«Վարչապետը նկատի ուներ այ, է՛ն հետնամուտքը». Վահրամ Շահինյանն արդարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 19-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ  Աբրահամյանը կառավարության անդամներին ասաց, որ «նիստերից հետո բազմաթիվ լրագրողներ սպասում են կառավարության մուտքի մոտ: Յուրաքանչյուրս պետք է օգտագործի այս առիթը՝ հանրության հետ եւս մեկ անգամ հաղորդակցվելու, հարց պարզաբանելու համար եւ ոչ թե, ասենք, դուրս գա այլ մուտքով»:

Այս հայտարարությունից ընդամենը երկու ամիս անց` հունվարի 20-ի նիստի ժամանակ, Աբրահամյանն անդրադարձավ պետական գերատեսչությունների աշխատակիցների եւ նախարարների կարգապահությանը: «Ես անձամբ հետևելու եմ, որ բոլորը ժամանակին աշխատանքի գան և ժամանակից շուտ աշխատանքից չհեռանան»,-ասաց նա:

Սակայն, ինչպես երեւում է, այնքան էլ լուրջ չեն ընդունվել ՀՀ վարչապետի հորդորները, քանի որ մի շարք նախարարներ շարունակում են հետնամուտքով դուրս գալ: «Ժողովուրդ»-ն այս առնչությամբ երեկ հարցախույզ է արել մի շարք պաշտոնյաների շրջանում:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյան

– Պարո՛ն Շահինյան, հիշո՞ւմ եք՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորել էր հետնամուտքից դուրս չգալ: Ինչո՞ւ եք հետնամուտքով դուրս գալիս:

-Բարեւ Ձեզ:

-Բարեւ Ձեզ:

-Լավ ե՞ք: Ձեր անցած տարին շնորհավոր լինի, Նոր տարին էլ հետը:

-Ձերն էլ շնորհավոր: Պարո՛ն Շահինյան, այնուամենայնիվ, ինչո՞ւ եք հետնամուտքով դուրս գալիս:

-Սա հետնամուտք չի: Սա տեսեք՝ ինչ ճարտարապետական գեղեցիկ …

Բայց սա հետնամուտքն է: Վարչապետը հորդորել էր…

-Վարչապետը նկատի ուներ այ, էն հետնամուտքը: Սա նայեք, տեսեք՝ հետնամուտքի նմա՞ն է:

-Եւս մեկ հարց՝ պայմանավորված կառավարության աշխատակիցների…

-Ցտեսությո՛ւն:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյան

-Պարո՛ն Թամազյան, վարչապետը կառավարության աշխատակիցներին հորդորել էր գլխավոր մուտքից դուրս գալ: Դուք ինչո՞ւ չեք հետեւում վարչապետի հորդորներին:

-Ես այստեղ եմ պայմանավորվում Ձեր հետ հանդիպել եւ պայմանավորվածությունս կայացավ, համեցե՛ք: Ես կառավարության անդամ չեմ, վարչապետը հորդորել է կառավարության անդամներին:

– Նա բոլոր ներկաներին ասաց:

-Ես պատասխանեցի:

Արփինե Թովմասյան

Շարունակելի…




Լրահոս