ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականի հունվար, դեկտեմբեր ամիսներին 2014 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատած Հայաստանում նվազել է օղու, գարեջրի եւ կոնյակի արտադրության ծավալները: Ըստ ԱՎԾ-ի՝ մասնավորապես գինու արտադրության ծավալները նվազել են 4, կոնյակինը՝ 9.4, օղունը՝ 1.6, գարեջրինը՝ 12.8 տոկոսներով:
Ինչպես հայտնի է՝ Հայաստանում արտադրվող ալկոհոլային խմիչքների մի զգալի մասն արտահանվում էր Ռուսաստան: Սակայն անցած տարվա սկզբից հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան կտրուկ նվազեց: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է ռուսական ռուբլու արժեզրկմամբ եւ փոխարժեքի պարբերաբար տատանումներով:
Բանն այն է, որ Հայաստանի արտադրողները խուսափում են Ռուսաստան ապրանք արտահանելուց, քանի որ գործարքները կնքվում են ռուբլով, եւ հաճախակի, մինչեւ տեղի է ունենում գումարի վճարում, ռուբլու արժեզրկման պատճառով արտահանված ապրանքը կտրուկ «էժանանում» է, ու արտադրողը մեծ վնասներ է կրում: Արդյունքում, Հայաստանի արտադրողները խուսափում են ՌԴ ապրանք արտահանել, ինչի արդյունքում նրանց արտադրության ծավալները գնալով նվազում են: