«Զինված հանցախմբի» անդամն առողջական խնդիրներ ունի. առանց դեղորայքի նրա վիճակն ավելի կբարդանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Փանիկ գյուղից ԱԱԾ-ի կողմից որպես «զինված ահաբեկչական խմբի անդամ» ձերբակալված, ապա կալանավորված 26-ամյա Գևորգ Ջնդոյանին հարազատները պարբերաբար դեղորայք են ուղարկում. նա առողջական լուրջ խնդիրներ ունի: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց նրա մայրը՝ Ռիմա Ջնդոյանը՝ հավելելով, որ որդուն դրանք օդ ու ջրի պես անհրաժեշտ են. «Վիճակը համեմատաբար լավ է, ինքնազգացողությունն էլ է լավ: Հիմա սպասում ենք՝ երբ կկարողանանք գնալ տեսակցության: Արդեն ասել եմ, որ ճնշում, սրտի խնդիր ունի: Էդ ամեն ինչի պատճառով նա բանակ չգնաց: Ձերբակալման հենց հաջորդ օրը՝ նոյեմբերի 26-ին, հացադուլ հայտարարեց ու պահանջեց արդարադատության նախարարի հետ հանդիպում: Հիմա հացադուլի մեջ չէ»:

Ինչ վերաբերում է Գևորգի՝ ստորագրությամբ ազատ արձակվելու հավանականությանը՝ մեր զրուցակցիը դժվարացավ ինչ-որ բան ասել՝ նշելով, որ որևէ բան դրա հետ կապված չեն լսել, չգիտեն. «Հույսեր ունենք, իհարկե, բայց դեռ նման տեղեկություններ չունենք»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գևորգ Ջնդոյանի մայրը՝ տիկին Ռիման, հայտնել էր, որ ինքը միշտ կարծել է՝ որդին Երևանյան ինչ-որ գործակալությունում է աշխատում: Երբևէ չի պատկերացրել, որ կարող էր նրա հետ նման բան տեղի ունենալ. «Ոչ մեկ էլ նրան ճանաչողներից չի հավատում, որ ինքը նման բանի մեջ կարող էր հայտնվել: Ես միշտ իմացել եմ, թե տղաս ինչ-որ օֆիսում է աշխատում: Մի անգամ էլ եկավ մոտս, թե մամ՝ նայի ինչ սիրուն սպիտակ վերնաշապիկ են տվել, սա՛ պետք է հագնեմ: Խելացի տղա ունեմ, համալսարան ավարտած: Լրագրող է մասնագիտությամբ, բայց երբեք էլ իր մասնագիտությամբ չաշխատեց: Ասեցի լավ, ոչինչ, կարևորը լավ գործի ունի: Էն էլ ի՞նչ գիտեմ՝ ո՞ւր է ի էրեխես, ի՞նչ է անում»,- վշտացած պատմել էր Ռիմա Ջնդոյանը:

Նշենք, որ որպես ահաբեկիչ մեղադրվող Գևորգ Ջնդոյանը հենց ուսանողական տարիներից զբաղվել է հոգևոր գործունեությամբ, սերտ կապերի մեջ է եղել Հայ Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչների հետ, այդ թվում «Մարիամ» ռադիոկայանի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թութունջյանի հետ, ով ևս, ինչպես հայտնի է, մեղադրվում է խմբի անդամ լինելու մեջ: Փանիկում զարմացած են Գևորգին՝ որպես ահաբեկիչ կալանավորելու փաստից: Գյուղացիների համոզմամբ՝ նա ավելի շատ հոգևորական է, քան աշխարհիկ մարդ:




Լրահոս