ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ, ՈՐԸ «ՀԱՇՏԵՑՆՈՒՄ Է» ՀԱՅԵՐԻՆ ԵՎ ԹՈՒՐՔԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«The Beautified Project» խմբի հիմնադիր, վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը այժմ աշխատում է մի վավերագրական ֆիլմի վրա, որի միջոցով ցանկանում է հաստատել հայ-թուրքական երաժշտական համագործակցություն: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է, թե ինչպես է այդ գաղափարն ընդունվել Հայաստանում եւ Թուրքիայում: Անդրեն խոսել է նաեւ իր հասարակական ակտիվությունից` խոստովանելով, սակայն, որ փոխարենը փորձում է զերծ մնալ քաղաքականությունից, քանի որ այն համարում է ոչ մաքուր ոլորտ:

-Անդրե՛, ավելի վաղ նշել էիք, որ ցանկանում եք բարեկամացնել հայ եւ թուրք ժողովուրդներին: Հիմա, որքանով տեղյակ ենք, այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր եք ձեռնարկում: Կպատմե՞ք:
-Այո՛, աշխատում եմ մի վավերագրական ֆիլմի վրա, որը նկարահանվել է նախորդ տարվա դեկտեմբերին: Այն ցույց է տալիս հայ եւ թուրք երաժիշտների համագործակցությունը: Այդ թուրք պրոֆեսիոնալ երաժիշտների հետ, որոնք մեծ ներդրում են ունեցել հայկական երաժշտությունը Թուրքիայում պահելու հարցում, մենք համերգներ ունեցանք Հայաստանում եւ Թուրքիայում: Շատ կարեւոր է, որ մշակույթը զերծ մնա քաղաքական հողի վրա ծագող խնդիրներից:
-Իսկ այդ գաղափարն ինչպե՞ս ընդունվեց Հայաստանում եւ Թուրքիայում:
-Ճիշտն ասած` երկու տեղում էլ շատ լավ ընդունվեց: Թուրքիայից նման ընդունելություն սպասում էի, քանի որ Ստամբուլը շատ ավելի կոսմոպոլիտ քաղաք է, քան Երեւանը (այնտեղ մի շարք ազգեր ապրում են կողք կողքի), իսկ Հայաստանում այս նախաձեռնությունը իմ սպասածից էլ սահուն եւ հեշտ ընկալվեց: Ովքեր ներկա էին երեւանյան համերգին, շատ հավանեցին մեր կատարումները, իսկ նրանք, ովքեր կասկածանքով էին վերաբերվում հայ-թուրքական երաժշտական համագործակցություն հասկացությանը, իրենց հուզող հարցերի պատասխանը ստացան, երբ տեսան, թե թուրքերն ինչ սիրով են նվագում հայկական երաժշտություն, կատարում «Կիլիկիա», «Բարի արագիլ» եւ այլ երգերը: Առանձնապես շնորհակալ եմ թուրքահայ երգչուհի Սիբիլին` մեր եւ թուրք երաժիշտների համագործակցությանը միջնորդելու համար: Պետք է ուրախությամբ փաստեմ նաեւ, որ թուրքական մեդիան եւս հետաքրքրված էր այս նախաձեռնությամբ: Հույս ունեմ` ֆիլմը մինչեւ մայիս կթողարկվի:
-Կարելի՞ է ասել, որ ռոքը տվյալ դեպքում հաշտեցնող գործառույթ ունեցավ:
-Սա շատ փոքր քայլ է, բայց մենք գիտակցում ենք, որ մեր ազգերի միջեւ եղած խնդիրը, եթե օրերից մի օր լուծվի, դա պետք է տեղի ունենա բանակցությունների միջոցով: Մենք պետք է սեղանի շուրջ նստենք եւ խոսենք: Իմ նախնիներն էլ Հայոց ցեղասպանությունը վերապրածներ են, եւ ես էլ եմ ուզում մեր ժողովուրդների միջեւ բոլոր խնդիրները լուծվեն:
-Արտաքին քաղաքական թեմաներից զերծ չեք մնում. հնարավո՞ր է Ձեր երաժշտությունը մի օր նման գործառույթ կատարի նաեւ ներքին քաղաքական կյանքում:
-Ես միշտ «տառապել եմ» սոցիալական խնդիրներով, կարելի է ասել, ես հասարակական ակտիվիստ եմ: Եթե, օրինակ, քաղաքում քանդում են իմ սիրելի շենքը, ես չեմ կարող անտարբեր մնալ, առանց վախենալու մասնակցում եմ հասարակական պայքարին: Օրինակ` մասնակցել եմ Աֆրիկյանների տունը պահպանելուն ուղղված պայքարին: Իսկ քաղաքականությունն ինձ համար ոչ մաքուր ոլորտ է, որին չեմ խառնվում եւ որքան դրանից հեռու եմ մնում, այնքան սիրտս ու հոգիս մաքուր է մնում:
-Եվ վերջում` այս տարվա կարեւոր գործնական ծրագրերը, որոնք մտադիր եք իրականացնել, որո՞նք են:
-Այս տարի մեր խմբով որոշել ենք թողարկել մեր` թվով չորրորդ ալբոմը: Առհասարակ, մեզ մոտ հայկական ռոք խմբերը եզրափակվում են 2-3 ալբոմ թողարկելով: Մենք փորձում ենք առաջ գնալ եւ հետաքրքիր մոտեցումներով ալբոմ ներկայացնել: Ի դեպ, իմ նշած «Կիլիկիա», «Բարի արագիլ» երգերի հիման վրա Սիբիլի հետ դուետներ ունենք: Մտադիր ենք կրկին համագործակցել նաեւ Սոնա Ռուբենյանի հետ:

 

 

 

 
Ո՞Վ Է ՈՒՄ ԺԱՄԱՆԱԿ ՏՎԵԼ. ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

Հունվարի 22-ին մամուլի էջերում լուրեր տարածվեցին այն մասին, որ Պետական կամերային երաժշտական թատրոնում կրկին խռովություն է հասունացել: 168.am-ը գրեց, որ թատրոնի անձնակազմը որոշում է ընդունել՝ չի շարունակելու աշխատանքները գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի հետ, քանի որ թատրոնը պարապուրդի է մատնվել, նոր ներկայացումներ չեն բեմադրվում, իսկ գլխավոր ռեժիսորը լեզու չի գտնում թատրոնի ողջ անձնակազմի հետ: Ըստ նույն աղբյուրի` օրերս թատրոնի դերասանական անձնակազմն այցելել է մշակույթի նախարարություն եւ հանդիպում խնդրել գերատեսչության ղեկավարից՝ պարզաբանելու ստեղծված իրավիճակը:

Նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը նույն օրն այցելել է թատրոն՝ տեղում հասկանալու ստեղծված իրավիճակի լրջությունն ու հնարավոր ելքերը: Ասում են նաեւ՝ օրերս նախարարն անձամբ ընդունել է Արմեն Մելիքսեթյանին, իսկ թե ի՞նչ հունով է ընթացել նրանց առանձնազրույցը, դեռեւս հայտնի չէ:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց նույն թատրոնի դերասանների հետ` տարածված լուրերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով: Արա Դեղտրիկյանը, ով 2011 թվականից աշխատում է նույն թատրոնում, տարածված լուրերի մասին առաջինը լսեց մեզնից. «Ես բացարձակապես տեղյակ չեմ, որ նման բան կա: Ես միայն ամսվա ընթացքում 1-2 անգամ գնում եմ այնտեղ, իմ ներկայացումը խաղում եմ եւ հետ եմ գալիս»-ասաց նա: «Այսինքն` Արմեն Մելիքսեթյանի հետ առանձնապես շփում չունե՞ք»,-հարցրինք մենք, ինչին ի պատասխան՝ դերասանը նշեց, որ ոչ: Իսկ հարցին, թե արդյոք գլխավոր ռեժիսորը կոնֆլիկտային անձնավորություն է, Դեղտրիկյանը պատասխանեց. «Մենք միասին որպես դերասան-ռեժիսոր չենք աշխատել: Այն ներկայացումը, որտեղ խաղում եմ, ռեժիսոր Դավիթ Հակոբյանն էր բեմադրել: Բնականաբար, ճանաչում եմ Արմեն Մելիքսեթյանին, հարգանքով եմ վերաբերվում նրան»: Նա նաեւ հավելեց, որ չի սիրում խառնվել թատրոնի «ներքին խոհանոցային» կյանքին:
Իսկ, ահա, նույն թատրոնի մեկ այլ դերասան (նրա անունը դեռեւս չենք հրապարակի) մեզ հետ զրույցում, անդրադառնալով թեմային, նշեց. «Շատ-շատ հարցերից տեղյակ եմ, բայց հիմա չեմ ուզում դրանց անդրադառնալ, մի քանի օրից, երբ որոշակի հարցեր պարզ կդառնան, խոսք եմ տալիս ամեն բան բացահայտել: Հիմա դեռ ասելու բան չունեմ, որովհետեւ մեզ ժամանակ են տվել, եթե տեսնեմ` այդ ժամանակի ընթացքում հարցի լուծմանը չենք հասնում, անպայման անձամբ հարցազրույց կտամ»:
«Ժողովուրդ»-ը կհետեւի թեմայի շուրջ ծավալվող իրադարձություններին եւ կփորձի կրկին մեկնաբանություններ ստանալ:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ




Լրահոս