Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց Երեւանի ճարտարապետական տեսքից. «Այսօրվա այս այլանդակությունները, որ կառուցվել են Երեւան քաղաքում, նեղլիկ փողոցների այս բարձրահարկ շենքերը, ինչի՞ համար են սրանք: Հները քանդում էին միայն մի նպատակով, որ փող կորզեին: Ու այդտեղի բնակիչներին, որոնք երեւի իրենց տոհմով մի 100 տարի ապրել էին այդտեղ, հանեցին, վռնդեցին: Դա մարդու իրավունքի, հոգեվիճակի շատ լուրջ խախտում է: Ինքս էլ երեւանցի եմ, հայրս էլ, տատս էլ Երեւանից են եղել: Այս նոր քաղաքն ինձ օտար է»: Ռեժիսորը նաեւ նկատեց. «Այսօր ես իրական ընդդիմություն չեմ տեսնում, ինձ թվում է՝ կա ընդդիմության նոր տեսակ. էն «Խաթաբալա» ֆիլմում փողով լաց լինող կանայք կային… Ձեւական եւ սուտ ընդդիմությունը քանդում է մեր երկիրն ավելի արագ, իսկ առողջ ընդդիմությունը երկրի համար վիտամին C է: Թե չէ սրանք, նրանք ու նրանց քավորները սրանց սրիկաներին զանգում ու տկռները ճկռներին լոլո են կարդում, թե ով աթոռին բարձրանա: Վա՜յ, ոչ լիներ էն օրը, որ աթոռ տեսաք»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