«Մենք դարձանք մեծ անարդարության վկան». Էլհան Սուլեյմանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովը հարցազրույց է տվել ԱՊԱ գործակալությանը: Նա իր կարծիքն է հայտնել «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցի մասին, որը մերժվեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից:

«Այս երկու բանաձևերի հեղինակը ես եմ, որոնք հունվարի 26-ին քննարկման դրվեցին ԵԽԽՎ-ում: Առաջինը՝ Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը և երկրորդը՝ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցը: Ռոբերտ Ուոլթերի զեկույցի կետերից մեկով պահանջ էր ներկայացվում հայկական կառավարությանը գերիների ազատ արձակման մասին: Սակայն նախագծի մերժումը վերջին փուլին սպասելի էր» ,-ասել է Սուլեյմանովը:

Սուլեյմանովը երկրորդ ընդունված զեկույցը «կարևոր հաղթանակ» է անվանել:

«Չնայած նրան, որ զեկույցներից մեկը մերժվեց, մեր գլխավոր նպատակը Հայաստանի զավթող քաղաքականության մասին օրակարգում ներկայացնելն էր, և մենք հասանք դրան: Ես, լինելով այդ երկու բանաձևերի հեղինակը, շատ ուրախ եմ դրա համար»,-հավելել է ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս