Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՐԴԱՐԱՑՆԵԼ ՓԵՍԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվեցին սերբ պատգամավոր Միլիցա Մարկովիչի ներկայացրած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» եւ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» հակահայկական զեկույցները: Քննարկման ավարտին Միլիցա Մարկովիչի կողմից ներկայացված զեկույցն ընդունվեց` մնալով օրակարգում, իսկ Ռոբերտ Ուոլթերի զեկույցը մերժվեց: Այսպիսով կարելի է ասել՝ հայկական պատվիրակությանը հաջողվեց կիսով չափ լուծել խնդիրը: Փաստորեն, կարողանում են, երբ ուզում են: Մնում է, որ Հայաստանի շահերը ԵԽԽՎ-ում ներկայացնելուն կոչված մեր պատգամավորները նույնպիսի ջանասիրությամբ աշխատեն մշտապես:

Մարկովիչը զեկույցի քննարկման ընթացքում մի քանի անգամ ելույթ ունեցավ` կոչ անելով պատգամավորներին կողմ քվեարկել եւ լուծել ջրային պաշարների հասանելիության խնդիրը ադրբեջանական բնակչության համար: Նա նաեւ նշեց, որ ցանկացել է այցելել Հայաստան, սակայն իր այցի կազմակերպումը խոչընդոտվել է ՀՀ պատվիրակության կողմից: Այնուհետեւ քննարկման ավարտին զեկույցի օգտին քվեարկեց 98, դեմ 71 պատգամավոր: Իսկ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» հակահայկական զեկույցին կողմ քվեարկեց 66, դեմ 70 պատգամավոր:
Հավելենք, որ ԵԽԽՎ երեկվա նիստում բազմաթիվ քննադատական խոսքեր հնչեցին հակահայկական զեկույցների մասին, մասնավորապես Եվրոպական ժողովրդական, Քրիստոնեադեմոկրատական, Սոցիալիստական կուսակցությունների ներակայացուցիչների կողմից:
«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, երեկ ԵԽԽՎ-ում քննարկվեցին երկու հակահայկական զեկույցները, որոնցից մեկն ընդունվեց: Ի՞նչ եք կարծում՝ այս խայտառակ փաստթղթերի ի հայտ գալը արդյոք հայկական պատվիրակության եւ դիվանագիտական կորպուսի սխալ աշխատանքի արդյունքը չէր:
-Ես այդ կարծիքին չեմ: Բայց դա չի նշանակում, որ մեր պատվիրակությունը որեւէ բացթողում չի ունեցել: Իրերի իրական վիճակն այնպիսին է, որ նույնիսկ ամենալարված աշխատանքի պարագայում նման հարցեր օրակարգ կարող էին մտնել, եթե հաշվի առնենք ԵԽԽՎ ընթացակարգերը, եթե հաշվի առնենք, ցավոք սրտի, այդ կառույցում առկա փոխհարաբերությունների ստորջրյա որակները կամ հնարավորությունները: Դրա համար ես այդ կարծիքին չեմ: Եվրոպական հայտնի կառույցներ` Մինսկի խումբ, համանախագահողներ, մտահոգված հայտարարություններ են անում: Այս ամեն ինչի մասին Եվրոպայի մեր գործընկերները մտահոգված արտահայտվում են, եւ արդյո՞ք այդ գիտակցումը ԵԽԽՎ-ի մոտ իսպառ բացակայում է, իհարկե, ոչ: Բայց, ցավոք սրտի, կան այլ շահեր, որոնցով առաջնորդվում են պատգամավորները: Նախ ԵԽԽՎ-ի որեւէ բանաձեւ պարտադիր կիրառման իրավական, քաղաքական ուժ չունի: Այդ բանաձեւերի քաղաքական, աշխարհաքաղաքական ուղղակի ազդեցությունը բանակցային գործընթացի վրա շատ նվազագույն է: Ընդամենը մեկ բան. դա ադրբեջանական կողմին կարող է ոգեւորել: Հետեւաբար բանակցային գործընթացում նրանք կգնան ավելի ապակառուցողական վարք դրսեւորելուն: Թե՛ մեր, թե՛ համանախագահողների, թե՛ եվրոմիության կամ այլ միջազգային հեղինակավոր կառույցների մտահոգությունը սրանում է կայանում` ուղղակի չձախողել փխրուն ձեռքբերումները զինադադարի կամ խաղաղության, որ այսօր մենք ունենք, եւ դրանք նոր սպառնալիքի տակ չդնել: Սա է ամբողջ խնդիրը:
-Մեր տեղեկություններով՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն առաջիկայում պատրաստվում է վայր դնել իր լիազորությունները, իսկ նրան փոխարինելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Ըստ Ձեզ` ինչո՞ւ է Նաղդալյանը ցանկանում այդպիսի քայլի դիմել:
-Որքան ես տեղյակ եմ՝ չի փոխարինվել: Սամվել Ֆարմանյանը ընդգրկվել է պատվիրակության կազմում, բայց չի փոխարինել Նաղդալյանին:
-Պարո՛ն Հարությունյան, Ձեր փեսան Ստրասբուրգում Եվրոպական խորհրդի Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպանն է եւ հակահայկական զեկույցների շուրջ քննադատությունների ալիքը նրա վրա էլ է տարածվում: Նա հակահայկական զեկույցների դեմ որեւէ քայլով հանդես եկել է` փորձելով կանխել դրանք:
-Արտգործնախարարությունն ու իր կառուցվածքները ներկայացնում են գործադիր իշխանությունը, խորհրդարանական հատվածի հետ դեսպանությունն ուղղակի առնչություններ չունի, անուղղակի, իհարկե: Եւ բնական է՝ դեսպանությունը նույնպես իր հնարավորությունների շրջանակներում փորձում է նպաստել, որպեսզի այդպիսի հակահայկական բանաձեւեր չանցնեն:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 

 
ԵԽԽՎ-Ն ԿՏՐԵՑ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԹԵՄԱՆ

Հայրենի ներքաղաքական կյանքում շարունակում է գերիշխել սպասողական վիճակը: Իշխանական ու ոչ իշխանական, նույնիսկ ընդդիմադիր հատվածը շունչները պահած սպասում են Սերժ Սարգսյանի կողմից կայացվելիք որոշմանը:
Անգամ ՀՀ կառավարության անդամ նախարարները չգիտեն՝ ինչ է իրենց սպասվում. մնո՞ւմ են, թե՞ գնում: ՀՅԴ-ի հետ ընթացող բանակցությունները Դաշնակցությանը բնորոշ գաղտնիության քողի տակ է արվում: Սերժ Սարգսյանը եւս չի շտապում իր մտադրությունների մասին բարձրաձայնել:
Դե, ՀՀ նախագահի նստավայրում մինչ երեկ զբաղված էին ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների տապալման գործընթացը կազմակերպելով, իսկ վաղն էլ Հայոց բանակի կազմավորման 24 տարին ենք տոնելու: Այսինքն՝ այս անորոշության որդը դեռ կշարունակի կրծել իշխանության գրեթե բոլոր օղակներին, մինչեւ Ս. Սարգսյանն ազատվի եւ անցնի կոալիցիային առնչվող խնդիրներին:

 

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՍԵԹԵՎԵԹՈՒՄ Է

Երեկ «Իրատես դե ֆակտո»-ն հրապարակեց, որ «չի բացառվում, որ ՀՀ օմբուդսմեն դառնա ՀԱԿ ներկայացուցիչ, ոչ անհայտ Գագիկ Ջհանգիրյանը… իշխանությունները, խորհրդարանական ընտրություններից առաջ կփորձեն մինչեւ վերջ «սպառել» ՀԱԿ-ին»: Այս հրապարակումից հետո երեկ լրագողները ԱԺ միջանցքում «հարցախեղդ էին անում Գագիկ Ջհանգիրյանին՝ ճի՞շտ են այդ լուրերը, թե՞ ոչ: Ի պատասխան՝ նախկին զինդատախազ, այսօր ընդդիմադիր Ջհանգիրյանը ասաց. «Մեր խմբակցությունում այդ ընտրություններին մասնակցելու, թեկնածություն առաջադրելու, մեկ ուրիշի թեկնածությանը պաշտպանելու հարց չի քննարկվել: Կգա ժամանակը, քննարկումներ կլինեն, կիմանանք: Մամուլը շատ բան կգրի… »:
Նկատենք, որ Ջհանգիրյանն ուղղակի չհերքեց՝ իրեն նման առաջարկ արվե՞լ է, թե՞ ոչ: Նա միայն սեթեւեթում էր, թե. «Որ առաջարկ լինի, մենք կքննարկենք, կասենք»: Բայց ինչպես երեւում է՝ այս պատասխանը ՀԱԿ կուսակցության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանին դուր չի եկել, եւ երեկ ՀԱԿ-ի խոսնակ Արման Մուսինյանը փորձեց իսպառ հերքել լուրը: «Շատ դժվար է մեկնաբանել գոյություն չունեցող որեւէ բան: Միայն կասեմ, որ այդ բոլոր հրապարակումները պատկանում են լրատվական սպեկուլյացիաների ժանրին եւ ոչ մի աղերս չունեն իրականության հետ»,- «Ի լուր»-ի հետ զրույցում ասել է խոսնակը:
Այսպիսով, տպավորություն է, որ Ջհանգիրյանն իսկապես ցանկանում է օմբուդսմեն դառնալ, սակայն ՀԱԿ-ում համաձայն չեն: Մնում է՝ նաեւ Սերժ Սարգսյանը տա իր դրական պատասխանը:

 

ԶԵՆՔԻ ԳՆՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ ՀԱՅՏՆԻ Է

Այսպես կոչված «հանցավոր խմբի» կալանավորված անդամներից ազատ արձակվածների թիվը երեկ հասավ վեցի: Ինչպես եւ կանխատեսել էինք՝ երեկ ազատ արձակվեց Ավետիս Բարեյանը: Սակայն ենթադրվում է, որ առաջիկայում նոր մարդիկ եւս ազատ կարձակվեն: Բայց մինչ օրս Հայաստանի հանրության համար այդպես էլ անհայտ է մնում, թե խմբի անդամները որտեղից էին մի ամբողջ ջոկատի զենք-զինամթերք ձեռք բերել, որոնց մեծ մասը կարող էր լինել բացառապես ՀՀ ուժային կառույցներում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ին հաջողվել է զենքի ձեռքբերման աղբյուրները եւ դրանց մատակարարներին պարզել: Նրանք կալանավորվածների թվում են: Ըստ լուրերի՝ զենքի ձեռք բերման ուղիները հիմնականում ձգվում են դեպի Լոռու մարզ:

 

 

ԿՐԿԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ

«Ժողովուրդ»-ն անցած տարի անդրադարձել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» դիզվառելիքի գողության դեպքերին: Դրանցից մեկով 2015թ մայիսի 26-ին կոմբինատի աշխատակիցներից երկուսը կալանավորվել էին: Նրանք մեղադրվում էին կոմբինատի փաստաթղթերը կեղծելով՝ 3 մլն դրամի դիզվառելիք գողանալու մեջ: Մասնավորապես, կալանավորվել էին ԶՊՄ կոմբինատի ավտոկայանատեղի պատասխանատու Կարեն Ենդիգարյանը եւ նրա աշխատակից Գոռը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կոմբինատի աշխատակիցները հայտնել են, որ Գոռը կատարվածի հետ կապ չունի, բայց նրանց վրա ճնշում են գործադրել, որպեսզի ցուցմունքներում Գոռի անունը եւս նշեն: Չնայած որոշ ժամանակ անց Գոռն ազատ է արձակվել, սակայն նախաքննություն իրականացնող քննիչներն այդ որոշումը բողոքարկել են, եւ նրան կրկին կալանավորել են:

 

 

«ԱՐԻ ՏՈՒՆ 2016»

ՀՀ կառավարությունը հունվարի 29-ի նիստում, հնարավոր է, իր հավանությունը տա սփյուռքի նախարարության կողմից ներկայացվելիք երկու նախագծերին: Նշենք, որ սփյուռքի նախարարությունը կառավարություն է ներկայացրել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի եւ 2016 թվականի «Արի տուն» ծրագրերի եւ դրանց իրականացման միջոցառումների ցանկը: Ի դեպ, «Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունն ակնկալում է, որ 2016 թվականին 1 հազար 100 սփյուռքահայ երիտասարդներ կայցելեն Հայաստան, որոնք նախ պետք է հյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում, ապա իրենց հասակակիցների հետ մասնակցեն «Արի տուն» ճամբարին: Նախատեսվում է, որ ծրագիրը պետք է ֆինանսավորվի ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում:




Լրահոս