«Շանտաժ անելու վատ եղանակ է ընտրել». Սեդա Սաֆարյանը զրուցել է Վարդենիսի ոստիկանապետի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ 10 տարի առաջ Վարդենիսում սպանված 16-ամյա Սյուզաննա Սարգսյանի հայրը` Աղաբեկ Սարգսյանը, արդեն 3 օր է` գտնվում է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի Վերակենդանացման բաժանմունքում: Բաժանմունքից Armlur.am-ին հայտնեցին, որ Ա. Սարգսյանի վիճակը ծանր է, սակայն ինքնազգացողության հետ կապված դրական տեղաշարժ նկատվում է:

Հիշեցնենք, որ կատարվածում Աղաբեկ Սարգսյանի կինը մեղադրում է փաստաբան Սեդա Սաֆարյանին` ասելով, թե վերջինիս հարցազրույցներն են ամուսնուն սթրեսի հասցրել: Այս առիթով Armlur.am-ի հետ զրույցում փաստաբան Սեդա Սաֆարյանը նախ զարմացավ, որ կարող են Սարգսյանները նման հայտարարություններ անել, ապա ասաց. «Այսինքն` հիմա ի՞նչ է ստացվում, ե՞ս եմ նրան հայհոյել, թե՞ նա է ինձ զանգել, հայհոյել: Ես ընդհանրապես չեմ խոսել, եթե փորձում է այս եղանակով շանտաժ անել, շատ վատ եղանակ է ընտրել: Ինքն է ինձ զանգել, իսկ ես բառ չեմ ասել: Նա թույլ չէր տալիս, որ ես խոսեմ, միալար ինքն էր խոսում, նույն հայհոյանքն ու նույն բառերն անընդմեջ ասում էր»:

Սեդա Սաֆարյանի խոսքով` ինքը չի արել այնպիսի բան, ինչից Աղաբեկ Սարգսյանի ինքնազգացողությունը կվատանար, առավել ևս, Վերակենդանացման բաժանմունք կընկներ:

Փաստաբանը հայտնեց, որ հայտնի զանգից հետո Աղաբեկ Սարգսյանն իրեն չի զանգել, չի սպառնացել. «Դրանից հետո այլևս զանգեր չեն եղել, մեր մեջ էլ այլևս ուրիշ խոսակցություն չի եղել: Նա դժգոհ էր ՄԻԵԴ-ի որոշումից, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ: Ես նրան հակառակորդ կողմ էլ չեմ համարել: Նա մարդ է, ով գտնվում է մոլորության մեջ: Նրա զանգելուց 15 րոպե անց ես հաղորդում եմ ներկայացրել, իսկ բաժնում ինձ հարցրել են` ինչպես եմ վերաբերվում այս ամենին, ես էլ ասել եմ, որ ճիշտ չի ընկալվի, ինքս էլ տրամադրված չեմ այդ մարդկանց դեմ: Իրենց ցավն իրենց բավական է, ես ճնշումներ չեմ գործադրի, այդ օրվա միջադեպը, կարծում եմ, զուտ առաջին պահի հոգեկան հուզմունքի վիճակ է: Իմ տպավորությամբ` դա չէր շարունակվելու»:

Սեդա Սաֆարյանի փոխանցմամբ` ստեղծված իրավիճակի շուրջ ինքը զրուցել է նաև Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Համլետ Ղամբարյանի հետ: Վերջինիս փաստաբանն ասել է, որ չի ցանկանում` լարված հարաբերությունները Սարգսյանների հետ շարունակվեն, ինչին ոստիկանապետը, բնականաբար, հավանություն է տվել:

Սեդա Սաֆարյանը հայտնեց նաև, որ ինքը քրեական գործ հարուցելու կամ քրեական հետապնդում իրականացնելու պահանջ չի ներկայացրել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբան Սեդա Սաֆարյանի և Աղաբեկ Սարգսյանի միջև լարված հարաբերություններ էին ստեղծվել այն ժամանակ, երբ ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել ընդդեմ ՀՀ-ի, ինչի շուրջ փաստաբանը հարցազրույցներով էր ներկայացել: ՄԻԵԴ-ի որոշումը վերաբերում է փաստաբան Սեդա Սաֆարյանի գանգատին «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» գործին, որտեղ, ըստ Եվրադատարանի, խախտվել են Նալբանդյանների` արդար դատաքննության իրավունքը, դատական պաշտպանության մատչելիության իրավունքը, նաև անմարդկային վերաբերմունք է դրսևորվել նրանց նկատմամբ: Խոսքը 10 տարի առաջ անչափահաս Սյուզաննա Սարգսյանի սպանության մասին է:

Այս հարցի շուրջ փաստաբանը հարցազրույցներից մեկում նշել էր, թե եթե գործի քննությունը վերսկվի, հնարավոր է պարզվի, որ սպանելուց առաջ աղջկան բռնաբարել են: Սա զայրացրել էր Սարգսյաններին, և նրանք զանգահարել և վիրավորական ու սպառնալիք պարունակող խոսքեր են հնչեցրել փաստաբանի հասցեին:




Լրահոս