Հունվարի 31-ի Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Սերգեյ Սուդնիկովը կեսգիշերին ոչ սթափ վիճակում անդադար թակել էր Գյումրի քաղաքի բնակիչ Ռուզաննա Երանոսյանի տան դուռը եւ պահանջել այն բաց անել: Տանտիրուհին ահազանգել էր ոստիկանություն, որտեղ էլ հայտնի էր դարձել, որ ռուս զինծառայողը հարբած է եղել եւ իր ընկերոջ տուն գնալու փոխարեն` Երանոսյանների տուն է գնացել: Բայց Գյումրիում վախի մթնոլորտ էր ձեւավորվել:
2015 հունվարի 12-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո գյումրեցիները անվտանգության երաշխիքներ էին պահանջում, սակայն, ինչպես նկատում ենք դեպքից 1 տարի անց, դեռեւս գյումրեցիների մտավախությունը չի անցել, եւ այս դեպքը, թերեւս, կատարվածի վառ ապացույցն է:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գյումրիից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:
-Պարո՛ն Գրիգորյան, գյումրեցիները վախի մեջ են, ի՞նչ եք պատրաստվում անել:
-Իհարկե, նման դեպքերն անհանգստություն են առաջացնում, բայց քանի որ կոնկրետ դեպքի հետ կապված մեկնաբանություն տրվեց, որ շփոթություն է եղել, սա որպես ի գիտություն: Ընդհանուր առմամբ` ես կողմնակից եմ եւ ամեն առիթ օգտագործել եմ եւ ասելու եմ, որ 102 ռազմաբազայի հետ կապված ունենք խնդիր, եւ այնտեղի պատասխանատուները պետք է լուրջ հսկողություն սահմանեն: Այս կատարվածը առիթ էր, որ իշխանությունը կոնկրետ պահանջներ դնի եւ ասի, թե կոնկրետ ինչ է լինելու: Եթե իրենք ի վիճակի չեն պահելու այդ ամենը, ապա մենք կոնկրետ պետք է մտածենք տարբերակ, որ 102 ռազմաբազայից դուրս եկող զինվորներին կոնկրետ հսկողություն սահմանվի, տեսնենք, թե ինչ կլինի: Կարծում եմ, որ այս իրավիճակի հետ կապված կոնկրետ իշխանությունը պետք է որոշում կայացնի:
Մանրամասները` տեսանյութում.
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան