Սուրենավանում առաջադրված է գյուղապետի երկու թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավարի հունիսի 23-ին անցկացվելիք արտահերթ ընտրություններին այս պահի դրությամբ առաջադրված է երկու թեկնածու: Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացրել ոչ մի տեղ չաշխատող՝ ՀՀԿ անդամ Կարո Կարապետյանը և “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ Վազգեն Ղազարյանը: Առաջինն առաջադրվել է ինքնաառաջադրման կարգով, իսկ երկրորդը՝ ԲՀԿ-ի կողմից: Այս մասին “Փաստինֆո”-ի թղթակցին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Ըստ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի, համայնքի ղեկավարի թեկնածուների առաջադրումը սկսվել է մայիսի 29-ից և կտևի մինչև հունիսի 2-ի ժամը 18-ը:
Թեկնածուների գրանցումը կկատարվի հունիսի 2-ից մինչև հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում:
Հիշեցնենք, որ Սուրենավանի նախկին գյուղապետ, 51-ամյա Վարդգես Ղազարյանը մահացել է մարտի 19-ին Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:




Լրահոս