Ադրբեջանական գերությունից վերադարձված ռազմագերին հոգեբուժարան է տեղափոխվել. ինչպե՞ս է նրա հետ վարվել հակառակորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, նախորդ տարվա մարտի 22-ին ղարաբաղաադրբեջանական շփման գիծը հատած և նոյեմբերի 18-ին ադրբեջանական գերությունից վերադարձված ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանի նկատմամբ սահմանն ապօրինի հատելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

ArmLur.am-ին պայմանագրային զինծառայողի քրոջ ամուսինը՝ Արմեն Հարությունյանը, հայտնեց, որ Անդրանիկը հոգեբուժարան է տեղափոխվել, նրա վիճակը կտրուկ վատացել է. «Մի քանի օր առաջ գնացինք տեսակցության մեկուսարանում, ասացին՝ հոգեբուժարան են տեղափոխել, որպեսզի մի անգամ էլ փորձաքննություն իրականացնեն՝ հասկանան՝ հոգեկան առողջության հետ կապված ինչ խնդիրներ ունի: Սրանից հետո արդեն հստակ պարզ կլինի՝ քրեական գործը կկարճվի, թե` ոչ»:

Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ Անդրանիկի ծառայակիցների հետ է զրուցել, նրանք ասել են, որ նախկինում էլ ինչ-որ բաներ մոռանում, շփոթում էր, սակայն, ինչպես նկատել է Արմեն Հարությունյանը, Անդրանիկը հայրենադարձվելուց հետո անճանաչելի վիճակում է եղել. ծնողներին և մտերիմներին չի ճանաչել. «Ոչինչ չի հիշում, բոլորիս խառնում, շփոթում է: Ինչ-որ անհասկանալի բաներից է խոսում: Նրա հետ մանրամասն, երկար խոսելու հնարավորություն դեռ չենք ունեցել, որ հասկանանք՝ էնտեղ ինչ արեցին հետը, ինչպես այս վիճակին հասավ: Ծնողներն էլ անելանելի վիճակում են. ոչ մի բանով չեն կարողանում օգտնել Անդրանիկին, որ դուրս գա այդ վիճակից»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Անդրանիկի՝ հակառակորդի սահմանում հայտնվելուց հետո Ադրբեջանը տեսանյութ տարածեց, որում ցույց է տրվում հայ զինծառայողի «հանձնվելու պահը»: Հետագայում, իհարկե, հայտնի դարձավ, որ դա բեմականացված տեսանյութ է եղել, և Անդրանիկը որոշակի առողջական խնդիրներ է ունեցել, ինչի հետևանքով էլ հայտնվել է հակառակորդի սահմանում:

Առաջին օրերին դավաճանի պիտակավորում ստացած Անդրանիկը, պարզվեց, առողջական խնդիրներ ուներ և հոգեկան խիստ հուզմունքի արդյունքում էր հատել շփման գիծը: Նա, ինչպես հետագայում բացահայտվեց, Ադրբեջանում հոգեկան լուրջ խնդիրներ է ձեռք բերել:




Լրահոս