ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ այս ՀՀԿ-ական պատգամավորի՝ գազի սակագնի որեւէ թանկացում չի եղել ու չի էլ ակնկալվում, պարզապես կանոնավորվում են դոլար-դրամ հարաբերությունները. «Գազի գնի հետ կապված մենք ունեինք դոլար-դրամ այլ հարաբերակցություն: Երբ գազի համար 180 դոլար ինքնարժեքային գին էինք սահմանել, այն ժամանակ դոլարը 380 դրամ էր, երբեք չի իջել, ավելին՝ 415 դրամ է դարձել: Հետեւաբար այդ վնասի փոխհատուցումը պիտի կատարվի, ձեռնարկության վնասները պիտի փակվեն»: Նման հայտարարություն անող պարոնը կարող է նաեւ շատ օրինաչափ համարել կառավարության՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման ծրագիրը:
Հ. Հակոբյանն ասում է, որ 2014-ից այն պետք է կազմի 46 հազար դրամ, 2015-ին՝ 56 հազար դրամ եւ այլն…  Նա շատ մեծ գոհունակությամբ ասում է նաեւ, որ իրատեսական է համարում միջինը 100 հազար դրամ աշխատավարձով շուրջ 100 հազար աշխատատեղերի ստեղծումը… Թե ինչ հաշվարկներ է արել պատգամավորը, որտեղից է վերցրել իր այդ լավատեսությունը, դժվար է ասել: Դժվար, որովհետեւ միայն իրականությունից կտրված մարդը կարող է նման հայտարարություն անել` չտեսնելով, որ երկրում օրավուր պակասում են գործատեղերը, որ հարկային քաղաքականությունը ստիպում է փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին դուրս գալ դաշտից ու դադարեցնել իրենց գործունեությունը:
Սակայն  Հ. Հակոբյանին հավանաբար այս ամենը չի հետաքրքրում, կարեւորն այն է, որ, որպես հանձնաժողովի նախագահ, հայտարարություններ է անում, որոնք կարող են միայն ծիծաղ առաջացնել, բայց չվնասել նրա անձնական ունեցվածքն եւ եկամուտները: Իսկ Մարտունու Ծիլքար գյուղում ծնված Հ. Հակոբյանի ունեցվածքին երեւի ոչինչ չի սպառնում: 1999թ. մինչ օրս, լինելով ԱԺ պատգամավոր, այսինքն՝ իրավունք չունենալով զբաղվել գործարարությամբ, այս մարդը, սակայն, կարող է համալրել երկրի միլիոնատերերի ցուցակն ու լինել ոչ վերջիններից: Երբ նայում ենք նրա ունեցվածքի հայտարարագիրը, ուղղակի հիշում ենք խորհրդային տարիներին տարածված մի անեկդոտ, երբ հրեային հարցնում են, թե ինչպես է ընդամենը գազավորված ջուր վաճառելով միլիոնատեր դարձել, նա պատասխանում է. «Խորհրդային միությունը հասարակ ջրով հիդրոկայաններ է կառուցում, ես չե՞մ կարող գազային ջրի փողով ամառանոց կառուցել»…
Հակոբ Հակոբյանը հայտարարագրել է տասնվեց անշարժ գույք: Նա Երեւանում ունի յոթ շենք-շինություն, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում` 1599,22 քմ ընդհանուր մակերեսով յոթ հողամաս: Այսքանով չբավարարվելով՝ 0,164 հա տարածքով երկու հողամաս էլ վարձակալել է Կոտայքի մարզում: Իհարկե, Հ. Հակոբյանի պաշտոնական աշխատավարձը չնչին է. մեկ տարվա ընթացքում նա ստացել է պատգամավորի 3 մլն 124 հազար 290 դրամը, բայց, հասկանալի է, այս գումարը հազիվ բավականացներ գրպանի մանր ծախսերը հոգալուն: Ուստի նրա տարեկան եկամուտը կազմել է 114 մլն 682 հազար 731 դրամ` հանած պատգամավորի աշխատավարձը… Չնայած նման եկամուտներին՝ Հ. Հակոբյանը շատ համեստ է գտնվել իր դրամական միջոցները հայտարարագրելիս եւ ներկայացրել ընդամենը 35 մլն 567 հազար դրամ ու 162 հազար 188 դոլար… Ինչպիսի՜ ճշգրիտ թվաբանություն… Մարդը 188 դոլարն էլ է նշել: Իսկ թե որտեղ է ծախսել իր ահռելի եկամուտները, ինչ գնումներ արել, չի թվարկել …
Առավել զարմանալի «թվաբանության» ենք հանդիպում, երբ ծանոթանում ենք Հ. Հակոբյանի ունեցած բաժնեմասերին: Նա 50%-ից ավելի բաժնետոմսեր  ունի «Արփա-Սեւան» ԲԲԸ-ում եւ «Բազենք» ՓԲԸ-ում: Սեփականաշնորհման տարիներին Հ. Հակոբյանը կարողացավ տեր դառնալ համազգային սեփականություն հանդիսացող «Արփա-Սեւան» կառույցին, որն այսօր հսկայական միջոցներ է «խժռում» պետբյուջեից: Հակոբյանը տեր է դարձել նաեւ «Դիլիջանի առողջարան» ԲԲԸ-ին ու «Բազալտ» ԲԲԸ-ին…
Բնականաբար, հենց այս մարդն էլ պիտի դառնար ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, քանի որ «կուշտը սովածին մանր կբրդե»… Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ Հ. Հակոբյանը խորհրդարանում կողմ է քվեարկել նվազագույն աշխատավարձի օրինագծին, շրջանառության հարկի մասին օրինագծին, սակայն ձեռնպահ է եղել, երբ քվեարկության է դրվել կանանց եւ տղամարդկանց իրավունքների մասին օրինագիծը… Այսինքն՝ բոլոր «թեժ» օրինագծերի կողմնակից է եղել նա: Թեեւ այսպես էլ պետք է լիներ, որովհետեւ այլ կերպ քվեարկելու դեպքում նա կարող էր հայտնվել իշխանությունների հարվածի տակ ու կորցնել իր բիզնեսները: Դե, գուցե հանուն այդ բիզնեսների էլ եկել է խորհրդարան, թե չէ մեծահարուստի ինչին էր պետք ԱԺ գալ ու զբաղվել մի գործունեությամբ, որից ինքը, մեղմ ասած, այնքան էլ շատ բան չի հասկանում:
Այս մարդը տեւական ժամանակ ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի մերձ ու սիրելի լինի իշխանություններին, երկար ժամանակ «Արփա-Սեւան»-ում աշխատելով ու տնտեսագետի պաշտոնից ԲԲԸ նախագահի պաշտոնին հասնելով, ինչպես ասում են, մագլցել է ԱԺ տարբեր խմբերով ու խմբակցություններով, եղել «Կայունություն», «Ժողովրդական պատգամավոր» խմբերի անդամ` երբեք չթաքցնելով իր գործարար լինելը, հետո էլ արդեն մերձեցել ՀՀԿ-ին…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս