ՓԼԱՎ, ՇԱԽՄԱՏ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԳԵՐԻ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
1969 թվականին Երևանը տոնում էր Ամենայն հայոց բանաստեղծի` Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակը: Տոնում էր մեծ շուքով, միջազգային մասշտաբով: Ստեղծվել էր պետական հաձնախումբ, սակայն կազմակերպչական ողջ աշխատանքը ստանձնել էր մշակույթի նախարար Կամո Ուդումյանը` խրուշչովյան “ձնհալից” հետո հասարակական-քաղաքական կյանքի ամենաակնառու գործիչներից մեկը, որի եռանդը և գործելու ոչ ստանդարտ մեթոդները զարմացնում, անգամ վախեցնում էին կարծրացած ուղեղներին ու դոգմատիկներին: 
Խորհրդային տարիներին Հանրապետությունն ունեցել է մշակույթի նախարարներ, որոնք, ի տարբերություն ՀՀ-ի անկախացումից հետո անձեռոցիկի պես փոխվող նախարարների, կարող էին պատիվ բերել յուրաքանչյուր երկրի և վարչակարգի: Շատերի կարծիքով` Ուդումյանը լավագույններից էր: 
Թումանյանական օրերին Կառավարական ընդունելությունների տանը, որտեղ իջևանել էր ԽՍՀՄ-ի մշակույթի նախարար Եկատերինա Ֆուրցևան, Ուդումյանը ճաշկերույթ է կազմակերպում հյուրի պատվին: Ճաշկերույթը վերածվում է գեղարվեստական տոնահանդեսի, որի ընթացքում տանտերերը հյուրերին ծանոթացնում են հայկական մշակույթին: Սակայն տեղի ունեցած միջադեպը փչացնում է բոլորի բարձր տրամադրությունը: Գիշերը Ֆուրցևան ննջարանից փորձել էր իջնել առաջին հարկ (հավանաբար ցանկացել է շարունակել խմելը. դա նրա մեծագույն թուլությունն էր), ընկել էր ու ոտքը կոտրել: Նա մեկ շաբաթ մնում է Երևանում, իսկ մեկնելուց առաջ խոստովանում է. “Չնայած այս անհեթեթ դեպքին` սրանք իմ կյանքի լավագույն օրերն էին: Դուք մեծ, շատ մեծ ժողովուրդ եք, ձեր մշակույթը հոյակապ է, անկրկնելի, իսկ Դուք, Կամո Բաբիևիչ, խորհրդային հանրապետությունների մշակույթի լավագույն նախարարներից եք”… 
Հետո Ուդումյանը նշանակվելու էր Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի նախարար: 1944 թվականին ստեղծված միութենական արտգործնախարարությունները խորհրդանշական էին: Այլ կերպ չէր կարող լինել: Դառնալով նախարար` Ուդումյանը երեք անձից բաղկացած նախարարությունը մեծացնում է մի քանի անգամ` ստեղծելով քաղաքական վերլուծության և մամուլի բաժիններ: Սակայն հոտառությամբ զգում էր, որ նախարարության համար հեռանկարային ուղղություն է դիվանագիտական արարողակարգը: Եվ ակտիվ գործի է անցնում: Երևանն իրար հետևից ընդունում էր պատվիրակություններ` քաղաքական գործիչների, դիվանագետների, մշակույթի համաշխարհային դեմքերի, աշխարհահռչակ գրողների: Ցույց տալ աշխարհին (խոսքը Սփյուռքի մասին չէ) և առաջին հերթին Մոսկվային` ինչ երկիր է Հայաստանը, ովքեր են հայերը. սա էր նրա խնդիրը, որը հաջողությամբ իրականացնում էր բարձր մակարդակով` կարևորելով դիվանագիտական արարողակարգը, որի մասին շուտով սկսեցին առասպելներ պատմել միութենական արտգործնախարարությունում: 
Այդ տարիներին, բացի առանձին դիվանագետներից, Երևան այցելեցին Մոսկվայում հավատարմագրված դիվանագետների մեծ ու փոքր խմբեր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի և Բարձրագույն դիվանագիտական դպրոցի (հետագայում` ակադեմիա) ուսանողներ և ունկնդիրներ: Եվ նրբաճաշակ ու չմահավան հյուրերը մեր երկրից հեռանում էին անմոռանալի տպավորություններով, հիացած` Հայաստանով, նրա ժողովրդով և մշակույթով: Ուդումյանը կարողացավ դիվանագիտական արարողակարգում ներառել ազգային լավագույն ավանդույթներն ու առանձնահատկությունները, որոնք այդ նույն, ինչ-որ մի տեղ չոր էթիկետին տալիս էին անկրկնելի հմայք: Եվ պատահական չէ, որ մի քանի տարի անց Մոսկվայի Սմոլենսկայա հրապարակի արտգործնախարարության բարձրահարկ շենքից նկատելով Ուդումյանին` առաջարկում են մեկնել Նեպալի թագավորություն` շնորհելով արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան: 
