107 գիտնական դրամաշնորհ է ստացել «Հայ օգնության ֆոնդ»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

32 խմբում ընդգրկված հայաստանցի 107 գիտնականներ հունվարի 27-ին դրամաշնորհներ ստացան «Հայ օգնության ֆոնդ»-ից կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, կենսատեխնոլոգիայի, աստղագիտության և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:

«Մինչև օրս արդեն 404 դրամաշնորհ է տրվել, 1550-ից ավելի գիտնականներ են մասնակցել ծրագրերի իրականացմանը: Ընդհանուր գումարը 2001 թվականից մինչև այսօր արդեն կազմում է 2 միլիոն 20 հազար դոլար: Ծրագրի նպատակն է աջակցել հայ գիտնականներին: Բնագավառների առումով սահմանափակումներ չկան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, գիտական և կրթական ծրագրերի համակարգող Էդուարդ Կարապետյանը:

2000 թվականից ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) միջոցով տրվող դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունն անցկացվեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը շնորհավորեց բոլոր նրանց, ովքեր ստացել են դրամաշնորհը:

«Հայրենիք-սփյուռք համագործակցությունն իրականացվում է տարբեր ծրագրերի միջոցով: ՀՕՖ-ը երկրաշարժի տարիներից սկսած Հայաստանում բազմաթիվ ծրագրեր է իրականացնում: Տրամադրվող բոլոր միջոցները հանգանակվում են մեր հայրենակիցների միջոցով»,-շեշտել է նա:

Մրցույթին, որ իրականացվում է 2001 թվականից, այս տարի ներկայացված 244 գիտական հայտերից ԳԿՀԱՀ հետազոտական խորհուրդը հաղթող է ճանաչել 32-ը: Գիտական խմբերի ղեկավարներից 18-ը մինչեւ 35 տարեկան երիտասարդներ են, 13-ը՝ կանայք: Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք դրամ:

Ի լրումն ԳԿՀԱՀ-ի տրամադրած դրամաշնորհների, ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության շնորհիվ այս տարի 5 դրամաշնորհ է տրամադրվել երիտասարդ գիտնականների ղեկավարությամբ գործող հետազոտական խմբերին:

«Այս տարի 5 հատուկ դրամաշնորհներ տրամադրվել են հատուկ անվանակարգերում` քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, երկրի մասին և տեխնիկական գիտություններ: Ընդ որում` 5 դրամաշնորհները կրում են հայազգի գիտնականների անունները: Մեր դրամաշնորհներն ուղղված են եղել այն խմբերին, որոնց գիտական խմբերի ղեկավարները երիտասարդներ են»,- շեշտել է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը` հավելելով, որ ծրագրի շրջանակում իրականացվում են նաև երիտասարդներին աջակցող այլ միջոցառումներ:

Այս տարի դրամաշնորհներից 15-ը տրամադրվել է կյանքի մասին գիտությունների՝ կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, կենսաքիմիայի, 7-ը՝ ֆիզիկայի, 3-ը՝ աստղաֆիզիկայի, 1-ը՝ քիմիայի, 1-ը՝ բիոմեխանիկայի, 1-ը՝ երկրի մասին գիտության, 1-ը՝ գրականության, 1-ը՝ պատմության, 1-ը՝ հնագիտության, 1-ը՝ տնտեսագիտության ոլորտներում հետազոտություններ իրականացնելու համար:

Երիտասարդ գիտնական Կարեն Թռչունյանն աշխատում է ԵՊՀ-ում: ՀՕՖ-ի կողմից այս տարի արժանացել է դրամաշնորհի: «Մենք զբաղվում ենք այլընտրանքային էներգիայի աղբյուրների որոնմամբ: Որոնում ենք այնպիսի ուղիներ, որ մանրէների միջոցով առավել արդյունավետ և մատչելի եղանակով կարողանանք ստանալ ջրածին: Ջրածնի արտադրությամբ մի քանի խնդիր ենք լուծում»,-մեզ հետ զրույցում նշեց նա`հավելելով, որ իրենց գիտական խմբում ներառված են երկու հոգի:

Անցած 16 տարում ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացվել են մոտ 2000 դիմում-առաջարկներ: Դրամաշնորհներ են ստացել 404 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված են եղել 1545 գիտնականեր: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 2 միլիոն 20 հազար դոլար:




Լրահոս