝ պոլիկլինիկաների աշխատակիցները պետպատվերով տրամադրվելիք դեղերը կամայական են բաժանում. հենց իրենք են որոշում, որ քաղաքացուն երբ կամ որքան տալ, եւ, առհասարակ, տալ կամ չտալ: Նշենք, որ գոյություն ունի առողջապահության նախարարի հաստատած հիմնական դեղերի ցանկ: Մրցույթը հայտարարելու, դեղեր ձեռք բերելու եւ տրամադրելու առումով պոլիկլինիկաներին ինքնուրույնություն է տրված: Ամեն պոլիկլինիկա ըստ իր մոտ հաշվառված հիվանդների թվի է առաջնորդվում այդ գործընթացում:
Ի դեպ, դեղերի ցանկը հաստատվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից, սակայն բաշխման եւ այդ գործընթացի իրագործման վերահսկողությունը իրականացնում են մարզպետարանները, Երեւանի քաղաքապետարանը: Իրականում, սակայն, պոլիկլինիկաներն են որոշում, թե ինչպես տնօրինեն դեղորայքի համար նախատեսված գումարները: «Ժողովուրդ»-ի ստացած դժգոհությունների մեծ մասը վերաբերում է հենց այն դեպքերին, երբ պոլիկլինիկայի աշխատակիցները շատ հաճախ հրաժարվում են տրամադրել պետպատվերի ցանկում տեղ գտած դեղերը եւ քաղաքացուն կոպիտ անտարբերությամբ պատասխանում, որ դեղ չկա: Իսկ երբեմն էլ պոլիկլինիկաների տնօրեններն արդարանում են, թե իբր գումար չկա, ֆինանսական միջոցները բավարար չեն, որպեսզի դեղեր գնեն: Բացի այս՝ կա եւս մեկ խնդիր. երբեմն պետպատվերով դեղերի ցանկում տեղ գտած որոշ դեղերի մի մասն ընդհանրապես չի հատկացվում թանկ գնի պատճառով:
Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը այս անգամ դժգոհություններ է ստացել Էրեբունի վարչական շրջանի բնակիչներից: Խնդիրը կապված է «Նոր Արեշ» պոլիկլինիկայի հետ, որի տնօրեն Ասյա Սեդրակյանը, ի դեպ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի դուստրն է: «Ժողովուրդ»-ին դժգոհած քաղաքացիների (հիմնականում 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամներն են բողոքում) պատմելով՝ իրենք «Նոր Արեշ» պոլիկլինիկայից չեն կարողանում անվճար տարբերակով ստանալ «Կալցեմին Ադվանս» դեղամիջոցը: Իսկ երբ գնում են պոլիկլինիկա, աշխատակիցները անտարբեր փոխանցում են, թե «դեղ դեռ չկա, տենդեր ենք հայտարարելու, հնարավոր է չլինի»: Նշենք, որ այս պրեպարատը պարունակում է վիտամիններ, մակրո/միկրոէլեմենտներ եւ վերականգնում է օրգանիզմում դրանց դեֆիցիտը: Այն բուժման նպատակով կիրառվում է օստեոպարոզի ժամանակ, մեծացնում է ոսկրային հյուսվածքի ամրությունը, ինչը 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամներին անհրաժեշտ է:
Հավելենք, որ ՀՀ կառավարության N 1717-Ն որոշման համաձայն՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեն նաեւ 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներ, հաշմանդամ երեխաներ (մինչեւ 18 տարեկան) եւ այլն:
