ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ ԶՎԱՐՃԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԵԽԽՎ-ում պետք է քվեարկության դրվեն երկու հակահայկական զեկույցներ՝ «Բռնության աճը ԼՂ եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրերով: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը մեկնարկել է երեկ եւ ձգվելու է մինչեւ հունվարի 29-ը: Այս իրավիճակի պատասխանատուն ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն է՝ ի դեմս ղեկավար Հերմինե Նաղդալյանի եւ եվրոպական կառույցներում ներկայացված մյուս բոլոր ԱԺ պատգամավորների, որոնք եվրոպացի գործընկերների հետ աշխատելու, հայկական դիվանագիտական թեզերը քարոզելու փոխարեն եվրոպական երկրներ գնալիս զվարճանում են եւ թրեւ գալիս խանութներում՝ վերջում համացանցում իրենց լուրջ դեմքով նկարներից տեղադրելով: Այսինքն՝ խորհրդարանական դիվանագիտությունը վաղուց ետին պլան է մղվել՝ փոխարինվելով «պետության հաշվին զվարճացողների» ինստիտուտի: Եւ հիմա նշված փաստաթղթերի «չեզոքացման» գործընթացը «չոքել է» բոլորիս դռանը ու ՀՀ նախագահի նստավայրից հերթով սկսել են հրահանգներ իջեցնել՝ ով ինչպես պետք է աշխատի, ում հետ հանդիպի՝ դրական արդյունք ապահովելու համար: Իշխանության հատկապես երիտթեւը անգլերենի իմացությունը միջանցքներում «ճոճելով»՝ գործի է անցել՝ փորձելով ապացուցել նախագահականին, որ եվրոպական «ֆրոնտում» իրենք մրցակից չունեն: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ այս նպատակով հատուկ խումբ է ձեւավորվել, որի աշխատանքները ղեկավարում է ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Բեքարյանը: Վերջինս ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ չէ, բայց եվրոպական կառույցների հետ շփման մեծ փորձ ունի, ինչն էլ ՀՀ իշխանությունները փորձում են օգտագործել հակահայկական զեկույցների ընդունումը տապալելու գործում: Զեկույցների դեմ պայքարի դրոշակակիրներից են նաեւ ՀՀԿ խմբակցության անդամներ Սամվել Ֆարմանյանը եւ Նաիրա Կարապետյանը, որոնց նույնպես ընդունված է համարել իշխանության երիտթեւի ներկայացուցիչներ: Բացի այդ՝ երեկ Ստրասբուրգ են մեկնել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եւ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Եթե իշխանական երիտթեւին հաջողվի այս՝ անհույս թվացող իրավիճակը դրական հանգուցալուծել, ապա այդ փաստը բավական լուրջ հաղթաթուղթ կդառնա նրանց ձեռքին ներիշխանական ապագա խմորումներում:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական նոր կոալիցիայի հետ կապված բոլոր հարցերը մինչեւ այս շաբաթվա վերջ կհստակեցվեն, համենայնդեպս, ինչ-որ բան կհայտարարվի այդ առնչությամբ: Հիշեցնենք, որ Դաշնակցության ներկայացուցիչները արդեն իսկ խոստովանել են, որ իրենք պատրաստվում են ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել: Փոխարենը ԲՀԿ-ականները կոնկրետ պատասխաններ տալուց ամեն կերպ խուսափում են, քանի որ ներսում խնդիրներ ունեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս վիճակի պատճառն այն է, որ ԲՀԿ-ի վերաբերյալ քաղաքական որոշումները կայացնում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, եւ այսօր կուսակցության ներսում երկպառակտում կա: Մի մասը ցանկանում է ամեն գնով վերադառնալ իշխանության, մյուս մասը կարծում է, որ դա կվարկաբեկի իրենց: Բայց մյուս կողմից էլ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, եթե չունենան իշխանական լծակներ, մեծ դժվարություններ կունենան 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում քվեներ հավաքելու հարցում:

 

 

 
Ամեն անգամ, երբ Երեւանում առատ ձյուն է տեղում, հաջորդ իսկ պահին պարզվում է, որ այն «անսպասելի» էր: Իհարկե, ձյունն «անսպասելի» է լինում միայն Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների համար, որոնք պատասխանատու են մայրաքաղաքի փողոցների մաքրության համար: Այլ կերպ ասած՝ սպասվող առատ տեղումների մասին բոլորը մի քանի օր առաջ տեղեկացված են լինում, բայց, միեւնույն է, ձյունն «անսպասելի» է լինում: Երեկ եւս Երեւանում առատ ձյուն էր տեղում, եւ կրկին փողոցները դարձել էին դժվար անցանելի: Քաղաքապետարանը կարողանում է փողոցներում ծաղիկ տնկել, աստղաբաշխական գներով խաղահրապարակներ կառուցել, հարյուրավոր միլիոն դրամներով համերգներ կազմակերպել, բայց ձյունից փողոցները օպերատիվ մաքրելու խնդիրն այդպես էլ չեն կարողանում լուծել: Այս երեւույթը, թերեւս, պարզ բացատրություն ունի. եթե ձյունն իրոք մաքրեն, էլ ինչպե՞ս պետք է գումար վաստակեն, չէ՞ որ աղի ու բենզինի գինը բոլորը գիտեն:

 

 

