Այս օրերին միաժամանակ ԱՄՆ-ում են գտնվում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, որոնք առանձին-առանձին հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Հարկ է նկատել, որ երկու երկրների ԱԳ նախարարները գրեթե միաժամանակ ԱՄՆ են այցելել հենց այն ժամանակ, երբ կրկին ակտիվացում է նկատվում ԼՂ հակամարտության գործընթացի շուրջ. հատկապես հայաստանյան ընտրություններից հետո միջազգային հանրությունը սկսել է շատ ակտիվ կերպով արծարծել այդ հարցը` չմոռանալով նշել խնդրի կարգավորման մասին:
Բնականաբար, Քերրիի հետ հանդիպումներում եւս առաջին հերթին շոշափվել է հենց ԼՂ խնդրի թեման. երեկվա դրությամբ պաշտոնական տեղեկատվություն կար միայն Քերրի-Մամեդյարով հանդիպման մասին, քանի որ Նալբանդյանի հետ ԱՄՆ պետքարտուղարը պետք է հանդիպեր շատ ավելի ուշ:
«Ազատություն» ռ/կ-ն որոշ մանրամասներ է փոխանցում հանդիպումից հետո Ջոն Քերրիի եւ Էլմար Մամեդյարովի ճեպազրույցից: Ըստ այդմ՝ Քերրին, խոսելով ԼՂ խնդրի մասին, ասել է. «Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել Ադրբեջանին եւ Հայաստանին` առաջ շարժվելու ուղի գտնել: Մենք դրանով ամենայն լրջությամբ ենք հետաքրքրված: Այն, ինչ բնավ չենք ուզում, վերադարձն է պատերազմին եւ հակամարտությանը: Ես հավատում եմ, որ կա առաջ շարժվելու ուղի, եւ մենք հանգիստ ու համբերատար կշարունակենք ջանքեր գործադրել ու համոզել կողմերին ձեռնարկել փոխադարձ վստահության ամրապնդման միջոցներ, որոնք թույլ կտան շարունակել գործընթացը կամ գտնել այն ճանապարհը, որը կտանի դեպի կարգավորում՝ հաշվի առնելով վստահության վերաբերյալ մեր մտահոգությունները»: Քերրին նաեւ նշել է, թե կողմերը ժամանակին շատ մոտ էին համաձայնության, սակայն վերջին պահին ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք այն անհնարին են դարձրել:
Էլմար Մամեդյարովն էլ հայտարարել է, թե ադրբեջանական կողմը տակավին հավատում է ԱՄՆ աջակցությամբ այս մարտահրավերները հաղթահարելու, առաջ շարժվելու եւ առավել բարդ խնդիրը` հարեւան Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորելու հնարավորությանը. «Մեզ ծայրաստիճան անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն հաստատել Հայաստանի հետ, հակամարտության բոլոր բացասական գործոնները թողնել անցյալում եւ նայել դեպի արդյունավետ համագործակցության ու բարիդրացիական հարաբերությունների պայծառ ապագա»: Ի դեպ, Էլմար Մամեդյարովը Ջոն Քերրիին առաջարկել է պաշտոնական այց կատարել Ադրբեջան, եւ հրավերն ընդունվել է: Թե երբ կայցելի, դժվար է ասել:
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳ նախարարին, ապա նրա այցն ԱՄՆ տեւելու է մինչեւ հունիսի կեսերը:
ՕԳՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