ԵՀՄՖ-ն շարունակում է կոռուպցիոն փաստեր ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՀՄՖ-ն ներկայացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի հետ կապված կոռուպցիոն փաստերի և այլ սկանդալների շուրջ ունեցած տեղեկատվությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ բուլղարացի Իրինա Բոկովայի զարմիկը՝ Գեորգի Բոկովը շատ լավ հայտնի էր Բուլղարիայում որպես պառլամենտի նախկին անդամ և Սլովենիայի ներկայիս դեսպան, սոցիալիստ Ֆիլիպ Բոկովի որդի, ինչպես նաև իր քրեական անցյալի շնորհիվ, որը հիմնականում կապված էր ավտոմեքենաների գողության և զենքի առևտրի հետ:

Գեորգի Բոկովը մահացել է հրեշավոր ճանապարհատրանսպորտային աղետի պատճառով, որը խլել է նաև իր կնոջ կյանքը: Գեորգի Բոկովը՝ 39 և իր կինը՝ 37 տարեկան հասակում, մահացել են մեծ ուժգնությամբ ավտոբուսին բախվելու հետևանքով, որն ուկրաինացի զբոսաշրջիկներ էր տեղափոխում Էմոնա գյուղի հարևանությամբ՝ ափամերձ Վառնա և Բուրգաս քաղաքների միջև ընկած: Զույգը մահացել է բախման պահին, իսկ տասնմեկ զբոսաշրջիկները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Գեորգի Բոկովի հանցագործ կերպարը միշտ եղել է սկանդալների թեմա, որի հետևանքով և′ նրա հայրը, և′ հատկապես Իրինա Բոկովան, եղել են ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Ինչպես հետագայում ցույց տվեց Իրինա Բոկովայի գործունեությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի պաշտոնում, նրան նույնպես խորթ չի եղել խոշոր գումարներ հափշտակելու գայթակղությունը, որի շուրջ պարբերաբար հայտնվել են տեղեկատվություններ միջազգային մամուլում: Հատկապես հատկանշական է Ալիևների ընտանիքի հետ նրա ունեցած մտերմական կապի արդյունքում իրականացված կոռուպցիոն սկանդալներին մասնակից լինելը: Ինչպես արդեն նշվել է միջազգային մամուլում, Իրինա Բոկովան ստացել է 5 մլն դոլար Ալիևներից՝ իր անհասկանալի գործունեության համար. նա զլացել է ուսումնասիրել Նախիջևանի Հին Ջուղայի խաչքարների ոչնչացման փաստը:

Հայտնի է, որ 2011թ. հունիսին Փարիզում բացվեց հայկական խաչքարերի մի հիանալի ցուցահանդես, որը սկսվեց մեծագույն սկանդալով. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պահանջով ցուցանմուշների տակից հանվել էին նրանց տեղադրման վայրի անվանումները, այն պատճառաբանությամբ, որ չկա Հայաստանի հարևանների թույլտվությունը՝ իրենց տարածքում գտնվող խաչքարերի ցուցադրման համար: Այս աննախադեպ դեպքին հաջորդեց ԵՀՄՖ-ի բողոքը, որին տրվեցին Իրինա Բոկովայի կողմից ուղղորդված անհեթեթ պատասխաններ: Եվ ահա, այս պայքարի թեժակետին 2013թ.-ին, հանկարծ, Ալիևը որոշում է 5մլն դոլարի նվեր տալ Իրինա Բոկովայի կազմակերպությանը: Ավելին, ապագայում հետաքննությունների արդյունքում խոսվում է նաև առձեռն գումարների և թանկարժեք նվերների միջոցով կոռուպցիոն փաստի մասին:

Այսօր նաև հայտնի դարձավ, որ այդ կոռուպցիաների արդյունքում տիկին Բոկովան կարողացել է այնքան գումար կուտակել, որ առձեռն վճարելով 3 մլն դոլար, գնել է Նյու Յորքում 2 բնակարան:

ԵՀՄՖ Նախագահությունը համոզված է, որ եթե 2006 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր կանոնադրության համաձայն լուրջ քայլեր ձեռնարկեր Ջուղայի հայկական գերեզմանոցի հազարավոր խաչքարերի ոչնչացման դեմ, ապա հետագայում էլ տեղի չէին ունենա Մերձավոր Արևելքում վերջին տարիների ընթացքում այսպես կոչված «իսլամական պետության» կողմից իրականացված բազմադարյա հուշակողոթների ոչնչացումը և թանգարանների թալանը, այսինքն՝ տվյալ տարածքների բնիկ ժողովուրդներին պատկանող մշակութային ժառանգության հանդեպ կատարված մշակութային ցեղասպանությունը:

ԵՀՄՖ-ն արդեն հայտնել է, որ դեմ է Իրինա Բոկովայի՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնելու ցանկությանը և պայքարելու է մինչև վերջ՝ այդ տիկնոջ նման նկրտումների դեմ: Քանի դեռ Իրինա Բոկովան չի շտկել իր սխալը և հանդես չի եկել Ադրբեջանի կողմից ոչնչացված խաչքարերը որպես մարդկության դեմ կատարված հանցագործության մեղադրանքով և պատասխան չի տվել կատարվածին հանցակից լինելու համար, ԵՀՄՖ-ն պայքարելու է նրա դեմ: ԵՀՄՖ-ն սատարում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող այլ փայլուն թեկնածուի: Խոսքը Սլովակիայի նախկին արտ. գործ նախարար, այսօր՝ Իրաքում ՄԱԿ-ի բարձր ներկայացուցիչ, հավատարմաբար՝ Յան Կուբիշի մասին է: Պարոն Կուբիշը սատարվելու է Եվրոպայի բոլոր հայկական համայնքների կողմից:

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն




Լրահոս