Պրոֆեսիոնալ ջազ-վոկալիստ Միշ (Միքայել) Ամիրյանը, ով հանդես է գալիս էսիդ ջազ, ֆանք, սոուլ ոճերում, չի սիրում տեսահոլովակներ նկարահանել, հանրության ուշադրության կենտրոնում լինել, սակայն ունի իր լսարանը, տարբեր ակումբներում հանդես է գալիս կենդանի կատարումներով: Նա հասցրել է ելույթ ունենալ աշխարհահռչակ դեմքերի, հայտնի արտիստների հետ, ինչպիսիք են, օրինակ, Ռիշար Բոնան, Հերբի Հենքոքը, Նինո Կատամաձեն եւ այլք: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Միշը զրուցել է հայաստանյան հանդիսատեսի, իր գրանցած հաջողությունների եւ այլ թեմաների շուրջ:
-Մի՛շ, ինչի՞ց է, որ մեծ մասամբ նախընտրում եք մի տեսակ ստվերում մնալ: Ինքներդ չեք ձգտում հանրության ուշադրության կենտրոնում լինել:
-Ես հիմա նոր գործերի վրա եմ աշխատում, երգում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս, տեսահոլովակ չեմ սիրում, հեռուստատեսությամբ երեւալ եւս: Հիմնականում ներկայանում եմ կենդանի կատարումներով, նաեւ` օնլայն տիրույթում: Երաժշտական այն ոճը, որը ես եմ ներկայացնում, հասանելի չէ հասարակության լայն շերտերին, այսինքն` ես ունեմ նեղ, բայց իմ մշտական լսարանը: Հանդես եմ գալիս համերգներով, լինում եմ նաեւ արտերկրում: Ի դեպ, նկատել եմ, որ, օրինակ, Եվրոպայում, երբ մարդ գնում է համերգի, փորձում է մաքսիմալ հասկանալ այն, ինչ լսում է, նույնիսկ եթե իր լսածը խորթ է ականջին, չի թողնի, գնա դահլիճից, իսկ մենք` կգնանք. նման բան միայն մեզ մոտ կարող է լինել: Մենք նորությունը, մի բան, որին սովոր չէ մեր ականջը, չենք ընդունում:
-Այս խնդիրը, ըստ Ձեզ, որտեղի՞ց է գալիս:
-Որքան էլ համացանցը ընդլայնի իր տիրույթը, ամեն դեպքում, մեր ժողովրդի զգալի հատվածն ինֆորմացիա է ստանում հեռուստաընկերություններից: Իսկ վերջիններս այն ոճի երաժշտություն, որը ես եմ ներկայացնում, չեն մատուցում:
-Այս պայմաններում հնարավո՞ր է ջազի, ֆանքի, սոուլի միջոցով գումար աշխատել:
-Հարեւան երկրներում, օրինակ, Վրաստանում, այս երաժշտությամբ զբաղվողները ավելի բարենպաստ պայմաններում են աշխատում, այնտեղ ցանկացած միջոցառում կազմակերպվում է բարձր մակարդակով:, Իսկ, առհասարակ, ամեն ինչ էլ հնարավոր է, եթե ճիշտ կազմակերպես աշխատանքդ: Այսօր երաժիշտները շատ են ընկնում գումար աշխատելու ետեւից եւ հանրությանը մատուցում են այն, ինչին վերջինս սովոր է: Դա արվում է, որ այդ երգիչ-երաժիշտներին հրավիրեն համերգների, կոորպորատիվների, այնինչ՝ կարելի է նաեւ դուրս գալ այդ շրջանակներից:
-Համաշխարհային հայտնի աստղերի հետ եք հանդես եկել, նրանց հետ ելույթներից ո՞րն է եղել Ձեզ համար ամենատպավորիչը: Նրանց հետ փորձի փոխանակումը որքանո՞վ եք կարեւորում:
-Նինո Կատամաձեի հետ, օրինակ, հետաքրքիր ելույթ եմ ունեցել: Ի դեպ, Վրաստանում իմ լսարանը շատ մեծ է, համերգներիս ժամանակ դահլիճը միշտ լեփ-լեցուն է: Շատ ուրախ եմ, որ ելույթ եմ ունեցել, օրինակ, Ռիշար Բոնայի, Հերբի Հենքոքի հետ, շատերին եմ հանդիպել տարբեր ջազ-փառատոնների ընթացքում: Իսկ փորձի փոխանակում տանը նստած էլ կարելի է անցկացնել, ես ամեն օր 4 ժամ լսում եմ նրանց եւ ոլորտի այլ մեծերի երաժշտություն (ծիծաղում է):
-Գիտենք, որ մի քնաի տարի առաջ կարիերայում մեծ ձեռքբերում եք ունեցել: Ուրիշ արտիստներ անպայման կթմբկահարեին այդ մասին, իսկ Դուք գրեթե չեք խոսել այդ թեմայի շուրջ: Կպատմե՞ք:
-2012-ին բրիտանական «Abbey road» հայտնի ստուդիան երգի մրցույթ հայտարարեց, որի շրջանակներում ընդունվեց 11 հազար հայտ ողջ աշխարհից: Դրանցից ընտրվեց 5000-ը, արդյունքում առաջին հորիզոնականում հայտնվեց իմ ներկայացրած «Triangle» երգը, այդքան դիմորդներից հաղթեցի հենց ես: Բայց մի հետաքրքիր բան եղավ. երբ մրցանակն ուղարկեցին, իմ պետությունն ինձ ասաց, որ այն պետք է մաքսազերծվի: Իսկ մրցանակս ընդամենը ստուդիայի սարքավորում էր… Դրանից հետո լուրջ չեմ համարում ինչ-որ բան անել… Ի վերջո, իհարկե, ես ստացա այդ մրցանակը, բայց արհեստական խոչընդոտներ են ստեղծվում, չգիտեմ` միտումնավոր, թե ոչ…
-Լավ է, որ գիտակցելով երկրում, ասպարեզում առկա բացթողումները, այնուամենայնիվ, նախընտրում եք մնալ եւ ստեղծագործել հայրենիքում:
-Դե ի՞նչ անեմ: Ամեն օր մեծ թվով պրոֆեսիոնալ երաժիշտներ հեռանում են այստեղից… Ես սիրում եմ մեր քաղաքը, որ ես էլ գնամ, ի՞նչ պետք է փոխվի… Այստեղ ես ես եմ եւ անում եմ այն, ինչ ուզում եմ:
Աննա Բաբաջանյան