 
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած տվյալներից պարզվում է, որ անցած տարի ՀՀ առեւտրի շրջանառությունը նախորդ՝ 2014 թվականի համեմատ նվազել է ավելի քան 1 միլիարդ դոլարով: Այսինքն՝ Հայաստանի սպառողի գնողունակությունը 2015-ին նախորդ տարվա համեմատ նվազել է 1 միլիարդ դոլարի չափով: Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեն երկուսուկես միլիարդ դոլար էլ չի կազմում: Ինչեւէ, վերը բերված թվերը տնտեսության իրական պատկերն են արտացոլում, բայց միեւնույն է՝ դրանց առկայությունը ՀՀ իշխանություններին որեւէ կերպ չի կաշկանդում տնտեսական աճ նկարելու գործում: Մասնավորապես, նույն ԱՎԾ-ի տվյալներով՝ 2015-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014-ի համեմատ աճել է 3,1 տոկոսով: Միայն պաշտոնական վիճակագիրներին է հայտնի, թե ինչպես է ստացվում, որ տնտեսությունն աղքատանում է, ձեռնարկությունները, խանութները եւ կրպակները մեկը մյուսի ետեւից փակվում են, բնակչությունը արտագաղթում է, սակայն տնտեսությունը թվերով աճում է:

 

 

 

 
ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Երեկ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 25-ին ԱԱԾ եւ ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից «վնասազերծված զինված հանցախմբի անդամ» համարվող Լիլիթ Թորոսյանը, Հայկ եւ Հրանտ Վարդանյան եղբայրները, Նելլի Մինասյանն ու Սրբուհի Այվազյանը ազատ են արձակվել: Դատարանը նրանց խափանման միջոց կալանքը փոխարինել է չհեռանալու մասին ստորագրությամբ` նախաքննական մարմնի միջնորդությամբ: Թե ինչով է պայմանավորված հանցախմբի՝ թվով հինգ անդամների ազատ արձակումը, որեւէ հստակ պարզաբանում չի ներկայացվել: Հայտնի է միայն, որ նրանց առաջադրված մեղադրանքները մնացել են նույնը՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելը եւ ապօրինի զենք պահելը:
Սահմանադրական հանրաքվեի հետ կապված քաղաքական զարգացումների ամենապիկին այս հանցախմբի վնասազերծումը, որը շատերի մոտ կասկածներ եւ անվստահություն առաջացրեց, ԱԱԾ ղեկավարը, ոստիկանապետը, ապա եւ ինքը` Սերժ Սարգսյանը հայտարարեցին որպես երկիրը հրեշավոր վտանգներից փրկելուն ուղղված անվտանգության մարմինների փայլուն աշխատանք եւ ամոթանք տվեցին կատարվածում որոշակի նպատակներով արված բեմականացում տեսնողներին:
Մասնավորապես Ս. Սարգյանն իր վերջին հարցազրույցում այս կապակցությամբ ասել էր.«Այդ նողկալի լուրերը տարածում են այն մարդիկ, ովքեր ափսոսացել են, որ այդ խումբը վնասազերծվել է, որովհետեւ նրանք շատ երջանիկ կլինեին, եթե խումբը գործեր, մեր երկրում նոր հոկտեմբերի 27 կամ ավելի քիչ ծանր, կամ առավել ծանր դեպքեր տեղի ունենային, եւ իրենք ուրախ կլինեին: Հակառակ պարագայում այդ ո՞ր երկրում եք տեսել այդպիսի թափանցիկ գործողություններ կատարեն ու չհամբերեն մի շաբաթ, երկու շաբաթ, երեք շաբաթ, որպեսզի քննությունն ամբողջականացնի, ներկայացնի հանրությանը կամ ուղարկի դատարան: Լավ, գոնե չեն համբերում տասը օր, տասնհինգ օր, մեկ ամիս, բայց երբ դատարանում կտեսնեն, որ ապացույց չկա, այն ժամանակ մենք կմեղադրենք ազգային անվտանգության մարմիններին»:
Նկատենք, որ նոյեմբերի 25-ից անցել է ոչ թե 1, այլ ուղիղ 2 ամիս, սակայն հանրությանն այդպես էլ որեւէ տեղեկատվություն չի ներկայացվել: Ավելին` հիմա պարզվում է` «հանցախմբի» կոնկրետ 5 անդամների դեպքում ապացույցնեի խնդիր, այնուամենայնիվ, կա: ՀՀ նշված 5 քաղաքացիների նկատմամբ անցած 2 ամիսնրին ոչ միայն խախտվել է անմեղության կանխավարկածը, այլեւ այդ մարդկանց ամենաբարձր մակարդակով կպցվել են ահաբեկչի եւ հանցագործի պիտակներ:
Անմեղության կանխավարկածի վրա թքած ունենալն, իհարկե, Ս. Սարգսյանին միանգամայն բնորոշ է, նա դա մեկ անգամ չէ, որ ի ցույց է դրել, այդ թվում եւ Շանթ Հարությունյանի դեպքում ԱՄՆ-ում արած հայտարարությունների ժամանակ: Այստեղ խնդիրն այլ է. նման գործելակերպով ոչ միայն Ս. Սարգսյանը կամ ԱԱԾ-ն են հեղինակազրկվում, այլեւ մեր երկիրը, որն այս ամենի արդյունքում միջազգային կառույցներում զուգադրվում է Ադրբեջանի հետ նույն հարթության վրա:




Լրահոս