ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԽՆԴՐՈՒՄ ԷՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2007թ. ապրիլի 26-ին Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ամերիկյան դիվանագետներին` այնժամ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթընի Գոդֆրիի գլխավորությամբ: Զրույցի մանրամասները հայտնի են դարձել «Վիկիլիքսի» բացահայտումների շնորհիվ: Կողմերը քննարկել են ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը եւ մասնավորապես անդրադարձել հանդիպումից կարճ ժամանակ առաջ տեղի ունեցած քաղաքական սկանդալին, երբ հրապարակվել էր ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի ու բրիտանացի դիվանագետի գաղտնի զրույցը: Քոչարյանը պատմել է, թե ինչպես է Արթուր Բաղդասարյանը ցանկացել կրկին հայտնվել իշխանության մեջ եւ այդ մասին համապատասխան խնդրանք փոխանցել նախագահական:

Այսպես, Գոդֆրին հայտնում է, որ հանդիպման միջոցով ցանկացել են Քոչարյանին մի շարք մեսիջներ հասցնել: Ամերիկացիները բավականին խիստ վերաբերմունք են որդեգրել Արթուր Բաղդասարյանի ու բրիտանացի դիվանագետի զրույցի հրապարակման կապակցությամբ: Այդ առթիվ ականտես լինելով ամերիկացիների հետաքրքրությանն ու բացասական վերաբերմունքին` Քոչարյանը զարմացել է` նշելով, որ ձայնագրության բովանդակությունն ամենեւին էլ չի վերաբերում ամերիկացիներին: Գոդֆրին, սակայն, չի նահանջել` պնդելով, որ քաղաքականապես ուղղորդված ու գաղտնի զրույցի հրապարակումը անմիջականորեն է առնչվում իրենց:
Ա. Բաղդասարյանի ու բրիտանացի դիվանագետի գաղտնի զրույցի հրապարակումը որակելով ընտրական գործընթացի ամենավտանգավոր իրադարձությունը` Գոդֆրին կարծիք է հայտնում, որ տպավորություն է, թե հատուկ ծառայություններն են միջամտել նախընտրական քաղաքական պայքարին: Ըստ հեղինակի` այդ հանգամանքը խիստ բացասաբար կազդի բոլոր միջազգային դիտորդների գնահատականների վրա: Ամերիկացի դիվանագետին չի էլ հետաքրքրում, թե ինչպիսի բովանդակություն է ունեցել զրույցը, քանզի քաղաքական գործիչների մասնավոր զրույցների հրապարակումն ինքնին ընդունելի չէ ազատ հասարակությունների համար: Գոդֆրին հավելում է, որ ինքը Սերժ Սարգսյանին կոչ է արել դատապարտել ձայնագրության հրապարակումը, իսկ Քոչարյանին հիշեցրել, որ ԱԱԾ-ն նույն թվականի մարտին փորձում էր լրագրողներից մեկի նկատմամբ գրաքննություն իրականացնել, ինչը եւս դիվանագետը համարել է անվտանգության մարմինների` քաղաքականությանը խառնվելու անհանգստացնող ցուցիչ:
Ռոբերտ Քոչարյանը, սակայն, «արժանիորեն» հակահարված է տվել ամերիկացիներին` բողոքելով թե՛ Բաղդասարյանից, թե՛ բրիտանացի դիվանագետից: Նա հայտնել է, որ բրիտանացի դիվանագետը բազմաթիվ հանդիպումներ է անցկացրել ընդդիմադիրների հետ` ունենալով դիվանագետին անհարիր բովանդակությամբ զրույցներ եւ քաղաքական ինտրիգներ սերմանելով: Քոչարյանը շեշտել է, որ բամբասանքներ տարածելը եւ ընդդիմադիրներին իշխանության դեմ գրգռելը ավելի շատ գործակալի, քան դիվանագետի գործ է: Նրա պնդմամբ` բրիտանացի դիվանագետը քաջալերում էր ընդդիմադիր գործիչներին ըմբոստություններ կազմակերպել: Քոչարյանը հիշատակել է ԱԺ նախկին փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի հետ նույն բրիտանացու զրույցը, ինչն այնքան էր վրդովվեցրել Վ. Հովհաննիսյանին, որ նա անձամբ էր տեղյակ պահել Քոչարյանին զրույցի մանրամասների մասին: Գոդֆրին փորձել է դուրս գալ անհարմար վիճակից` նկատելով, որ երբեմն դիվանագետի աշխատանքը պահանջում է սադրող հարցեր բարձրացնել եւ այդ հանգամանքը կարող է թյուրըմբռնման տեղիք տալ: Եթե Քոչարյանի նկարագրություններն իրական են, ապա առնվազն տարակուսելի է, որ նման դիվանագետին անմիջապես չեն հռչակել անցանկալի անձ ու պահանջել հեռանալ Հայաստանից:
Քոչարյանը քննադատական է տրամադրված եղել նաեւ Արթուր Բաղդասարյանի նկատմամբ: Նա խնդրել է ամերիկացիներին այլեւս գրառումներ չանել, ինչպես նաեւ իր աշխատակազմի ներկայացուցիչներին հրահանգել է լքել սենյակը: Ապա Քոչարյանը տեղեկացրել է, որ Արթուր Բաղդասարյանը 2007թ. սկզբից երեք անգամ դիմել է նախագահական` հարցնելով, թե արդյոք Քոչարյանը թույլ կտա ՕԵԿ-ին մտնել կոալիցիա խորհրդարանական ընտրություններից հետո: Քոչարյանը պատասխանել է, որ եթե Ա. Բաղդասարյանի հայտարարությունները մնան թույլատրելի սահմաններում, ինքը պատրաստ է թույլ տալ ՕԵԿ-ին կոալիցիա մտնել: Քոչարյանն ամերիկացիներին փոխանցել է, որ անկեղծորեն բարկացած է եղել, երբ հաջող համաձայնությւնից հետո պարզել է, որ Ա. Բաղդասարյանը բրիտանական դեսպանության հետ ծրագրում էր սեւացնել Հայաստանի հեղինակությունը եւ կոչ անում եվրոպական երկրներին ընտրությունները որակել անարդար:
Գոդֆրին զեկուցագրի ավարտին նկատում է, որ Քոչարյանի հետ հանդիպումը բավականին բարդ էր: Ըստ նրա` Քոչարյանը ունի «խոսքային ձյուդոյի» ունակություն, երբ չի ցանկանում քննարկել իրեն անհաճո թեմաներ: Դիվանագետը, սակայն, հատուկ ընդգծում է, որ Քոչարյանի մեկնաբանություններից իրենք ավելի լավ են ընկալել նրա բնույթը: Հեղինակի պնդմամբ` Քոչարյանը անմիջապես խիստ կեցվածք է որդեգրում, երբ զգում է, որ իր հետ կայացած պայմանավորվածությունը խախտվել է. «Նա հեշտությամբ չի ներում այդպիսի խախտումը»,- եզրափակել է դիվանագետը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՀԵՐՈՍԻՆ ՎԱՅԵԼ ՉԷ
Իջեւան-Երեւան միկրոավտոբուսային երթուղին իրականացվում է «Գազել» մակնիշի մեքենաներով: Այդ երթուղին սպասարկող ընկերության տերը Վարուժան Կարապետյանն է, ում Տավուշի մարզում «հերոս» են կոչում: Լիբանանի քաղաքացի Վարուժան Կարապետյանը 1985թ. Փարիզի Օռլի օդանավակայանում պայթուցիկ գործարկելու եւ դրա հետեւանքով բազմաթիվ զոհերի համար դատապարտվել է ցմահ ազատազրկման: Մոտ 18 տարի Ֆրանսիայի բանտերից մեկում կրելով պատիժը` նա ներման է արժանացել, ապա ազատ արձակվելով` 2001թ. տեղափոխվել է Հայաստան: Իջեւանի տաքսիստներից տեղեկացանք, որ Երեւանի Հյուսիսային ավտոկայարանում եւ Իջեւանի ավտոկայարանում Վ. Կարապետյանի մարդիկ չեն թողնում, որ տաքսիները ուղեւոր վերցնեն: Այդ արգելքը հատկապես խիստ է Երեւանի Հյուսիսային ավտոկայարանում: Իջեւանի տաքսիստների վկայությամբ` այդ արգելքին չենթարկվող տաքսիստներին ծեծի ենթարկելու դեպքեր են եղել: Նրանց խոսքով` Երեւանի Հյուսիսային ավտոկայարանում հանրապետության այլ վայրեր մեկնող տաքսիստներն ազատ կերպով ուղեւորներ են վերցնում, նրանց հանդեպ ոչ ոք արգելքներ չի հարուցում: Ուղեւորն ինքն է որոշում օգտվել միկրոավտոբուսային երթուղուց, թե ավելի թանկ վճարով՝ տաքսու ծառայությունից: Միայն «հերոսին» պատկանող գծի դեպքում են տաքսիստներին ավտոկայարանի տարածքից հեռու վանում: Հավելենք, որ Վարուժան Կարապետյանը բնակվում է Դիլիջան քաղաքի վարչական տարածքում գտնվող անտառապատ տեղանքում, գեղեցիկ բնության մեջ: Առանձնատունը գտնվում է բարձր կետում` հպարտ միայնության մեջ: Դիլիջանցիներն ասացին, որ վերջերս Հայաստանի բանկերից մեկի տերը Վարուժան Կարապետյանի տան հարեւանությամբ իր համար առանձնատուն է սկսել կառուցել:

 

ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՀՐԿԻԶԵԼ ԵՆ
Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակչուհիներ՝ 1969թ. ծնված Շուշան Խաչատրյանին եւ 1966թ. ծնված Լուսինե Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ աշխատանքային պայմանագրով հանդիսանալով անհատ ձեռներեց՝ Անդրանիկ Ավագյանի` Նորաշեն գյուղում գտնվող, «Դավիթ Բեկ» խանութի վաճառողուհիները պարբերաբար տնտեսական ապրանքների վաճառաբաժնից յուրացման եղանակով հափշտակել են տարբեր տեսակի կենցաղային ապրանքներ, դրամարկղից՝ գումար: Շուշան Խաչատրյանն Անդրանիկ Ավագյանին պատճառել է 7 միլիոն 500 հազար դրամի, իսկ Լուսինե Գրիգորյանը` 2 միլիոն 800 հազար դրամի նյութական վնաս: Նրանք տեղեկանալով, որ խանութում կատարվելու են ստուգումներ, իրար հետ նախնական համաձայնությամբ 2015թ. ապրիլի 19-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, հրկիզման եղանակով հրդեհել են խանութի սննդամթերքի բաժինը, որի հետեւանքով Անդրանիկ Ավագյանին պատճառվել է 27 միլիոն 407 հազար 916 դրամի, իսկ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ին` 1 միլիոն 772 հազար 550 դրամի նյութական վնաս: Վաճառողուհիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կսկսվի փետրվարի 3-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԱՂՍՏԵՎ ԳԵՏԸ ՓՐՓՐՈՒՄ Է
«Ժողովուրդը» Իջեւան քաղաքի բնակիչներից մի քանի անգամ ահազանգեր էր ստացել այն մասին, որ Աղստեւ գետը պարբերաբար պատվում է փրփուրներով: 2015թ. դեկտեմբերի 29-ին, մոտ կես ժամ գտնվելով Աղստեւի ափին` Իջեւանի ավտոգազալցավորման ճնշման կայաններից մեկում, «Ժողովուրդ»-ի թղթակիցն ականատես եղավ, որ գետն ամբողջությամբ փրփուրներով է պատված: Նշենք, որ Այդ ԱԳԼՃԿ-ից մոտ 70 մ վերեւ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի շենքն է: 2016թ. հունվարի 25-ին նորից եղանք նույն տեղում, եւ կրկին Աղստեւ գետի մակերեսին փրփուրներ էին, որոնք ակնհայտորեն քիմիական ծագում ունեին: Նշենք, որ ներկայումս Դիլիջանի եւ Իջեւանի տարածաշրջաններում արտադրական խոշոր ձեռնարկություններ չկան, որոնք կարող էին արտադրական թափոններով աղտոտել Աղստեւը: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Տավուշի մարզային բաժնի պետ Արտյոմ Մանուչարյանից փորձեցինք պարզել` արդյոք նախարարությունում տեղյակ են, թե ինչի արդյունքում է գետն աղտոտվում, եւ որ ձեռնարկության թափոններն են լցվում գետ: Տեսչության պետը, սակայն, ասաց, որ տեղյակ չէ: Նա խոստացավ աշխատակիցներ ուղարկել` խնդիրը տեղում ուսումնասիրելու եւ գետի աղտոտման պատճառները պարզելու նպատակով:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

ՈՐՈՇ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ՓԱԿ ԵՆ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ Էր: Փակ են եղել Վարդենյաց լեռնանցքը եւ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: ՀՀ որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման, ինչպես նաեւ ճանապարհի լայնացման աշխատանքներ:




Լրահոս