Գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակը նահանջել է Հայաստանում, որի մասին են վկայում թե դիմելիության, թե բուժվողների ցուցանիշները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: «Անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացումների գրեթե 15 տոկոս, իսկ պոլիկլինիկական կազմակերպություններ և շտապ օգնություն դիմած հիվանդների գրեթե 5060 տոկոս նվազում: Հղիների շրջանում ստացիոնար դիմելիությունը նվազել է 59 տոկոսով:
46 տոկոսով էլ նվազել է վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացող հիվանդների թիվը»,«Արմենպրես»ի փոխանցմամբ` ասաց Արտավազդ Վանյանը: Նրա խոսքով` իրավիճակը Հայաստանում լիովին հսկվում է: Նա ասաց, որ առաջին մահերից հետո, որոնք գրանցվեցին նախորդ տարվա վերջին, իրենք ահազանգ հնչեցրեցին, ինչի արդյունքում բարձրացավ բնակչության զգոնությունը:
«Ստացիոնարների հոսքը մեծացավ, ու մենք զերծ մնացինք բարդացած դեպքերից: Այսօր ունենք հազարավոր փրկված կյանքեր, որը թույլ տվեց բուժումն անմիջապես կազմակերպել: Հայաստանը լիարժեք պատրաստ էր գրիպին: Մինչև այս դեպքերը վերակենդանացման բաժանմունքի բոլոր բժիշկները վերապատրաստվել էին, դրա համար էլ կարողացանք առաջին դեպքերը հայտնաբերել»,հավելեց Արտավազդ Վանյանը:
Նրա խոսքով` Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` ԱՀԿ անդամ 32 երկիր հայտնել է, որ եվրոպական տարածաշրջանում գրիպանման հիվանդությունների և ծանր սուր շնչառական վարակների աշխուժացման միտում է նկատվել: «Եվրոպական տարածաշրջանում 59 տոկոս շրջանառվում է գրիպի A տեսակի H1N1 ենթատիպը»,նշեց Վանյանը: Նա հավելեց, որ համաճարակային շեմի բարձրացում է նկատվում հարևան երկրներում` Վրաստանում և Իրանում: