ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՈՄԱՅԻՑ ԱՐԹՆԱՑԵԼ Է
Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Հրաչյա Սարգսյանի վիճակը դեպի լավն է գնում: ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատրյանը NEWS.am-ին հայտնել է, որ նա դեռ միացված է արհեստական շնչառության ապարատին, բայց դրական տեղաշարժեր կան:  Զինծառայողն արդեն կոմայի մեջ չէ, արթնացել է, չի կարողանում խոսել, բայց շարժումներով հարցերին պատասխանում է: Առայժմ վիրահատություն պլանավորված չէ, հայտնի չէ նաեւ, թե նա երբ կտեղափոխվի այլ բաժանմունք:

ԱՐԴԱՐԱՆՈՒՄ ԵՆ
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը հերքել է «Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում տպագրված լուրը, թե ՀԱԿ խմբակցության պատգամավորներին չեն ուղարկում գործուղումների` կառավարության հասցեին սուր քննադատական ելույթների համար պատժելու նպատակով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասել է, թե  մայիսին ՀԱԿ 3 պատգամավորներ մեկնել են գործուղումների, ընդ որում կառավարության ծրագրի քննարկումներից հետո` մայիսի 28-30-ը, ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը Եվրանեսթի պատվիրակության կազմում գտնվել է Բրյուսելում:

ԱՆՀԱՅՏ ՊԱՏՃԱՌՈՎ
Մայիսի 31-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում գտնվող «Անդրանիկ» ՍՊԸ-ի եւ «Սապֆիր» գործարանի բաժանարար հատվածով անցնող «Արզնի» հէկ-ը սնուցող խողովակատարի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել: Մահացածը Նոր Հաճնի բնակիչ 56-ամյա Սպարտակ Հովհաննիսյանն է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթոսյանը նշեց, որ դեռ հայտնի չէ, թե ինչն է եղել տղամարդու մահվան պատճառը: Միայն գիտեն, որ նա ունի 4 երեխա: Իսկ այն հատվածում, որտեղ հայտնաբերվել է դին, նա այգի ուներ: Նշենք նաեւ, որ ըստ քաղաքապետի՝ մահացածի չորս երեխաները հանրապետությունում չեն գտնվում: Նա ապրում էր կնոջ հետ:

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ դանակահարությունից ստացած մարմնական վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 15-ամյա Ստեփան Հակոբյանն ու 18-ամյա Սերգեյ Աղաջանյանը: Նրանք ի վիճակի չեն եղել հայտարարություն տալ կատարվածի մասին, քանի որ անմիջապես տեղափոխվել են վիրահատարան: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի եւ քննչական բաժնի աշխատակիցները պարզել են, որ դպրոցի հետնամասի ֆուտբոլի դաշտում տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ:

ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՆ ԲՈՏԵՔՍ ԵՆ ԱՐԵԼ
Վրացական «Իմեդի» հեռուստաալիքի հրապարակած փաստաթղթերի համաձայն`   Միխայիլ Սահակաշվիլին  հատուկ պահպանության ծառայության բուջեի հաշվին Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում բոտեքսի երկու վիրահատության է ենթարկվել՝ մեկը 2009-ի փետրվարի 23-ին (վճարել է 5600 դոլար), մյուսը՝ 2011-ի սեպտեմբերի 23-ին (վճարել է 5800 դոլար): Բացի այդ, նա 5993 ֆունթ սթերլինգ է վճարել ամերիկյան դերասանուհու մերկ լուսանկարի համար: Նա նաեւ վճարել է ամերիկյան գործարար Քրիստինա Բուսավաի` «Ռեդիսոն» հյուրանոցում մնալու համար եւ նրա համար կոշիկներ է գնել: Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավարը հայտնել է, որ այդ գործով հետաքննություն է ընթանում, եւ չի բացառվում, որ Սահակաշվիլուն կանչեն հարցաքննության:




Լրահոս