Շիրակի մարզի Փանիկ գյուղից ԱԱԾ-ի կողմից որպես «զինված ահաբեկչական խմբի անդամ» ձերբակալված, ապա կալանավորված 26-ամյա Գևորգ Ջնդոյանն առողջական լուրջ խնդիրներ ունի: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց նրա մայրը՝ Ռիմա Ջնդոյանը՝ հավելելով, որ որդու համար պարբերաբար դեղամիջոցներ են ուղարկում մեկուսարան. «Ճնշում, սրտի խնդիր ունի: Էդ ամեն ինչի պատճառով նա բանակ չգնաց: Ձերբակալման հենց հաջորդ օրը՝ նոյեմբերի 26-ին, հացադուլ հայտարարեց ու պահանջեց արդարադատության նախարարի հետ հանդիպում: Հիմա հացադուլի մեջ չէ»:
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ինքը միշտ կարծել է՝ որդին Երևանյան ինչ-որ գործակալությունում է աշխատում: Երբևէ չի պատկերացրել, որ կարող էր նրա հետ նման բան տեղի ունենալ. «Ոչ մեկ էլ նրան ճանաչողներից չի հավատում, որ ինքը նման բանի մեջ կարող էր հայտնվել: Ես միշտ իմացել եմ, թե տղաս ինչ-որ օֆիսում է աշխատում: Մի անգամ էլ եկավ մոտս, թե մամ՝ նայի ինչ սիրուն սպիտակ վերնաշապիկ են տվել, սա՛ պետք է հագնեմ: Խելացի տղա ունեմ, համալսարան ավարտած: Լրագրող է մասնագիտությամբ, բայց երբեք էլ իր մասնագիտությամբ չաշխատեց: Ասեցի լավ, ոչինչ, կարևորը լավ գործի ունի: Էն էլ ի՞նչ գիտեմ՝ ո՞ւր է ի էրեխես, ի՞նչ է անում»,- վշտացած պատմեց տիկին Ռիման՝ միաժամանակ նշելով, որ Գևորգ Ջնդոյանն իր ուժերով բազմաթիվ գործեր է ձեռնարկել՝ վարսահարդարման սրահ է բացել ու մի քանի այլ բիզնես գործեր ձեռնարկել. «Գևորգը շատ է օգնել մարդկանց: Մեր այգուց խնձոր, տարբեր մրգեր էր հավաքում, անապահով ընտանիքներին էր տալիս: Միշտ բարեգործություններ է արե: Ծերանոցներ, մանկատներ հագուստ էր տանում: Դոմիկում ապրողների համար լույս քաշեց, ջրով ապահովեց: Ես ուղղակի անակնկալի եկա, որ իմ էրեխեն էսպիսի բանի մեջ ընկավ»,- շարունակեց Գևորգի մայրը:
Նշենք, որ որպես ահաբեկիչ մեղադրվող Գևորգ Ջնդոյանը հենց ուսանողական տարիներից զբաղվել է հոգևոր գործունեությամբ, սերտ կապերի մեջ է եղել Հայ Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչների հետ, այդ թվում «Մարիամ» ռադիոկայանի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թութունջյանի հետ, ով ևս, ինչպես հայտնի է, մեղադրվում է խմբի անդամ լինելու մեջ: Փանիկում զարմացած են Գևորգին՝ որպես ահաբեկիչ կալանավորելու փաստից: Գյուղացիների համոզմամբ՝ նա ավելի շատ հոգևորական է, քան աշխարհիկ մարդ:
Տաթև Հարությունյան