Ինչո՞ւ է «Նոր Արեշ» պոլիկլինիկայի տնօրինությունը այս կերպ վարվում քաղաքացիների հետ: Այս հարցին պատասխան ստանալու նպատակով կապ հաստատեցինք պոլիկլինիկայի թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Մարինե Պետրոսյանի հետ, ով ասաց. «Գոյություն ունի առողջապահության նախարարի կողմից հաստատված հիմնական դեղերի ցանկ, եւ պոլիկլինիկան տրամադրում է այդտեղ ներառված դեղամիջոցները: Իսկ «Կալցեմին Ադվանս» դեղամիջոցը առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ հիմնական դեղերի ցանկից դուրս է: Եւ պոլիկլինիկան պարտավոր չէ այն տրամադրել բնակիչներին»:
Մենք Մ. Պետրոսյանին փոխանցեցինք քաղաքացիների պնդումները, որ իրենք մշտապես պոլիկլինիկայից անվճար ստացել են «Կալցեմին Ադվանս»-ը: Ի պատասխան՝ վերջինս ասաց. «Ընդհանրապես պոլիկլինիկան բնակիչներին անվճար տրամադրում է հիմնական դեղերի ցանկում գտնվող տեսականին: Ինքը թանկարժեք դեղամիջոց է, ցանկից դուրս է, եւ որպես բացառություն մենք կարող ենք այն դուրս գրել պայմանագրային դեղատնից, երբ արդեն տենդերային գործընթացը ավարտված լինի, ու պայմանագրային դեղատան հետ կունենանք բացառության կարգով պայմանագիր: Միշտ, երբ տարին սկսում ենք, տենդեր ենք հայտարարում, հաղթող ընկերության հետ պայմանագիր ենք կնքում, հետո կարողանում ենք դեղորայք դուրս գրել: Հիմա մենք այդ տենդերի գործընթացում ենք: Այս պահին մենք դեղ չենք տալիս: Եւ դեռեւս անորոշ է՝ մինչեւ տենդերը ավարտվելը «Կալցեմին Ադվանս» կլինի՞, թե՞ ոչ»:
Ստացվում է, որ մեր բուժհաստատություններում տենդերի գծով պատասխանատու անձինք այդքան էլ կազմակերպված, համակարգված չեն աշխատում, ինչի արդյունքում տուժում է քաղաքացին: Այսինքն՝ այսօր հունվարի 22-ն է, բայց «Նոր Արեշ» պոլիկլինիկայի ղեկավարությունը դեռեւս գտնվում է տենդեր հայտարարելու փուլում: Եւ եթե նման պատկեր է մայրաքաղաքում, ապա դժվար չէ պատկերացնել, թե տենդերների գործընթացները, առավելեւս դեղերի անվճար տրամադրումն ինչպես է ընթանում մարզերի պոլիկլինիկաներում:
«Ժողովուրդ»-ի հարցին՝ ինչու նախապես չի կազմակերպվում տենդերը, որպեսզի քաղաքացիները նման իրավիճակներում չհայտնվեն, թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Պետրոսյանը պատասխանեց. «Սովորաբար տենդերի գործընթացը կազմակերպվում է տարեսկզբին»:
Վերջում հավելենք, որ երեւանյան դեղատներում «Կալցեմին Ադվանս»-ը վաճառվում է մոտ 9 հազար դրամով, եւ դժվար չէ պատկերացնել, թե որքան դժվար է 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամների համար գնել այդ դեղամիջոցը, երբ ունեն լուծելու հացի խնդիր:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ԴԱՍԵՐԸ ԿՎԵՐՍԿՍԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՑ

Երեկ ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես է եկել առաջարկով՝ պայմանավորված սուր շնչառական հիվանդությունների տարածմամբ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանրապետության վարչապետին ներկայացրել է, որ վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների եւ գրիպի մշտադիտարկման արդյունքներով իրավիճակը կայուն է:

Ըստ ԱՆ-ի՝ արձանագրվել է ծանր դեպքերի նվազում, շարունակվել են կանխարգելիչ եւ բուժական գործողությունները: Սակայն հաշվի առնելով վարակի տարածման գործում լայնածավալ շփումների սահմանափակման կանխարգելիչ մեծ նշանակությունը` ՀՀ վարչապետի հանձնարարությամբ առողջապահության նախարարությունը ՀՀ կրթության եւ գիտության, տարածքային եւ արտակարգ իրավիճակների նախարարություններին, Երեւանի քաղաքապետարանին առաջարկել է կայունացման միտումը պահպանելու նպատակով եւս մեկ շաբաթով երկարաձգել հանրակրթական, նախնական եւ միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ձմեռային արձակուրդները: Ի դեպ, շաբաթ եւ կիրակի օրերին պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում հերթապահություններ կսահմանվեն:
Առողջապահության նախարարության առաջարկին ի պատասխան՝ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով հայտնեց, որ եւս 1 շաբաթով կերկարաձգվեն ձմեռային արձակուրդները: «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի հանձնարարականը, հաշվի առնելով առողջապահության նախարարի միջնորդությունը՝ հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական եւ միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն: Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից: Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաեւ ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով: Սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա: Տեղեկացնեմ նաեւ, որ բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ուսումնական տարվա ավարտը»,- հայտարարել է նախարարը:

 

 

 
ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունից հունվարի 18-ի դրությամբ արտահանվել է 1313 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 539 տոննայի դիմաց: Այդ թվում` արտահանվել է 259 տոննա վարունգ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0 տոննայի դիմաց, 197 տոննա լոլիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տոննայի դիմաց, 294 տոննա կարտոֆիլ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6 տոննայի դիմաց, 76 տոննա կանաչի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 32 տոննայի դիմաց: Այս ընթացքում հանրապետությունից արտահանվել է նաեւ 184 տոննա խնձոր` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3 տոննայի դիմաց, 135 տոննա խաղող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 116 տոննայի դիմաց: Հայկական թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Շվեյցարիա:

 

ԶԱՅՐԱՑԱԾ ԵՆ
Երեկ՝ վաղ առավոտվանից լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ Արարատի մարզի Գինեվետ գյուղում. բնակիչները հավաքվել են գյուղապետարանի մոտ եւ բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ «գյուղի էլեկտրիկի»: Բնակիչների պատմելով «գյուղի էլեկտրիկը» իրենցից պահանջել է վճարել 2002 թվականի սպառած էլեկտրաէներգիայի վարձավճարները: Սակայն գյուղացիները պնդում են, որ իրենք կանոնավոր վճարել են էլէներգիայի վարձավճարները եւ անգամ մեկ օր չեն ուշացրել: Գինեվետ համայնքի ղեկավար Միսակ Սանթոյանը բնակիչներին խոստացել է զբաղվել այս խնդրով: Ավելին նա գրությամբ դիմել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ի դեպ, հարցը չլուծելու դեպքում բնակիչները մտադիր են մոմերով երթ իրականացնել դեպի Երեւան:

 

ՆՈՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հունվարի 20-ին հանդիպել է ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ: Կողմերն ընդգծել են կենդանիների սուր վարակիչ հիվանդությունների տարածման դեմ պայքարի հարցում ջանքերը համախմբելու անհրաժեշտությունը: Մասնավորապես՝ այս նպատակով Դաշնային ծառայության ենթակայության տակ գտնվող Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնը ՀՀ-ի պատվերով առաջիկայում կարտադրի կենդանիների դաբաղ հիվանդության կանխարգելմանն ուղղված պատվաստանյութ, որը կպարունակի նաեւ դաբաղի վիրուսի դեմ պայքարող նոր՝ AG-VII շճատեսակ: Իսկ այս շճատեսակի առկայությունն այսօր արդիական խնդիր է Հայաստանի համար, քանի որ հարեւան երկրներում՝ Իրանում եւ Թուրքիայում, վերջերս պարբերաբար գրանցվել են դաբաղ հիվանդության դեպքեր: Մինչեւ այսօր հանրապետությունում օգտագործվող պատվաստանյութը հնարավորություն չէր ընձեռում կենդանիների մոտ ստանալ պատշաճ վարակամերժություն:




Լրահոս