Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք  ստացած N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը շարունակում է մնալ  կայուն ծանր,  սակայն կա դրական դինամիկա:  Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նշեց Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Ըստ նրա`  գնդապետը Գորիսի քաղաքային հիվանդանոցում վիրահատության ենթարկվելուց հետո տեղափոխվել է  Կենտրոնական կլինիկական հոսպիտալ:
Արտակ Բուդաղյանը հրազենային  վնասվածք է  ստացել  լյարդի շրջանում, գնդակը խրվել է գոտկային մկանային հյուսվածքների մեջ   և դեպքի հաջորդ օրն իսկ, երբ նա տեղափոխվել է կենտրոնական կլինիկական հոսպիտալ,  գնդակը հեռացվել է նրա մարմնից:
Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետի հավաստմամբ՝   նա գտնվում է վերակենդանացման բաժնում, սակայն օրեր անց  կտեղափոխվի այլ բաժանմունք: “Արտակ Բուդաղյանը առողջ տղամարդ է և լինելով զորամասի հրամանատար՝ նրա ֆիզիկական պատրաստությունը բավականին բարձր  է,  ինչից ելնելով` ենթադրվում է, որ նա արագ ոտքի կկանգնի”,- ասաց Արամ Ասատուրյանը և հավելեց, որ ներկայումս վիրահատության կարիք չկա: 
Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետը նշեց նաև, որ  Արտակ Բուդաղյանը գիտակցությունը երբեք չի կորցրել՝  անգամ հոսպիտալ տեղափոխվելու  ժամանակ, և  կարողանում է նորմալ հաղորդակցվել: Այդուհանդերձ առայժմ գնդապետը ցուցմունք չի տվել   դեպքի վերաբերյալ: Գնդապետ Արտակ Բուդաղյանին այցելել  են ՀՀ զինվորական դատախազը և  Զինված ուժերի քննչական ծառայության պետը:
“ՓԱՍՏԻՆՖՈ”




Լրահոս