Արամի 30 հասցեում գտնվող պատմական շենքի քանդումից հետո մամուլում սկսեցին տեղեկություններ շրջանառվել այն մասին, որ առաջիկայում նախատեսվում է նաեւ Աբովյան, Պուշկին եւ Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում իրականացնել շենքերի ապամոնտաժման աշխատանքներ, իսկ տվյալ տարածքում առկա են թվով 4 հուշարձան-շենքեր: Երեւանի քաղաքապետարանն այս առնչությամբ տարածեց հայտարարություն, որտեղ նշվում էր, որ տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ ինչ վերաբերում է հուշարձան-շենքերի պահպանմանը, ապա քաղաքապետարանից հավաստիացրեցին, որ դրանք պահպանվելու են նույն տեղում: Այս վստահեցումները, սակայն, հավատ չեն ներշնչում քաղաքացիներին: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ:
-Պարո՛ն Քալաշյան, ինքներդ 4 հուշարձան-շենքերի դեպքում վերահաս վտանգ տեսնո՞ւմ եք:
-Այդ խնդիրը պահանջում է համակարգային մոտեցում եւ պետք է լուծվի պետականորեն: Ամբողջ պատմական կենտրոնի կառուցապատման համար պետք է լինի օրենսդրական փաստաթուղթ, որտեղ արձանագրված կլինեն շենքերի հետ կապված բոլոր միջամտությունները, դրանց սահմանափակումները եւ դրանք կստանան օրենքի ուժ: Այդ հարցի վերաբերյալ քաղաքաշինության նախարարությունը հայեցակարգ է մշակել, որը ընդունվել է Կառավարության կողմից, եւ հիմա կարծես թե այդ հայեցակարգը պետք է մտնի Աժ` հաստատվելու համար: Այդ գործընթացը կտեւի մեկ տարի, իսկ այդ ընթացքում առկա կլինեն Ձեր նշած վտանգները: Մինչդեռ ժամանակին ես քաղաքաշինության նախարարությանը առաջարկում էի կենտրոնի կառուցապատման վերաբերյալ մորատորիում, այսինքն` բոլոր քաղաքաշինական գործառույթների սառեցում մինչեւ օրենքի հաստատումը: Քաղաքաշինության նախարարությունից, սակայն, ասացին, որ չեն կարող նման քայլի գնալ, քանի որ հստակ չէ` օրենքը կանցնի, թե ոչ: Ասացի` ամեն դեպքում այդ կետը մտցրեք` սահմանափակելով բոլոր կարգի քաղաքաշինական միջամտությունները Երեւանի պատմական կենտրոնում: Նախարարությունն առաջարկս չընդունեց, ու թե երբ կընդունվի օրենքը, պարզ չէ, որեւէ երաշխիք չկա, որ դա կլինի ժամկետում: Վտանգը, որի մասին խոսում ենք, կախված է նաեւ Զվարթնոցի, Մարզահամերգային համալիրի, Արտգործնախարարության շենքի, անգամ` Կառավարական շենքի վրա. էլ ինչի՞ մասին է խոսքը:
-Այսինքն` երաշխիք չկա նաեւ, որ վերոնշյալ 4 հուշարձան-շենքերը կպահպանվե՞ն:
-Իհարկե, չկա: Մեզ մոտ գործում է միայն պետական գերակա շահը: Իսկ դրա մեջ մշակույթի պահպանությունը չի մտնում, ֆինանսների շրջանառությունն է ներառվում: Պետականության պակաս կա, օրենսդրական դաշտը թերի է, նաեւ գիտակցության պակաս կա, կամ էլ գիտակցություն կա, բայց դրան հետեւելը ձեռնտու չէ:
-Կա շրջանառվող կարծիք, որ եթե քաղաքային իշխանություններին ձեռնտու լինի, նրանք կարճ ժամանակում քննարկվող շենքերը կհանեն ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկից:
-Իհարկե, ամառային կինոթատրոնը Ձեզ օրինակ, այն Ձեր նշած ցանկի մեջ էր, բայց Կառավարության որոշմամբ հանվեց այնտեղից, եւ շենքն օտարվեց: Դրանից հետո հանրային բողոքի ալիք բարձրացավ, սակայն շենքը չվերադարձրին այդ ցուցակ:
-Քաղաքացիների մի ստվար զանգված այն կարծիքին է, որ քաղաքապետարանը հերթական անգամ փափուկ բարձ դրեց իրենց գլխի տակ` հավաստիացնելով, թե Աբովյան, Պուշկին եւ Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում գտնվող պատմական շենքերին վտանգ չի սպառնում: Դուք ի՞նչ կասեք:
-Միայն ասում են, որ ոչ մի խնդիր չկա, որ ամեն բան իրենց ուշադրության կենտրոնում է, ու ոչ մի բանի ձեռք չեն տա: Բայց Դուք հիշու՞մ եք` նույնը ասում էին Ծածկած շուկայի մասին, իսկ այսօր դրանից միայն հուշերն են պահպանվել: Ես նման դեպքերում որեւէ դրական սպասելիք չեմ ունենում: Այսօր հրամանը վերեւներից է գալիս. որոշողը ո՛չ քաղաքապետարանն է, ո՛չ պատվիրատուն:
-Այս դեպքում մեզ` քաղաքացիներիս, ի՞նչ է մնում անել:
-Բողոքի ակցիաներ, ստորագրահավաք: Անդադար է պետք անցկացնել դրանք. ուրիշ ելք չկա: Միայն բողոքը կարող է հարկադրել որեւէ որոշում չեղյալ համարել:
ԹԻՆԱ ՔԵՅԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՖՈՒՐՈՐ ԱՆԵԼ ԵՎ «ՇՈԿԱՀԱՐԵԼ»
Կրկեսի արտիստ, ակրոբատ, պարուհի եւ երգչուհի Թինա Քեյը արդեն երրորդ տարին է` երազում է իր պատկերացրած ֆորմատով եւ մասշտաբով մենահամերգի մասին, որը, սակայն, դեռեւս իրականություն չի դառնում: Պատճառը, ըստ Թինայի, միայն ֆինանսական միջոցներն են, որոնք առայժմ չի կարողանում հայթայթել:
«Այն, ինչ ուզում եմ իրագործել, պետք է լինի ստանդարտից դուրս, շատ շքեղ, այնպիսին, որ մարդիկ ապշահար լինեն… Պատկերացրեք, օրինակ` 20 հոգու, որոնք կիջնեն օդից. այդ ֆուրորը կարող եմ անել միայն ես, եւ եթե անեմ, ապա դա կլինի շոկային»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց Թինան` հույս հայտնելով, որ այս տարի, վերջապես, իր բաղձալի երազանքը կիրականանա: Նա ծրագրում է մենահամերգին հանդես գալ «Թի Քեյ» շոու-բալետի դպրոցի սաների հետ:
Մեր այն հարցին, թե արդյոք ճկուն մարմնով ու մտքով Թինայի համար այդքան դժվար է ճկուն կերպով հովանավոր գտնելը, պարուհին պատասխանեց. «Խոսքը մեծ գումարի մասին է, ընդ որում, եթե մենահամերգը կայանա, ինձ դրանից ստացված շահույթի հարցն ընդհանրապես չի հետաքրքրում»:
Ի դեպ, Թինան այս տարի մտադիր է նաեւ աշխատել որպես երգչուհի. նա հույս ունի, որ մինչեւ տարեվերջ հանդիսատեսին կմատուցի նոր տեսահոլովակ: «Պարարվեստը տարիք ունի, որքան էլ ճկուն լինես, ոսկորներդ քեզ ուղղակի դավաճանում են, հետաճ ես ապրում: Ես մեծացել եմ բեմում, ուստի երգարվեստով զբաղվելը նաեւ այնտեղ մնալու տարբերակ է: Նայում եմ Ջենիֆեր Լոպեսին, Շակիրային, Բեյոնսեին, որոնք ինձ համար էտալոն են…»,-ասաց նա:
Մեր այն հարցին, թե արդյոք առաջիկայում հնարավոր է մեր շոու-բիզնեսում, օրինակ` «հայկական Շակիրա» ծնվի, Թինա Քեյը պատասխանեց. «Մոտավորապես… Իհարկե, ոչ նմանակման միջոցով, թեպետ եթե նրանց նմանվեմ էլ, չեմ ամաչի, քանի որ իմ նշած արտիստները մեգաաստղեր են»:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում հայաստանյան պատվիրակը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլում, որը կկայանա մայիսի 10-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Այս մասին տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից: Առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում ելույթ կունենան նաեւ Խորվաթիան, Ֆինլանդիան, Մոլդովան, Հունաստանը, Հունգարիան, Ռուսաստանը, Նիդերլանդները, Սան Մարինոն, Ադրբեջանը, Կիպրոսը, Մալթան, Բոսնիա եւ Հերցոգովինան, Էստոնիան, Չեխիան, Մոնտենեգրոն, Իսլանդիան, Ավստրիան, Շվեդիան, Ֆրանսիան եւ Իսպանիան: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 12-ին, որի ընթացքում ելույթ կունենան Լատվիան, Բելառուսը, Իռլանդիան, Շվեյցարիան, Մակեդոնիան, Ավստրալիան, Լիտվան, Լեհաստանը, Իսրայելը, Սերբիան, Ալբանիան, Բուլղարիան, Դանիան, Վրաստանը, Ռումինիան, Սլովենիան, Նորվեգիան, Ուկրաինան, Բելգիան, Գերմանիան, Իտալիան եւ Մեծ Բրիտանիան: Մասնակիցների ելույթների հստակ համարները հայտնի կդառնան մարտին, երբ բոլոր երկրները ներկայացնեն իրենց երգերը: Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը:
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՍԵԱՆՍՆԵՐՈՎ
Տրետյակովյան պատկերասրահի եւ Ռուսական թանգարանի ղեկավարությունը որոշում է ընդունել Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսի այցելության սեանսներ կիրառել՝ նպատակ ունենալով այդ կերպ կանխել մարդկանց հնարավոր կուտակումները: Ցուցահանդեսը հուլիսի 28-ից մինչեւ նոյեմբերի 20¬ն անցկացվելու է Մոսկվայում, իսկ նոյեմբերի վերջից մինչեւ 2017 թվականի փետրվարը՝ Սանկտ Պետերբուրգում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Տրետյակովյան պատկերասրահի գլխավոր տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` աշխարհահռչակ ծովանկարչի ցուցահանդեսը նվիրված է նրա 200¬ամյակին, որը նշվելու է 2017 թվականին: Այցելուները կտեսնեն Այվազովսկու 100 գեղանկարչական եւ 50 գրաֆիկական ստեղծագործություններ:
ՄԻՆՉԵՎ ՄԵՌՆԵԼԸ
Հայտնի սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան տեղեկացրել է, որ ցանկանում է «մինչեւ մեռնելը» ռուսական ֆիլմ նկարահանել` ռուսաց լեզվով: Gazeta.ru-ի փոխանցմամբ` նա հայտնել է, որ իր գլխում այժմ միլիոնավոր մտքեր են պտտվում այդ հարցի շուրջ: Դրանցից մեկն էլ Դոստոեւսկու մասին ֆիլմ նկարահանելն է. «Ես սիրում եմ Ռուսաստանը, քանի որ զգում եմ` երակներովս նույն արյունն է հոսում»,- ասել է Կուստուրիցան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Կուստուրիցան նրան առաջարկել էր հակահրթիռային համակարգերը տեղակայել Սերբիայում գտնվող իր տան բակում։