Ավելի քան տասը տարի առաջ Վարդենիսում անչափահասի դաժան սպանության գործով նոր բացահայտումնե՞ր կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի դատական ատյաններում կրկին կքննվի ավելի քան տասը տարի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում անչափահասի դաժան սպանության սպանության գործը: Ինչպես հայտնի է, մեղավոր ճանաչված Նալբանդյան ամուսինները պնդում են, թե տարիներ շարունակ ուրիշի փոխարեն են պատիժ կրել:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Այն վերաբերում է փաստաբան Սեդա Սաֆարյանի գանգատին «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» գործով, որտեղ, ըստ Եվրադատարանի, խախտվել են Նալբանդյանների` արդար դատաքննության, դատական պաշտպանության մատչելիության իրավունքները, ինչպես նաև անմարդկային վերաբերմունք է դրսևորվել նրանց նկատմամբ: Այս գործով որպես փոխահատուցում սահմանվել է 62 հազար եվրո գումար, որից Բագրատ Նալբանդյանին ՀՀ կառավարությունը պետք է վճարի 10 հազար եվրո, Նարինե Նալբանդյանին` 27 հազար եվրո, և Արևիկ Նալբանդյանին 25 հազար եվրո:

16-ամյա Սյուզաննա Սարգսյանին դաժանորեն սպանելու մեջ մեղավոր ճանաչված Նալբանդյան ամուսինների բողոքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 1 տարի առաջ մասնակիորեն բավարարել էր, ինչի հիման վրա էլ օրեր առաջ Վճռաբեկ դատարանը գործի վերաբացման վարույթ է սկսել:

ArmLur.am-ի հետ զրույցում մահացած անչափահասի մայրը՝ Ալվինա Սարգսյանը, վստահեցրեց՝ մեղավորները Նալբանդյաններն են, իսկ վերաբացման վարույթ սկսելն իրենց սպին թարմացնելու անմարդկային փորձ է. «Ես հաստատ գիտեմ, որ դրանք են սպանել: Մի՞թե ես չեմ ցանկանա իմ դուշմանին ճանաչեմ, բայց ես գիտեմ, որ սպանողները դրանք են: Ինչպե՞ս կարելի է այսքանից հետո՝ երեխաս չկա, ամուսնուս հիվանդությունն էլ արագացրին, հեռացավ, նորից մեր գլխին սև ամպեր են կուտակում»,- հուզված ու վրդովված ասաց Ալվինա Սարգսյանը:

Վերջինիս խոսքով՝ իր ամուսնու վաղաժամ մահվան պատճառը վերջին շրջանում դստեր սպանության գործի շուրջ բարձրացված աղմուկն էր, իսկ ինքն էլ այս օրերին չգիտի՝ ինչ անել. քրգործի վերաբացումը դաժան հիշողություններ է արթնացրել. «Աղջկաս հիշատակի հետ են խաղում: Դրանք սրբություն չունեն: Փողի դիմաց ինչեր ասես, որ չեն անի»,- շարունակեց մեր զրուցակիցը, իսկ հարցին, որ մեղադրվող ճանաչված կողմի առաջ քաշած վարկածների համաձայն՝ Սյուզաննայի սպանության մեջ կարող է կասկածվել նաև ոստիկանության աշխատակցի որդին, Ալվինա Սարգսյանը պատասխանեց. «Ի՞նչ գործ ուներ ոստիկանի որդին իմ էրեխու հետ: Էդ ինչե՞ր են խոսում: Հե՛նց իրենք են սպանել»:

Նշենք, որ համաձայն մեղադրական եզրակացության` Վարդենիսի անչափահաս բնակչուհի Սյուզան Սարգսյանը մարտի 31-ին գնացել էր համադասարանցու՝ Արևիկ Նալբանդյանի տուն եւ նրա մոր` Նարինե Նալբանդյանի հետ վիճել:

Վերջինս իր տան խոհանոցում վիճաբանության ընթացքում «Ջերմուկի» ապակե շշով մի քանի անգամ հարվածել էր անչափահաս, 16-ամյա Սյուզաննա Սարգսյանի դեմքին: Աղջնակը ստացած հարվածներից կորցրել էր գիտակցությունը:

Տանտերերը մետաղալարով կապել էին Սյուզաննայի ձեռքերը, փակել բերանը եւ 5-6 ժամ թողել էին փակված խոհանոցում, սակայն աղջնակը այդ ժամանակ դեռ ողջ է եղել:

Ըստ քրեական գործի նյութերի՝ ամուսինները, մի քանի ժամ սպասելուց հետո դեռեւս չմահացած աղջկան կեսգիշերին քաշ տալով տարել եւ նետել էին իրենց տնից ոչ հեռու գտնվող մազութի հորը, որտեղ էլ Սյուզաննան մահացել էր:

2005-ի փետրվարի 4-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով աղջկան սպանելու մեջ կասկածվող Նարինե Նալբանդյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման, իսկ Բագրատ Նալբանդյանը՝ 9 տարվա:

Հիշեցնենք նաև, որ այն ժամանակ այս քրեական գործով հետաքրքրված էր նաեւ «Հելսինկյան ընկերակցությունը», որը կասկածի տակ էր դրել այդ սահմռկեցուցիչ հանցագործության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ու դատաքննությունը: Ուստի` ամբաստանյալների պաշտպանությունը ստանձնել էր կազմակերպության անդամ Սեդա Սաֆարյանը: Նրա պաշտպանյալներից Նարինե Նալբանդյանը դատարանում հայտնել էր, թե ինքնախոստովանական ցուցմունքներն իրենից բռնությամբ են կորզել:

Սեդա Սաֆարյանը Եվրոպական դատարան էր դիմել:

Բողոքում նշվել էր, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններում, դատական համակարգում խախտվել են Նալբանդյանների արդար դատաքննության, արդյունավետ պաշտպանության, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքները, նշվել է նաև անհիմն կերպով կալանքի տակ պահելու մասին:

2012 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել էր Սյուզաննա Սարգսյանի սպանության գործով հարցուպատասխանը ՀՀ կառավարության հետ:

Ավելի վաղ ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Սեդա Սաֆարյանը նկատել էր, որ դեռևս նախաքննության ընթացքում «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով Սյուզաննային տանելու մասին էր խոսվում, սակայն վարույթն իրականացնող մարմինը խնամքով շրջանցել էր դա, արդյունքում սխալ պատկեր էր ստացվել. «Ես կարծում եմ, որ եթե այս գործով ներպետական դատարաններում պայքար սկսեմ, պետք է հասնեմ արդարացի բացահայտմանը: Այլ խնդիր է, թե տուժողի իրավահաջորդին որքանով է ձեռնտու իր աղջկա մահվան հանգամանքների բացահայտումը: Ես արդեն կասկածում եմ, որ նրանց դա ձեռք է տալիս, քանի որ եթե մի մարդու ցանկանում ես բացատրել, որ աղջկադ շուրթը վնասված էր ինչ-ինչ պատճառներով, նա չի հասկանում, որ դա պետք է բացահայտվի: Անգամ այն ցուցմունքներով, որոնք խոցելի են և այսօր չենք ընդունում և ստի վրա են կառուցվել, չեն բացահայտում`շրթունքների վնասվածքն ինչով է բացատրվում»:




Լրահոս