«ՓՈՔՐԻԿ «ՁԱԳՈՒԿԸ» ՏԵՍՔԻՑ ԸՆԿԱՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը, ում նախագծերով Երեւանում կառուցվել են Մաշտոցի պողոտայի տրանսպորտային հանգույցը, «Դվին» հյուրանոցը, Հերոսների ծառուղին եւ Անհայտ զինվորի գերեզմանը «Հաղթանակ» զբոսայգում, «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է մայրաքաղաքում ճարտարապետական սխալների, ծանրաբեռնվածության, երեւանյան կոլորիտը պահպանելու անհրաժեշտության մասին, ներկայացրել իր մասնագիտական դիտարկումները:

-Պարո՛ն Ալեքսանյան, անընդհատ խոսվում է մայրաքաղաքում ճարտարապետական սխալների պատճառով օրեցօր ավելացող խնդիրների մասին: Ըստ Ձեզ` Երեւանի ամենածանրաբեռնված հատվածը ո՞րն է:
-Կենտրոնը: Ընդհանրապես, համաշխարհային պրակտիկայում ընդունված է թեթեւացնել քաղաքների կենտրոնական հատվածները, այսօր աշխատում են թեթեւացնել, օրինակ, Մոսկվան. կենտրոնը բնակելի զանգվածներից ազատում են, դրանք տեղափոխում են արվարձաններ, որպեսզի կենտրոնը դառնա քաղաքին հմայք հաղորդող հատված: Իսկ մենք հիմա մայրաքաղաքի կենտրոնը լցրել ենք բարձրահարկ բնակելի շենքերով, եւ այդ ծանրաբեռնվածությունից Երեւանն արդեն խեղդվում է, էլ չի կարելի ծանրաբեռնել քաղաքը:
-Դուք Երեւանի Հյուսիսային պողոտայի հեղինակներից եք: Ի՞նչ էիք նախատեսել կառուցել, եւ ի՞նչ ստացվեց: Կա՞ մի բան, որ կցանկանայիք վերանայել, գուցե հղկել: Ձեր շատ կոլեգաներ ասում են, որ պողոտան նման է քարակույտի:
-Գլխավորապես մենք նախատեսել էինք այն, ինչ ստացվել է, միայն թե ավելի թեթեւ, շենքերի հարկայնությունը` մի քիչ ցածր: Արել ենք այն, ինչ կարող էինք անել: Այսօր իմ կոլեգաներից ոչ ոք թող չհամարձակվի ասել, թե դա քարակույտ է, այս է, այն է. դա ասում են մարդիկ, որոնք միայն խոսել գիտեն: Ես կարծում եմ` միայն այն հանգամանքը, որ Հյուսիսային պողոտան այսօր մարդաշատ է, հաճելի միջավայր է ստեղծում երիտասարդների, երգիչների, նկարիչների համար, ցույց է տալիս, որ այն կայացել է: Ամեն դեպքում, ես պատերի վրա կշատացնեի կանաչը եւ հարկայնությունը կիջեցնեի:
-Ըստ Ձեզ՝ մայրաքաղաքի է՞լ որ հատվածներն է անհրաժեշտ կանաչապատել:
-Երեւանի լանջերը, որոնք նախկինում ծառապատված էին, հատվեցին, ճաղատացան, ես այդ հատվածները նորից կկանաչապատեի, որպեսզի քաղաքում փոշին պակասեր: Օղակաձեւ զբոսայգին էլ, օրինակ, շատ ծանրաբեռնեցինք կառույցներով, այն դրա համար չէր նախատեսված, այն պետք է որպես պուրակ ծառայեր:
Ի դեպ, ես քաղաքապետարանին առաջարկել եմ Երեւանի որոշ հատվածներում էլ հակառակը` վերացնել կանաչը: Գրություն եմ ուղարկել քաղաքապետարան, այնինչ` ձայն բարբառո հանապատի: Ես այն համոզման եմ, որ օրինակ` Օպերայի երկայնական առանցքում երկու ուղղությունների վրա չորս սոսիներ պետք է հատվեն, հանվեն, որպեսզի Օպերան մտնի Կասկադի առանցքի մեջ, պետք է հատել նաեւ նոճիների շարքը` հարավի կողմից` Թումանյան փողոցից մինչեւ Օպերա ընկած տարածքում: Այդ հատվածը պետք է վերափոխել եւ այնպես անել, որ Օպերան իր ծավալով մտնի Հյուսիսային պողոտայի առանցքի մեջ: Հիմա Օպերան մեկուսացված է քաղաքից:
Ես ծայրից ծայր կվերակառուցեի Կոնդը, այնտեղ ո՛չ հուշարձան կա, ո՛չ բան կա. այն կդարձնեի գեղեցիկ ժամանակակից բլուր` Երեւանի կենտրոնում:
-Բայց Կոնդում հին երեւանյան կոլորիտը պահպանելու խնդիր չկա՞:
-Երկու-երեք հատուկենտ նմուշ կա, որոնք կարելի է ուշադրության արժանացնել, թե չէ այնտեղ համատարած աղբակույտ է, նույն հակասանիտարական վիճակը տիրում էր Հյուսիսային պողոտայի նախկին տարածքում:
-Իսկ մայրաքաղաքի ո՞ր հատվածում եք տեսնում երեւանյան կոլորիտը պահպանելու անհրաժեշտություն:
-Մենք մեր արժեքավոր շենքերը բոլորը քանդել ենք, ուստի քաղաքի հին կոլորիտը հիշեցնող ամեն բան, ինչ մնացել է Երեւանում, պետք է պահպանենք, ուրիշ շանս չունենք. այլեւս ոչ մի բանի չի կարելի ձեռք տալ: Եթե խոսում ենք հին կոլորիտից, մի բան կուզենամ ասել Երեւանի Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցու վերաբերյալ: Դա 12-13-րդ դարերի միակ կառույցն է, որը պահպանվել է Երեւանի կենտրոնում. դա թանկ շերտ է, իսկ մենք ի՞նչ արեցինք այդ կառույցի հետ: Ժամանակին Կաթողիկեի առջեւ կառուցեցին լեզվի ինստիտուտը, որը լավ շենք ուներ, բայց ոչ ավելի լավը, քան Կաթողիկեն: Հետո խելոք բան արեցին, ինստիտուտի շենքը հանեցին, եւ Կաթողիկեն հայտնվեց քաղաքի մեջ: Իսկ դրանից հետո փոխանակ մենք գուրգուրեինք այն, պահպանեինք որպես զարդ, ադամանդ, վերցրինք ու կողքը 12-րդ դարի ոճով ավելի խոշոր շենք կառուցեցինք, եւ փոքրիկ «ձագուկը» տեսքից ընկավ, էսթետիկական տեսանկյունից ոչնչացվեց: Ես արել էի բազմաթիվ էսքիզներ, առաջարկել եկեղեցին պահպանելու այլ տարբերակներ, որպեսզի այդ անշնորհք կառույցը չլիներ, բայց դրանք մերժվեցին…

 

 

 
«ԵԿԵ՛Ք, ԱՆՑԵ՛Ք, ԲԱՅՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ ՄԻ՛ ԽՓԵՔ…»

Փոքրերի աշխարհի հնաբնակներից մեկը` երգչուհի Լիդուշիկը, ով մանուկ տարիքից հասցրեց ճանաչում ստանալ, աստիճանաբար թեւակոխում է մեծերի աշխարհ: Լիդուշիկը, ավելի ճիշտ` Լիդան, արդեն պատանեկան տարիքում է, իսկ տարիքային այդ շեմ նա մուտք է գործում իր «Հայաստանի նոր պատանի» երգով: Լիդուշիկի պրոդյուսերը` Գոհար Ավագյանը, «Ժողովուրդ»-ին պատմել է մեծերի աշխարհում ի հայտ եկող փորձությունների եւ դրանք հաղթահարելու` Լիդուշիկի դժվարությունների մասին:

Երգչուհին 16 տարեկան է, սովորում է Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջում, 2-րդ կուրսում: Նա պատրաստվում է առաջիկայում մասնակցել Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակային երեկոյին: Երգչուհին նաեւ «Հայաստանի նոր պատանի» երգի հիման վրա տեսահոլովակ է պատրաստում: «Լիդուշիկը մտադիր է առաջիկա տարիներին ներկայացնել այնպիսի երգեր, որոնք դուր կգան նաեւ փոքրիկներին: Հենց վերջիններս «ստիպում են», որ իրենց կապը պահվի»-ասաց պրոդյուսերը:
Մեր այն հարցին, թե արդյոք դժվար չէ պատանի երգչուհու համար քայլեր անել երգարվեստում, դիմանալ մրցակցությանը, Գ. Ավագյանը պատասխանեց. «Դաշտում շատ գործողներ կան, դա բնական է, իսկ մենք ասում ենք` խնդրեմ` ճանապարհը բավական լայն է, եկե՛ք, անցե՛ք, բայց թիկունքից մի՛ խփեք, մի՛ փորձեք վնասել»:
Նա նաեւ նկատեց, որ մեր ժողովրդի համար երգելը կարծես դարձել է գերխնդիր, ծնողները, անկախ տաղանդի առկայությունից, երեխաներին տանում են երգի:
Մենք նաեւ հարցրինք, թե արդյոք երգչուհին, ով երեխա ժամանակվանից սոցիալիզացվելու քայլեր է արել, փորձել հաստատվել երգարվեստում, իր կյանքում ունեցե՞լ է սթրեսային պահեր, ապրումներ եւ ինչպե՞ս է դրանք հաղթահարել. «Բնականաբար, սթրեսներ լինում են, հատկապես, երբ դաշտում ստեղծվում են անհավասար պայմաններ. այդ ամենն ազդում է երգչուհու հոգեվիճակի վրա, բայց նա դրանից ավելի է ուժեղանում եւ աշխատասեր դառնում»,-ասաց Գ. Ավագյանը:
Իսկ այն հարցին, թե արդյոք մեծերի աշխարհ մուտք գործելով եւ մի շարք արատավոր երեւույթների հանդիպելով` երգչուհու առջեւ «չփչանալու» խնդիր չկա, պրոդյուսերը պատասխանեց. «Այդ վախը, այո, ներքուստ կա: Մենք իր հետ քննարկում ենք այդ հարցը, զերծ ենք մնում վուլգարությունից, ուզում ենք ցույց տալ, որ կարող ենք լինել այս ասպարեզում ու չփչանալ»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՌՈՒՍԱԿԱՆ ՋԱԶ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
Սեպտեմբերի 30-ին Մոսկվայի միջազգային երաժշտության տանը տեղի ունեցավ «Հայաստանի ջազային երաժշտության արտիստների երեկո» խորագրով համերգ, որի նպատակը ռուս հանդիսատեսին հայկական ջազի երիտասարդ կատարողների՝ «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդի երգարվեստին ծանոթացնելն էր։ Որպես պատասխան՝ հայկական կողմը՝ ի դեմս ՀՀ մշակույթի նախարարության, Ջազի հայկական ասոցիացիայի եւ «Մեցցո Պրոդաքշն» ընկերության, ռուսական ջազի երկու երեկո է նվիրում երեւանցիներին:
Նոյեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում, իսկ նոյեմբերի 10-ին՝ «Մեցցոյում», ռուսական ջազային արվեստին հայ հանդիսատեսը կծանոթանա երիտասարդ, բայց արդեն ճանաչված շեփորահար, ջազմեն Վադիմ Էյլենկրիգի եւ իր բենդի կատարումների շնորհիվ։ Բենդի կազմում հանդես կգան Դմիտրի Մոսպանը (սաքսոֆոն), Իվան Ֆարմակովսկին (դաշնամուր), Արմեն Մկրտչյանը (բաս կիթառ) եւ Սաշա Մաշինը (հարվածայիններ)։ Համերգի հատուկ հյուրերն են Արմեն Հյուսնունցը եւ Վահագն Հայրապետյանը:

 

ՆԱՐԻՆՋ ԵՎ ՊՈՒԳԱՉՈՎԱ
Ալլա Պուգաչովան «Նովայա գազետա» թերթին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է իր վրա ազդել Չեռնոբիլի ԱԷԿ-ի ողբերգությունից հետո այնտեղ ելույթ ունենալը: Նա նշել է, որ դրա պատճառով ինքն առ այսօր առողջական խնդիրներ ունի:
Անտեսելով ճառագայթման վտանգը՝ երգչուհին կատարել էր երկրպագուների խնդրանքը. «Կառավարությունից մեկը գնացել էր այնտեղ ու հարցրել, թե առաջնահերթ ինչի կարիք ունեք: Իսկ նրանք ի պատասխան՝ բղավել էին. «Մեզ նարինջ է պետք եւ Պուգաչովան»: Ինչպե՞ս կարող էի հրաժարվել»,-ասել է Պուգաչովան:
Նրա խոսքով` ճառագայթումը հիվանդ տեղին է հարվածում, եւ ինքը հենց այդ ժամանակվանից սկսած` տանջվում է էնդոկրին խնդիրների պատճառով:

 

ԲԻԲԵՐԻՆ ԲԱՐԿԱՑՐԵԼ ԵՆ
Երգիչ Ջասթին Բիբերը հերթական սկանդալի մեջ է հայտնվել, այս անգամ՝ Նորվեգիայում։ Կանադացի երգիչն ինքն իրեն կորցրել է երկրպագուների անվայելուչ պահվածքի պատճառով։ Նա Օսլոյում կատարել է ընդամենը մեկ երգ, ապա բացականչել` «Զզվեցրիք ինձ» եւ հեռացել, չնայած որ ծրագրում հինգ երգ է նախատեսված եղել։
Բանն այն է, որ Բիբերին բոլորովին դուր չի եկել հանդիսատեսի արձագանքը, որը հետեւել է «Boyfriend» երգի իր կատարմանը։ Իրավիճակն ավելի է սրել բեմի վրա ջրի թափվելու միջադեպը։ Դերասանը փորձել է սրբել ջուրը, սակայն բեմին կանգնած երկրպագուհիները շարունակել են բղավել՝ ուշադրություն չդարձնելով երգչին եւ նրան խանգարելով իրենց աղաղակներով։ Կարգ ու կանոն հաստատելու համար Ջասթինը նրանցից ժամանակ է խնդրել, սակայն ապարդյուն. երկրպագուները շարունակել են խանգարել նրան։ Այդ ժամանակ Բիբերը ոտքի է կանգնել ու ասել, որ չի պատրաստվում այդտեղ ելույթ ունենալ, ապա բաճկոնն ու կեպին նետելով` հեռացել է բեմից։




Լրահոս