ԱՐԱՄԻ 30 ՀԱՍՑԵԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԵՆՔԸ` «ԳՆԴԱՍԵՂԻ ԾԱՅՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի վերջին պատմական շենքերից մեկն այլեւս հիշողություն է: Արամի 30 հասցեում գտնվող մոտ երկու դար ապրած կարմիր տուֆից շենքը ոչնչացվեց մի գիշերվա ընթացքում: Երեւանի քաղաքապետարանից պարզաբանեցին, որ շենքը քանդվել է Արամի եւ Աբովյան փողոցների քննարկվող հատվածների մայթերը ընդլայնելու նպատակով: Տարածքի քաղաքաշինական ծրագիրը նախագծող, ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը, ով նաեւ Երեւանի Հյուսիսային պողոտայի հեղինակներից է, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ եթե Արամի 30 հասցեի շենքը հուշարձան լիներ` իրենք ստիպված կշրջանցեին այն, «ինչ-որ բան կհնարեին»:

-Պարո՛ն Ալեքսանյան, Ձեր վերջին ասուլիսի ժամանակ նշել եք, որ Արամի 30 հասցեում գտնվող շենքը պատմամշակութային արժեք չուներ եւ այն երբեք հուշարձան չի եղել: Հետաքրքիր է` ըստ Ձեզ` ինչպե՞ս է որոշվում` որ շենքն է արժեքավոր եւ որը` ոչ. դա ամրագրվում է միայն փաստաթղթերո՞վ, այլ չափանիշներ չկա՞ն:
-Կան հատուկ ատյաններ, որոնք որոշում են, այդ ատյաններից է մշակույթի նախարարությունը` իր համապատասխան բաժիններով:
-Իսկ եթե այն ապահովում է Հին Երեւանի կոլորի՞տը:
-Եթե շենքը դառնում է մեր կոլորիտի մի մասը, պարտադիր չի, որ դրա արժեքը ամրագրված լինի, այն կարող է եւ պահպանվել, բայց խոսքը հետեւյալին է վերաբերում. ինքնանպատա՞կ է պահպանելը, թե՞ քաղաքս քաղաք պետք է սարքենք: Թամանյանը հրապարակը սարքեց, իսկ մենք ուզում ենք «թեթեւացնել» տրանսպորտը, լայնացնել Արամի փողոցը եւ հեռացնել թանգարանի (նկատի ունի` Ազգային պատկերասրահի) պատից: Մայթը պետք է լայնացնենք, քանի որ այն սահմանափակ շարժումներով մարդկանց համար հարմար չէ, շատ վատ վիճակում է… Հրապարակը պետք է վերակառուցենք… Իսկ այդ շենքը (նկատի ունի Արամի 30 հասցեի՝ արդեն նախկին շինությունը) փոքրիկ ասեղիկ է, գնդասեղի ծայր է, որը խոչընդոտում է եւ պետք է ապամոնտաժվի: Այն ոչ հուշարձան է, ոչ էլ գեղագիտական «հնչողություն» ունի: Այսօր մենք հրապարկն ենք դրել վտանգի տակ: Պետք է հրապարակը կարողանանք վերակառուցել: Ձեզ դո՞ւր էր գալիս, որ մի ամիս առաջ տոնածառը դրել էինք հրապարակի կենտրոնում, եւ ոչ մի երեխա այդպես էլ չմոտեցավ տոնածառին, այն ո՞ւմ համար էինք այդտեղ դրել. ավտոմեքենաների համա՞ր, որ շուրջպար բռնեն: Մատաղ սերնդին այդպե՞ս ենք մեծացնում: Տոնածառը պետք է լինի երեխաներով շրջապատված:
-Բայց այդ մատաղ սերունդը կանգնած է սեփական քաղաքի հիշողությունը կորցնելու վտանգի առջեւ: Այս պարագայում տոնածառի գաղափարն ավելի՞ եք կարեւորում:
-Երեխաների՛ գաղափարն է կարեւոր, ոչ թե տոնածառի, ես օրինակ եմ բերում… Իմ ապագան է ինձ համար կարեւոր. երեխաները մեր ապագան են:
-Իսկ Ձեր նշած խնդիրները լուծելու այլընտրանքային տարբերակներ չկայի՞ն:
-Այլընտրանք չկա. շենքը գտնվում էր տրանսպորտային հանգույցում. այլընտրանքը ո՞րն է:
-Նշել եք, որ ոչ մի անհատական շենք մեծ միջավայրում չի կարող ապրել. նրան իրեն հարազատ միջավայր է պետք: Գուցե մե՞նք պետք է հարմարվենք դրանց միջավայրին, ոչ թե շենքերի ճակատագիրը համապատասխանեցնենք մեր հարմարություններին:
-Ես դարձյալ շեշտում եմ, որ նման առանձին շենքերը երկար կյանք չունեն, կարող են գոյատեւել, բայց դա շենքը պահպանելու վատագույն տարբերակն է… Ես նորից եմ ասում` մենք քաղաք ենք սարքում, որտեղով պետք է տանենք կոմունիկացիաներ, եւ պետք է լայնացնենք ավտոճանապարհը, մայթը… Որ ասեմ` այդ շենքը հուշարձան էր, հուշարձան չէր… Որ հուշարձան լիներ, ստիպված կշրջանցեինք, ինչ-որ բան կհնարեինք… Այդպես չի, էլի, քաղաքն այդպես չեն կառուցում: Հյուսիսային պողոտան բերել, դեմ ենք արել մի քոսոտ, նեղլիկ մայթի, ավտոմեքենաները Աբովյան փողոցի հաշվին մտել են մայթի տարածք…
-«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը տարածել էր հայտարարություն, որտեղ ասված էր. «Արամի 30-ի քանդումը, որը կրկին գլխավորեցին Երեւան քաղաքի հետ ծնունդով եւ հոգով որեւէ կապ չունեցող անձինք, ճանապարհ է բացում դեպի Ազգային պատկերասրահ»: Քաղաքացիները մտահոգված են, որ հաջորդ «թիրախը» կարող է դառնալ հենց պատկերասրահը: Ի՞նչ կասեք:
-Պատկերասրահի շենքի վերաբերյալ ես ունեմ իմ անձնական կարծիքը. այն պետք է պահպանել եւ թմբուկը վերակառուցել: Կարծում եմ` ամեն ինչ քանդելով չէ, որ պետք է սարքենք:

