ՀՀ ԱԳՆ նախարար Էդուարդ Նալբանդյանը տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ փորձել է անցյալ տարվա հայ դիվանագիտության զրոյական արդյունքները ներկայացնել որպես հաջողություն, իսկ ԶԼՄ-ներին մեղադրել՝ դիվանագետներին պարսավելու համար, նշելով, որ «դիվանագետը դա զինվոր է, որին չի կարելի քարկոծել»:
Հարգելի′ պարոն դիվանագետ, իսկ ինչպե՞ս են վերաբերվում զինվորին, որը պատերազմի դաշտում միայն պարտություններ է կրում և կամ ավելին՝ դավաճանում է իր հայրենիքի շահերը: Պատասխանում եմ՝ ներկայացնում են զինտրիբունալին, որն ընդհուպ մահապատժի որոշումներ է կայացնում: Այսինքն, եթե հաշվի առնենք հայ-թուրքական արձանագրությունների մարտադաշտում ձեր կրած խայտառակ պարտությունը, դուք վաղուց մահապատժի ենթարկված զինվոր եք հանդիսանում: Այսինքն՝ դուք վաղուց արդեն չկաք՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով: Այո′, ձեր բացակայությունն իսկապես զգացվում է, գոնե՝ Եվրոպայի դիվանագիտական ճակատում: Հակառակ դեպքում ինչու՞ պետք է ԵՀՄՖ-ն իր վրա վերցներ այն բացերը լրացնելու պարտականությունը, որոնք ունի հայ դիվանագիտությունը կոնկրետ Եվրոպայում: Ցայսօր մարդիկ իրենց նվաստացած են զգում, երբ հիշում են, թե ինչպես հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողության ժամանակ ձեր թշերից քաշքշեց եվրոպացի քաղաքական գործիչը:
Մարդիկ չեն կարողանում մոռանալ, թե ինչպես դուք պահանջեցիք ԶԼՄ-ներից՝ այդ «փայլուն» արձանագրությունների հարցում «ցուլի տակ հորթ չփնտրել»: Չնայած պարզվեց, որ դուք ցուլը խառնել էիք կովի հետ, և տակը ոչ թե հորթ, այլ հորթեր կային: Դրա արդյունքում սարսափելի դժվարացավ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ հայկական կազմակերպությունների կողմից մղվող պայքարը Եվրոպայում և աշխարհում, ինչպես նաև Արցախի հարցին իրեն իրավունք պահեց խառնվելու Թուրքիան, ինչի տակից մինչև այսօր չենք կարողանում դուրս գալ: Լավ, ինչպես վերաբերվենք այն «զինվորներին», որոնք վաճառում են իրենց հայրենիքը. խոսքը հայ դեսպանների բազմության մասին է: Օրինակները բազմաթիվ են, երբ հայկական դիվանագիտության ներկայացուցիչները զբաղված են Հայաստանի կոռումպացված պաշտոնյաների կանանց և զոքանչների հանգիստը և առևտուրը կազմակերպելու հարցով, ինչպես նաև թալանած գումարներով անշարժ գույքի ձեռքբերմամբ և այլն:
Նշել ենք, որ Հայոց ցեղասպանության հոբելյանին Բրատիսլավայի հայկական եկեղեցում ելույթ աղերսած Չեխիայի հայ դեսպանատան ներկայացուցիչը իր ելույթը սկսեց սկանդալային նախադասությամբ. «Հայաստանի անունից հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման համար մեր շնորհակալությունն եմ հայտնում Չեխիայի կառավարությանը»: Այս տգետի պարզ միտք արտահայտող նախադասության մեջ երկու խայտառակ սխալ կար, որի համար մենք ստիպված պատասխան էինք տալիս սլովակ քաղաքական գործիչների հարցերին. ի՞նչ կապ ունի Չեխիան և ի՞նչ կապ ունի Չեխիայի կառավարությունը, երբ Հայոց ցեղասպանության բանաձևն անցկավել է Սլովակիայում և այն էլ՝ Ազգային Խորհրդում:
Պարո′ն Էդիկ Նալբանդյան, բավական է հետևել Եվրոպայի և աշխարհի հայ լոբիստների կողմից դիվանագիտական դաշտում ունեցած ձեռքբերումներին, հասկանալու համար, որ այն գործերը, որի համար դուք միլիոններ եք ստանում և ճեմում աշխարհով մեկ՝ որպես «դիվանագիտական տուրիստ», հայ լոբիստները կատարում են իրենց ֆինանսների շնորհիվ և համառ աշխատանքի գնով: Լավ ծանոթ եք ԵՀՄՖ-ի գործունեությանը և′ Ցեղասպանության ճանաչման դաշտում, և′ Հայ Դատի խնդրո շուրջ, և′ Արցախի հիմնախնդրի շուրջ պայքարի հարցում: Մեր վերջին հաջողությունը ընդամենը օրերս առաջ ԵԽԽՎ-ի հակահայ բանաձևի դեմ քվեարկման կազմակերպումն էր: Լավ գիտեք, որ մի քանի ձայնով կարողացանք հաղթել, և այդ հաղթանակի համար ևս մեկ անգամ սլովակ-ադրբեջանական հարաբերությունները սրվեցին:
Իսկ հիմա ես ձեզ հարց եմ տալիս, իսկապե՞ս չեք ամաչում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի բացառիկ հակահայ և ադրբեջանամետ դիրքորոշման դեմ դուրս չեք եկել: Իսկապե՞ս հանդարտորեն վայելում եք պետական բյուջեի ֆինանսները՝ ձեր անձնական տուրիզմը կազմակերպելու համար և հանդարտորեն հետևում, թե ինչպես են արնաքամ լինելով պատերազմում հայ լոբիստները ազգի համար կարևոր ճակատներում և կոնկրետ ազերիների կողմից կազմակերպված մշակութային ցեղասպանության դատապարտման հարցում: Թե՞ արդեն վարժվել եք, որ հայ ազգին տանջող բոլոր խնդիրները պետք է սփյուռքահայ լոբիստները լուծեն: Այդ դեպքում բարի եղեք՝ գոնե չհոխորտալ, ձեր լեզուն պահե′ք ատամների տակ, մի′ փորձեք արդարանալ և առավել ևս՝ կասկածելի հայտարարություններ անել:
ԵՀՄՖ մամլո քարտուղարություն Բրատիսլավա, Սլովակիա