«Զինված հանցախմբի» գործով կալանավորված Վահան Շիրխանյանի վիճակն օր օրի վատանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զինված հանցախմբի» գործով կալանավորված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը միջնորդություն է ներկայացրել նախաքննությունն իրականացնող մարմնին վիրահատական միջամտություն իրականացնելու հարցով: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց պաշտպանը՝ հավելելով, որ Վահան Շիրխանյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, վիճակը գնալով բարդանում է:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Վ. Շիրխանյանը սրտի կաթված է տարել, ինչպես նաև հետվիրահատական խնդիրներ է ունեցել մինչ ձերբակալությունը: Պաշտպանության նախկին փոխնախարարը, պարզվում է, ոտքի երակների թրոմբ ունի. մինչ ձերբակալումը նա վիրահատություն է տարել. հեռացրել են մեկ ոտքի 2 երակները:

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը ձերբակալվել է նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ նա կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով (Հանցավոր համագործակցության մասնակցելը): Վ. Շիրխանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Ինչպես հայտնի է՝ օրերս նույն գործով կալանավորված 7 «անդամ» ստորագրությամբ ազատ է արձակվել: Ի դեպ, ԱԱԾ-ն, անդրադառնալով ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդատու Աշոտ Մանուչարյանի՝ Վահան Շիրխանյանի կալանավորման մասին արված սուր մեկնաբանություններին, հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Արթուր Վարդանյանի գլխավորությամբ ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեղադրանքով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալության մասին ՀՀ ԱԱԾ հայտարարությունը հասարակական մեծ հնչեղություն ստացավ:

Այս ձերբակալության, այնուհետև դատարանի կողմից կալանավորման որոշման շուրջ մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում բազմաթիվ կարծիքներ ու մեկնաբանություններ հնչեցին, բայց հիմնականում առանց գնահատականների: Հարցը շատ նուրբ համարելով և՛ փորձագետները, և՛ Վահան Շիրխանյանին ճանաչողները առաջարկում են սպասել նախաքննության ավարտին կամ դատավարությանը:Այս համատեքստում բացառություն է 1-in.am գործակալությանը տրված Աշոտ Մանուչարյանի հարցազրույցը, որում հանցավոր համագործակցության խմբի բացահայտումը նա որակում է որպես «արկածախնդրություն», իսկ Վահան Շիրխանյանի ձերբակալությունը՝ «ռազմական գործողությունների ընթացքում դավաճանության հավասար գործողություն»:

Կարծում ենք արկածախնդրություն որակումն առավել քան հարիր է հենց Աշոտ Մանուչարյանի նշյալ ելույթին, որն ամբողջությամբ հիմնված է անձնական, կողմնակալ, զգայական ենթադրությունների, մեկնաբանությունների և դրանց իսկ վրա կառուցված հետևությունների վրա: Թերևս, անհրաժեշտ է հիշեցնել Ա.Մանուչարյանին, որ ՀՀ իրավապահ մարմինները, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գործում են միշտ և բոլոր իրավիճակներում՝ իրականացնելով Հայաստանի Հանրապետության, և ՀՀ քաղաքացիների անվտանգության պաշտպանությունը, և որ այս կամ այն ձերբակալությունը պայմանավորված չէ իրավիճակով, այլ նախաքննական մարմնի ունեցած բավարար նյութերով:

Կարծում ենք՝ 1991-93թթ. ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդատուին պետք է հայտնի լինի, որ նման որոշումները չեն կայացվում նպաստավոր կամ անբարենպաստ իրավիճակները, բարեկամական-ընկերական հարաբերությունները հաշվի առնելով, և որ ՀՀ սահմանների անխոցելիությունը կախված չէ, որևէ պաշտոնյայի, այդ թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարարի անձից։ Առավել քան ակնհայտ է, թե Արթուր Վարդանյանի գլխավորությամբ հանցավոր համագործակցության գործունեությունը ինչ վտանգ էր պարունակում ՀՀ քաղաքացիների կյանքի, անվտանգության և ՀՀ ներքին կայունության համար, ինչը իր իսկ կողմից մատնանշված «ռազմական գործողությունների» պայմաններում աղետալի հետևանքներ կարող էր ունենալ:

Հասկանալի է, որ հասարակական բարձր հնչեղություն ունեցող այս դեպքը Աշոտ Մանուչարյանի համար սեփական անձի վրա ուշադրություն հրավիրելու, իր մասին հիշեցնելու առիթ է։ Նույնիսկ այս պարագայում, խորհուրդ ենք տալիս առաջնորդվել առողջ բանականությամբ, քանզի ՀՀ օրենսդրությամբ իրենց գործառույթներն իրականացնող մարմինների գործողությունների որակումն իբրև «պետական դավաճանություն», մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում։

Մեկնաբանությունների և գնահատականների լրջությունը ուղղակիորեն կապված է դրանց հեղինակների արհեստավարժությունից ու փորձառությունից, հետևաբար յուրաքանչյուր ոք կարող է կարծիք հայտնել այն մասին, ինչից քիչ թե շատ հասկանում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ 2015 թվականի նոյեմբերի 25–ին ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել։




Լրահոս