Խոսրով Հարությունյանը փորձում է արդարացնել իր փեսային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվեցին սերբ պատգամավոր Միլիցա Մարկովիչի ներկայացրած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» եւ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» հակահայկական զեկույցները: Քննարկման ավարտին Միլիցա Մարկովիչի կողմից ներկայացված զեկույցն ընդունվեց` մնալով օրակարգում, իսկ Ռոբերտ Ուոլթերի զեկույցը մերժվեց: Այսպիսով կարելի է ասել՝ հայկական պատվիրակությանը հաջողվեց կիսով չափ լուծել խնդիրը: Փաստորեն, կարողանում են, երբ ուզում են: Մնում է, որ Հայաստանի շահերը ԵԽԽՎ-ում ներկայացնելուն կոչված մեր պատգամավորները նույնպիսի ջանասիրությամբ աշխատեն մշտապես:

Մարկովիչը զեկույցի քննարկման ընթացքում մի քանի անգամ ելույթ ունեցավ` կոչ անելով պատգամավորներին կողմ քվեարկել եւ լուծել ջրային պաշարների հասանելիության խնդիրը ադրբեջանական բնակչության համար: Նա նաեւ նշեց, որ ցանկացել է այցելել Հայաստան, սակայն իր այցի կազմակերպումը խոչընդոտվել է ՀՀ պատվիրակության կողմից: Այնուհետեւ քննարկման ավարտին զեկույցի օգտին քվեարկեց 98, դեմ 71 պատգամավոր: Իսկ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» հակահայկական զեկույցին կողմ քվեարկեց 66, դեմ 70 պատգամավոր:

Հավելենք, որ ԵԽԽՎ երեկվա նիստում բազմաթիվ քննադատական խոսքեր հնչեցին հակահայկական զեկույցների մասին, մասնավորապես Եվրոպական ժողովրդական, Քրիստոնեադեմոկրատական, Սոցիալիստական կուսակցությունների ներակայացուցիչների կողմից:
«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, երեկ ԵԽԽՎ-ում քննարկվեցին երկու հակահայկական զեկույցները, որոնցից մեկն ընդունվեց: Ի՞նչ եք կարծում՝ այս խայտառակ փաստթղթերի ի հայտ գալը արդյոք հայկական պատվիրակության եւ դիվանագիտական կորպուսի սխալ աշխատանքի արդյունքը չէր:

-Ես այդ կարծիքին չեմ: Բայց դա չի նշանակում, որ մեր պատվիրակությունը որեւէ բացթողում չի ունեցել: Իրերի իրական վիճակն այնպիսին է, որ նույնիսկ ամենալարված աշխատանքի պարագայում նման հարցեր օրակարգ կարող էին մտնել, եթե հաշվի առնենք ԵԽԽՎ ընթացակարգերը, եթե հաշվի առնենք, ցավոք սրտի, այդ կառույցում առկա փոխհարաբերությունների ստորջրյա որակները կամ հնարավորությունները: Դրա համար ես այդ կարծիքին չեմ: Եվրոպական հայտնի կառույցներ` Մինսկի խումբ, համանախագահողներ, մտահոված հայտարարություններ են անում: Այս ամեն ինչի մասին Եվրոպայի մեր գործընկերները մտահոգված արտահայտվում են, եւ արդյո՞ք այդ գիտակցումը ԵԽԽՎ-ի մոտ իսպառ բացակայում է, իհարկե, ոչ: Բայց, ցավոք սրտի, կան այլ շահեր, որոնցով առաջնորդվում են պատգամավորները: Նախ ԵԽԽՎ-ի որեւէ բանաձեւ պարտադիր կիրառման իրավական, քաղաքական ուժ չունի: Այդ բանաձեւերի քաղաքական, աշխարհաքաղաքական ուղղակի ազդեցությունը բանակցային գործընթացի վրա շատ նվազագույն է: Ընդամենը մեկ բան. դա ադրբեջանական կողմին կարող է ոգեւորել: Հետեւաբար բանակցային գործընթացում նրանք կգնան ավելի ապակառուցողական վարք դրսեւորելուն: Թե՛ մեր, թե՛ համանախագահողների, թե՛ եվրոմիության կամ այլ միջազգային հեղինակավոր կառույցների մտահոգությունը սրանում է կայանում` ուղղակի չձախողել փխրուն ձեռքբերումները զինադադարի կամ խաղաղության, որ այսօր մենք ունենք, եւ դրանք նոր սպառնալիքի տակ չդնել: Սա է ամբողջ խնդիրը:

-Մեր տեղեկություններով՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն առաջիկայում պատրաստվում է վայր դնել իր լիազորությունները, իսկ նրան փոխարինելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Ըստ Ձեզ` ինչո՞ւ է Նաղդալյանը ցանկանում այդպիսի քայլի դիմել:

-Որքան ես տեղյակ եմ՝ չի փոխարինվել: Սամվել Ֆարմանյանը ընդգրկվել է պատվիրակության կազմում, բայց չի փոխարինել Նաղդալյանին:

-Պարո՛ն Հարությունյան, Ձեր փեսան Ստրասբուրգում Եվրոպական խորհրդի Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպանն է եւ հակահայկական զեկույցների շուրջ քննադատությունների ալիքը նրա վրա էլ է տարածվում: Նա հակահայկական զեկույցների դեմ որեւէ քայլով հանդես եկել է` փորձելով կանխել դրանք:

-Արտգործնախարարությունն ու իր կառուցվածքները ներկայացնում են գործադիր իշխանությունը, խորհրդարանական հատվածի հետ դեսպանությունն ուղղակի առնչություններ չունի, անուղղակի, իհարկե: Եւ բնական է՝ դեսպանությունը նույնպես իր հնարավորությունների շրջանակներում փորձում է նպաստել, որպեսզի այդպիսի հակահայկական բանաձեւեր չանցնեն:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս