Ջազային պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը` պարտքերը մարելու և չուղարկված նամակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողները խնդրանք-պահանջով դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի աշխատանքից ազատված տնօրեն Լեւոն Սահակյանը վերականգնվի իր պաշտոնում։ Նրանք նաեւ նշել էին, որ փետրվարի 1-ից հայտարարելու են դասադուլ` մինչեւ իրենց պահանջը բավարարվի։ Այդ օրը, սակայն, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը «Արմենպրես»-ի հետ զրւյցում հայտարարել էր, որ քոլեջում դասադուլ չկա, իրականացվում է նորմալ դասապրոցես:

Հիշեցնենք, որ այս ամենի հետ մեկտեղ քոլեջը նախորդ տարիներից ունեցել է պարտքեր: Քոլեջն արդեն իսկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի` փոխտնօրեն Անահիտ Մազմանյանը:

«Ժողովուրդ»-ը փորձեց ուսանողներից պարզել, թե ինչ մթնոլորտ է այժմ տիրում քոլեջում, մենք զրուցեցինք նաեւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ: Նույն քոլեջի ուսանողուհի Մարգարիտա Գրիգորյանը, օրինակ, նշեց, որ ապշած է, թե ինչու են Լեւոն Սահակյանին ազատել աշխատանքից. «Նա` որպես մանկավարժ, որպես մարդ, շատ սրտացավ եւ ջերմ վերաբերմունք էր ցուցաբերում ուսանողների նկատմամբ: Նա ամեն տարվա սկզբին դիմում էր կրթության եւ գիտության նախարարություն, որպեսզի ավելի շատ անվճար տեղեր բացվեն քոլեջում, անգամ օգնում էր այն ուսանողներին, որոնք մարզերից էին գալիս մայրաքաղաք եւ ճանապարհածախսի համար վճարելու հնարավորություն չունեին: Ինչ վերաբերում է Անահիտ Մազմանյանին, ես չգիտեմ, թե նա որքանով կկարողանա պահպանել այդ ջերմությունը»,-կարծիք հայտնեց նա:

Իսկ, ահա, մեկ այլ ուսանողուհի Մանե Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը Լեւոն Սահակյանին տնօրենի պաշտոնում չի տեսնում. «Ես ուղղակի չեմ ուզում խառնվել, դատել կամ արդարացնել… Անտանելի են դարձել լրագրողների նկարահանումները, հարցազրույցները… Ես արդարություն եմ ուզում, եթե մեր սիրելի տնօրենը մեղավոր է, թող դատեն այն մարդիկ, որոնք հայտնաբերել են նրա մեղավորությամբ ստեղծված սխալները, ես ստորագրահավաքին չեմ մասնակցել` տեղյակ լինելով զանցանքների մասին, իհարկե, սխալվելու հնարավորություն կա, բայց ամեն սխալ պիտի պատժվի օրենքի կարգով: Սիրում ենք պարոն Սահակյանին, բայց ես անձամբ նրան չեմ տեսնում որպես տնօրեն, հարգում եմ նրան ու ցավում, որ ամեն ինչ այնպես չստացվեց, ինչպես նա էր ցանկանում…»,- ասաց նա:

Ա. Մազմանյանը, խոսելով Լ. Սահակյանի մասին, շեշտեց. «Մենք մեկնաբանում ենք ոչ թե Սահակյան մարդուն, այլ Սահակյան տնօրենին: Սահակյան մարդը լրիվ ուրիշ որակ կարող է ունենալ, ուսանողները նրան կարող են սիրել եւ հարգել, բայց որպես ղեկավարի պարտադի՞ր է, որ նրանից տեղյակ լինեն… Թող այդպես էլ ինքը ուսանողների համար մնա բարի ղեկավար»:

Մենք հետաքրքրվեցինք` երբ է անցկացվելու տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը. «Կհայտարարեն, դուք դրա մասին կտեղեկանաք ԿԳՆ կայքից: Ես էլ ձեզ նման չգիտեմ»,-պատասխանեց նա:

Խոսակցություններ են պտտվում, որ քոլեջում տնօրենի թափուր պաշտոնի համար անհավասար պայքար է ընթանում, եւ Ա. Մազմանյանը, այսպես ասած, «ղեկը վերցրել է իր ձեռքը»: Վերջինս, անդրադառնալով այդ լուրերին, հավաստիացրեց, որ հունվարի 12-ին Լ. Սահակյանին ազատել են աշխատանքից եւ նույն օրը նրա պարտականությունները փոխանցել են իրեն, սակայն ինքն այդ մասին անգամ մի քանի օր ուշ է իմացել: «Հայտարարվելու է մրցույթ, ես ասել եմ` քոլեջից ով ցանկանում է, թող մասնակցի: Տնօրենի պարտականություններն այժմ դրել են ինձ վրա, չի բացառվում, որ քոլեջում ինչ-որ մարդիկ գտնվեն, որոնք կուզենան մասնակցել մրցույթին: Բնական է, որ, միգուցե, նրանք իրենց վիրավորված են զգացել, որ այդ պարտականություններն ինձ վրա են դրվել… Աստված բոլորի հետ»,-մեկնաբանեց Ա. Մազմանյանը:

Մեր այն հարցին, թե արդյոք իր եւ դասադուլի մասին հայտարարություններ անող ուսանողների միջեւ հարաբերությունները լարված չեն, Ա. Մազմանյանը պատասխանեց, որ ուսանողներն իր անձի դեմ ոչինչ չունեն. «Ոչ մի երեխա պատասխանատվություն չի կրելու ոչ մի արարքի համար, երեխան մնում է երեխա, հա, ի՞նչ անենք, նամակ է, կազմել են, ստորագրել են, դա էական չէ»: Նա նույնիսկ հավելեց. «Ոչ ոք երեխային իրավունք չունի պատժել այն բանի համար, որ նա չի գիտակցում, թե ինչ է անում»:

Ա. Մազմանյանի խոսքով` բացի ուսանողների գրած խնդրանք-պահանջից` քոլեջի ներսում փորձ է արվել գրել մեկ այլ նամակ եւս, որը, սակայն, չի գտել իր հասցեատիրոջը:

«Լեւոն Սահակյանն ասում էր, որ իրեն անարդար կերպով են ուզում գործից ազատել, որ նամակ է գրում` ուղղված տարբեր տեղեր, ով ուզում է` թող ստորագրի, որ իրեն անհիմն են ազատում… Մի խոսքով, ստորագրահավաք էր կազմակերպում, բայց դասախոսների մասնակցությամբ, խնդրում էր, որ աշխատողներն օգնեն իրեն, որ ինքը շարունակի մնալ տնօրեն: Նա նույնիսկ մոտեցավ ինձ, ասաց` եթե ես ժողով կազմակերպեմ, դու կարո՞ղ է՝ նեղանաս, ասացի` բոլորովին, եթե գտնում ես, որ մեղավոր չես, խնդրեմ, ես քեզ չեմ խանգարում… Այդ նամակը, սակայն, այդպես էլ ոչ մի տեղ չուղարկվեց, որովհետեւ, որքան հասկացա, դասախոսները դրա ներքո չստորագրեցին, կամ էլ քչերը ստորագրեցին»,-նշեց նա:

Մենք հարցրինք` Լ. Սահակյանն ուզում էր դասախոսների ստորագրությամբ նամակն ուղարկել կրթության եւ գիտության նախարարությո՞ւն. «Հա, ու չստացվեց. այդ ժամանակ անցավ ուսանողների «վրա»»,-ծիծաղելով ասաց Ա. Մազմանյանը:
Իսկ մեր այն հարցին, թե արդյո՞ք տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը զբաղվում է նախարարության ներքին աուդիտի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված ֆինանսական խնդիրներով, նա պատասխանեց. «Փորձում եմ ֆինանսական այդ կարգավիճակը ուղղել, շտկել, ավելի շատ մեր պարտքերը մարելով եմ զբաղված»: «Ի՞նչ պարտքեր»,-հարցրինք մենք: «Դե լավ էլի… Խնդրում եմ… Դե, կան, որ մնացել են, հարկային-մարկային…»,-ասաց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս