ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջին շրջանում մեր հասարակությունը շատ սնահավատ է դարձել: Հետաքրքիր է իմանալ, թե ինչ կարծիք ու վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին տարբեր սնահավատ գործողությունների վերաբերյալ:

Աննա Պողոսյան (22 տարեկան, թարգմանչուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հայ առաքելական եկեղեցին մերժում է սնահավատությունը: Այն գալիս է հեթանոսական կամ, այլ կերպ ասած, ոչ քրիստոնեական մտայնություններից: Քրիստոնեական մտայնությունն Աստծու նկատմամբ ճիշտ հասկացողությունն է: Ասենք. մի մարդ գործ սկսելիս Աստծու օրհնությունն է խնդրում, եւ գործն ինչ-որ պատճառով չի ստացվում, օրինակ՝ անձրեւ է գալիս: Քրիստոնյան կասի. «Փառք Քեզ, Աստված», որովհետեւ Աստծու պատվիրանից գիտի, որ Աստված արեւ է ծագեցնում ե՛ւ արդարների, ե՛ւ մեղավորների վրա, անձրեւ է բերում ե՛ւ մեղավորների, ե՛ւ արդարների վրա՝ միանգամայն գիտակցելով, որ այդ իսկ է Աստծու կամքն ու օրհնությունը, քանզի Աստված մեր Հայրն է եւ մեզ խնամում եւ պահպանում է եւ թույլ չի տա, որ մեր գլխից մի մազ էլ ընկնի: Իսկ հեթանոսը կամ ոչ քրիստոնյան կտրտմի կամ կաշխատի որոշ մոգական գործողություններով վտանգն իրենից հեռացնել՝ հույսը դնելով հենց այդ գործողության, այլ ոչ թե Աստծու վրա, որովհետեւ հեթանոսները կարծում են, որ եթե այդ գործողությունը չանեն, Աստված իրենց չի օգնի: Գործածում են թալիսմաններ, կատարում են գուշակություններ տարբեր առարկաներով՝ միանգամայն անհաղորդ մնալով Աստծու հետ քրիստոնեական հարաբերությունից:

Օրհնությամբ՝ տեր Սմբատ քահանա Սարգսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, որ Հայ առաքելական եկեղեցին մերժում է բոլոր տեսակի սնահավատությունները: Մնում է, որ մեր հայրենակիցներն ավելի խոհեմ գտնվեն եւ տարբեր տեսակի գուշակություններ ու մոգություններ կատարելու փոխարեն զբաղվեն կարեւոր գործերով:




Լրահոս