 

 

 
ՋՈՒՍԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է «ՇՈԿԱՀԱՐԵԼ» ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

Էպատաժային երգչուհի Ջուսը երկրպագուներին խոստանում է, որ 2016-ը սկանդալային տարի է լինելու: Նա արդեն աշխատում է այս տարի թողարկվելիք առաջին տեսահոլովակի վրա:

«No fashion» անունը կրող երգը (հեղինակ` Գուժ), որի հիման վրա կնկարահանվի հոլովակը, մարտահրավեր է նախկին «Pop հանրագիտարան» հաղորդման մրցանակաբաշխության կազմակերպիչներին. «Դեռեւս 2012-ին այդ հաղորդման մրցանակաբաշխության ժամանակ ինձ տվեցին «No fashion» մրցանակը, ես այդ պահին զայրացա եւ որոշեցի այնպիսի տեսահոլովակ նկարահանել, որտեղ ցույց կտանք նորաձեւության հետեւից ընկնելու արդյունքում առաջ եկող չարաշահումները` փքված շուրթեր, մարմնի այլ հատվածներ եւ այլն… Խոստանում եմ, որ տեսահոլովակը կլինի սկանդալային. այլ մանրամասներ դեռ չեմ հայտնի, միայն կասեմ, որ հանրությունն ինձ այդ ոճում չի տեսել»,-«Ժողովուրդ»-ին պատմեց երգչուհին` հավելելով, որ տեսահոլովակը կթողարկվի գարնանը, դրա հիմնական հերոսների ընտրության համար արդեն հայտարարվել է քասթինգ:
Ջուսի անակնկալները, սակայն, այդքանով չեն սահմանափակվում: Նա տեղեկացրեց, որ մտադիր է սեպտեմբերին թողարկել մեկ այլ տեսահոլովակ, որը, ինչպես ինքն է նշում, կցնցի երկրպագուներին. «Ծայրահեղությունից ծայրահեղություն եմ գնում. այս անգամ էլ հանդես կգամ բոլորովին այլ ոճում, մարդիկ կարող է «շոկահարվեն»… Մեկ-մեկ մտածում եմ` այս ի՜նչ եմ անում… Մի խոսքով` այս տարի կլինի երկրպագուների զարմանքի տարի»,-ծիծաղելով ասաց նա:
Մենք երգչուհուց հետաքրքրվեցինք նաեւ նրա անձնական կյանքից եւ հարցրինք` արդյոք կարգավիճակում փոփոխություն կատարելու ժամանակը չէ. «Ինձ թվում է` ժամանակն արդեն անցավ… (ծիծաղում է): Ես արդեն զգում եմ, որ դա ուզում եմ, բայց դեռ չեմ գտնում նրան, ով ինձ կերջանկացնի: Ես նման եմ ռենտգեն-ապարատի. նայում եմ տղամարդուն եւ արդեն գիտեմ` նա ինձ համար է, թե ոչ: Շատ կատեգորիկ եմ այդ հարցում, կամակորություններ ունեմ, ուզում եմ, որ ինձ վերաբերվեն թագուհու պես, որ ինձ նվաճեն, իսկ տղամարդիկ նվաճելու մասին մոռացել են, նրանք ուզում են` գնանք սրճարան ու այնտեղից միանգամից` անկողին. այդպես չի լինում, նվաճել է պետք…»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ԵՐԳՈՎ
Հայտնի ուկրաինացի երգչուհի Անաստասիա Պրիխոդկոն, ով «Եվրատեսիլ»-ին մասնակցության մրցույթում հանդես է գալիս Ուկրաինայում լայն ճանաչում ձեռք բերած հայ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի նոր` «Free now» երգով, անցել է երկրորդ փակ լսումները: Անաստասիա Պրիխոդկոյի պրոդյուսեր Վիտալի Պաստուխը գրել է, որ երգը շատ է դուր եկել Կոնստանտին Մելաձեին եւ ժյուրիի մյուս անդամներին:
Հիշեցնենք, որ երգի մեջ հնչում է հայկական բլուլ, որը նվագել է Հայաստանի լավագույն բլուլահարներից մեկը` Ավագ Մարգարյանը: Երգի խոսքերի հեղինակն է հայտնի ուկրաինացի գրող Նիկոլայ Բրովչենկոն, գործիքավորումը կատարել է Դավիթ Դավթյանը: Երգի մեջ ձայնակցել են Նելլի Պողոսյանը, Լաուրա Տիգրանյանը եւ Էրիկը: Ձայնագրման աշխատանքների մի մասը կատարվել է Կիեւում, մյուս մասը՝ Երեւանում, որոշ աշխատանքներ էլ` Եվրոպայում:

 

ԿՐԿԻՆ ՄԻԱՍԻՆ
Շվեդական ABBA հանրահայտ խմբի անդամները վերջին 8 տարվա մեջ առաջին անգամ կրկին միասին են։ Նրանց վերջին համատեղ համերգը կայացել է 1980-ին, իսկ վերջին անգամ խումբը միավորվել է 2008-ին` Mama Mia ֆիլմի պրեմիերայի ժամանակ: Եվ, ահա, երաժշտական խմբի անդամները կրկին միասին են եղել «Մամա Միա. Երեկույթ» շոուի պրեմիերայի ժամանակ, որն անցկացվել է ստոկհոլմյան ռեստորաններից մեկում: Դա ինտերակտիվ ներկայացում է, որին մասնակցում են բոլորը` արտիստները, երաժիշտները, հաստատության անձնակազմը եւ այցելուները: Նրանք ստեղծում են հունական ոճով տոնական մթնոլորտ, որտեղ, իհարկե, հնչում է խմբի երաժշտությունը:
ABBA-ն հիմնադրվել է 1972-ին: Իր գոյության 10 տարիների ընթացքում քառյակը թողարկել է 8 ալբոմ:

 

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է
95 տարեկան հասակում կյանքից հեռացել Է ֆրանսիացի նշանավոր գրող, Գոնկուրյան ակադեմիայի նախկին նախագահ Էդմոնդա Շառլ Ռուն: Այդ մասին հունվարի 21¬ին հայտնել է ակադեմիայի քարտուղար Մարի Դաբադին:
Էդմոնդա Շառլ Ռուն, ով հայտնի Է որպես գրող ու լրագրող, հեղինակել է տասնյակ գրքեր, որոնցից առավել մեծ ժողովրդականություն Է վայելել նրա առաջին վեպը՝ «Մոռանալ Պալերմոն», որը թարգմանվել Է 27 լեզուներով: Այս գրքի համար 1966 թվականին նրան շնորհվել Է Գոնկուրյան մրցանակ՝ Ֆրանսիայի ամենաբարձր գրական պարգեւը:




Լրահոս