Նրա դեսպանության տարիներին Հեռավոր Արևելքում միջազգային իրադրությունը տագնապալից էր: Պայքար էր ծավալվել տարածաշրջանում գերտերությունների ազդեցության ոլորտների համար: Մոսկվա-Պեկին հարաբերությունները գերլարված էին` ընդհուպ պատերազմի եզրին: Հաճախացել էին ռազմական բախումները Ուսսուրի գետի վրա: Բացի այդ` Չինաստանն ամեն ինչ անում էր լեռներում ծվարած Նեպալն “իրենով անելու” համար: Դեսպանի առաջ դրված էր երկու խնդիր. հնարավորինս թուլացնել Չինաստանի ծավալումը Նեպալում և նոր մակարդակի բարձրացնել Մոսկվա-Կատմանդու հարաբերությունները, որոնք դոփում էին տեղում: Թե որքանով հաջողվեց Ուդումյանին լուծել առաջին խնդիրը, թողնենք տարածաշրջանի հարցերով զբաղվող մասնագետներին: Բայց որ երկկողմ համագործակցությունը նա հանեց փակուղուց, փաստ է: Ավելին` նա կառուցեց դեսպանատան համալիր, որը շատ քիչ դեսպանների է հաջողվում: Ուդումյանը կարողացավ փայլուն հարաբերություններ հաստատել Նեպալի թագավորի հետ: Միապետ-դեսպան վստահելի և չընդհատվող կապերին յուրաքանչյուր պրոֆեսիոնալ կարող է նախանձել: 
…Թագավորը դեսպանին ընդունում էր պալատում, որտեղ նրանք ծալապատիկ նստում էին գետնին, շախմատ խաղում և հընթացս ճաշում: Թագավորը ժամանակ առ ժամանակ հինգ մատով վերցնում էր յուղոտ փլավը և դնում դեսպանի բերանը: Վերջինս շնորհակալական ժպիտով կուլ էր տալիս այն: Միայն երևակայել կարելի է, թե նյարդերի ինչպիսի լարում է պահանջվել Ուդումյանից, եթե նկատի ունենանք միզաֆոբիայի հասնող նրա զզվելու հատկությունը, որի մասին Երևանում գիտեին մտերիմներն ու գործընկերները: Երբ տարիներ անց դեսպանն այդ մասին պատմել է նրանցից մեկին, վերջինս բնականաբար հարցրել է, թե ինչպես է նա դիմացել այդ փորձությանը, Ուդումյանն իրեն հատուկ հումորով պատասխանել է. ,Իսկ ինչե՛ր չես անի երկրիդ համարե: 
Նեպալից հետո նա ոչ պակաս հաջողությամբ աշխատել է աշխարհի մյուս ծայրում` Լյուքսեմբուրգում: Շատերն են հիշում այն ընդունելությունները, ջերմ վերաբերմունքը, ազգային կոլորիտը, որով Ուդումյանը շրջապատել է Լյուքսեմբուրգ այցելած խորհրդային մարդկանց` առանց հաշվի առնելու նրանց կարգավիճակը: Նրա` Լյուքսեմբուրգ գործուղվելուց առաջ այնտեղ սպասում էին Բորիս Ելցինին, որն այդ ժամանակ ԽՍՀՄ կոմկուսի կենտկոմի շինարարության բաժնի վարիչն էր: Ուդումյանն իրեն հատուկ եռանդով պատրաստում էր այցը, պայմանավորվածություններ ձեռք բերում հանդիպումների վերաբերյալ: Սակայն Ելցինը ընտրվում է կուսակցության Մոսկվայի քաղկոմի քարտուղար, և Կրեմլն ավելորդ է համարում նորընտիր քարտուղարի այցը: Վերակառուցումը թափ էր հավաքել, այլ խնդիրներ էին դրված պետության առաջ: Սակայն Ուդումյանն այն մարդկանցից չէր, որ հրաժարվեր սկսած գործից: Հավանաբար, նա հասկանում կամ զգում էր, որ Ելցինը բարձրացող աստղ է սպասվող համակարգային փոփոխություններում, և նրա այցը կարող է կարևոր նշանակություն ունենալ երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Նա հեռագիր հեռագրի հետևից է ուղարկում ԱԳՆ` հիմնավորելով այցի կարևորությունը և նշանակությունը, իսկ երբ Կենտրոնը, ինչպես լինում էր հաճախ, լռում է, նա թռչում է Մոսկվա և չի վերադառնում իր պաշտոնատեղին, մինչև չի հասնում իր նպատակին: 
…Ելցինի այցը համընկավ հարբեցողության դեմ Միության հայտարարած տխրահռչակ արշավին: Հավաքելով դիվանագիտական անձնակազմը` նա երկար ու կրքոտ խոսում է ոգելից խմիչքի` խորհրդային ժողովրդի համար կործանիչ հետևանքների և կուսակցության հայտարարած պայքարի քաղաքական ու սոցիալ-տնտեսական կարևորության մասին: Իսկ երեկոյան, երբ երկուսով ճաշում էին, Ելցինը հանկարծ նկատում է. “Իսկ ո՞ւր է շիշը”: 
Ելցինը Լյուքսեմբուրգից մեկնեց գոհ: Նրան դուր էր եկել դեսպանի համարձակությունը, շիտակությունը, մարդկանց հետ շփվելու կարողությունը և գործելակերպը: Մի առիթով նա Էդուարդ Շևարդնաձեին ասել է. “Ա՜յ թե դեսպան էր Ուդումյանը”: 
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ եւ լիազոր դեսպան
diplomat .am




Լրահոս