Աբսուրդ է, չեմ կարող ուրիշ բառեր օգտագործել. Էդմոն Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ընտրական օրենսգրքում փոփոխություններին ընդառաջ առաջարկել է մինչեւ 2017 թվականը ՀՀ ընտրական համակարգում ներդնել Ղրղզստանի ընտրական փորձը, այսինքն՝ քվեարկությունն էլեկտրոնային տարբերակով անցկացնել: Ըստ նրա՝ այս մեխանիզմն ամբողջությամբ մաքրում է ընտրացուցակները, բացառում լցոնումները, մահացածների եւ երկրից բացակայողների փոխարեն քվեարկությունները եւ «կառուսելների» կազմակերպումը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սակայն, իրականում ՀՀ իշխանություններն են ցանկություն հայտնել քվեարկության գործընթացը դարձնել էլեկտրոնային, որպեսզի իրենց ցանկալի արդյունքին հասնելու հնարավորությունն ավելի մեծ լինի: «Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

-Պարո՛ն Մարուքյան, Դուք ընտրական օրենսգրքում փոփոխություններին ընդառաջ առաջարկել եք, որ Հայաստանում ներդրվի Ղրղզստանի ընտրական փորձը, այն է՝ քվեարկությունն էլեկտրոնային տարբերակով: Իշխանության ներկայացուցիչներից ո՞ւմ հետ եք զրուցել, եւ ովքե՞ր են կողմ Ձեր առաջադրած տարբերակին:

-Դեռ ոչ մեկի հետ չենք խոսել, որովհետեւ օֆիցիալ ինչ-որ հանդիպումներ չեն եղել, բայց տեղյակ ենք, որ քաղաքական մեծամասնությունով, ԿԸՀ-ով քննարկվում է այդ հարցը: Մենք ներկայացրել ենք ղրղզական փորձը: Ես Ղրղզստանում ընտրությունների ժամանակ եղել եմ դիտորդ, այսինքն՝ տեղում տեսել եմ՝ ինչպես է այդ համակարգը աշխատում, եւ մանրամասն ներկայացրել այն:

Հիմա ինչ-որ բան չկա մեզ հետ խոսելու, որովհետեւ մանրամասն ներկայացված է, ինչ-որ հանդիպելու, խոսելու բաներ չեմ տեսնում: Եթե նրանք համաձայնեն, ընդունեն դա, որը նաեւ ֆինանսական լուրջ ծախսերի հետ է կապված, ապա ես կարծում եմ, որ Հայաստանի ընտրական համակարգը վերջապես կազատվի իր 20 տարվա հնության հիվանդություններից:

-Էլեկտրոնային տարբերակով քվեարկություն անցկացնելը որքանո՞վ է արդյունավետ, եւ արդյո՞ք այն ընտրակեղծիքներ կատարելու հնարավորություն չի տա:

-Այդ համակարգի ներդրմամբ հնարավոր չի լինի կրկնաքվեարկություններ անել, «կառուսելներ» կազմակերպել, հետագայում քվեարկությունից հետո ձայների տրցակը դնել մյուսի վրա եւ, ընդհանրապես, կմաքրվեն ընտրության ցուցակները: Այսինքն՝ քվեաթերթիկ լցոնելը լրիվ կվերանա, տեղամասում այլեւս խախտումներ հնարավոր չի լինի անել, իսկ մնացած` տեղամասից դուրս տեղի ունեցող խախտումները` ընտրակաշառքի բաժանում եւ այլն, արդեն դրա դեմ պայքարը ընտրական օրենսգրքի շրջանակներում չէ: Հիմա կոնկրետ ընտրական օրենսգիրքն են քննարկում, ու այդ մասով եթե մենք հարցը լուծենք, տեղամասի ներսում այլեւս խնդիր չենք ունենա:

-Ըստ որոշ տեղեկությունների՝ իրականում իշխանության ներկայացուցիչներն են էլեկտրոնային տարբերակով քվեարկություն անցկացնելու ցանկություն հայտնել, եւ նրանց հորդորով է, որ Դուք նման նախագծով եք հանդես եկել: Արդյո՞ք այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:

-Աբսուրդ է, չեմ կարող ուրիշ բառեր օգտագործել, որ մի քիչ վատ չհնչի: Այսինքն՝ իշխանություններն ասել են՝ գնա Ղրղզստան, ուսումնասիրի, հետ արի, հետո, երբ որ մենք Սահմանադրությունն ընդունենք, առաջարկի՞: Դա աբսուրդ է, ոչ մեկ ոչ մեկի ներսից չի ասել, եւ եթե դա ընդունելի էր, ավելի լավ կլիներ, որ նրանք անեին, ոչ թե այդ կրեդիտը մնար «Լուսավոր Հայաստան»-ին:

-Պարո՛ն Մարուքյան, նշվում է, որ եվրոպական կառույցների հետ բանակցություններ են ընթացել, որպեսզի անհրաժեշտ ֆինանսավորում հատկացնեն` նախագիծը կյանքի կոչելու համար: Այս առնչությամբ ի՞նչ կասեք:

-Հիմա մենք ենք բոլոր կառույցների հետ աշխատում, որ աջակցեն, եւ այդ տեխնիկան տրվի Հայաստանին: Այսինքն՝ ոչ թե մեզ փող տան, որ ներդնենք, այլ տան այդ տեխնիկան, դասընթացները կազմակերպեն հանձնաժողովի անդամների համար, որպեսզի այդ համակարգը ներդրվի:

-Արդեն իսկ մտահոգություններ են հնչում` կապված այն բանի հետ, որ այս համակարգը հնարավորություն է տալու տեսնել, թե ում օգտին են քվեարկում քաղաքացիները: Արդյո՞ք նախագիծը նման հնարավորություն է տալու, եւ մարդկանց մտավախությունները տեղին են:

-Այստեղ երկու տարբերակ կա: Առաջին տարբերակում քվեատուփը միաժամանակ հաշվում էր ձայները, իսկ երկրորդ տարբերակում ձայները վերջում են հաշվում, եւ ընթացքում ոչ ոք չի իմանում, թե ինչ ձայներ են հավաքվում: Այստեղ պետք է նվազեցվի մարդկային գործոնը, այսինքն՝ որեւէ կերպ մարդու ազդեցություն չլինի համակարգում: Եթե մեր ներկայացված համակարգը ներդրվի, այդ մտահոգությունները չեն լինելու:

Ցանկացած լավ գաղափար կարելի է խեղաթյուրել ու փչացնել, ինչը որ Հայաստանում միշտ արվել է, բայց եթե այդ գաղափարը խեղաթյուրված, ինչ-որ խուճուճ ձեւերով ներդրվի, պարզ է, որ չի լինի այն փորձը, ինչ-որ Ղրղզստանում է կիրառվում: Մեր առաջարկած տարբերակով հնարավոր չի՝ Ձեր ասածը տեղի ունենա:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս