ՀՀ ղեկավարությունն ինչպես որոշի, այդպես էլ կլինի. Արամայիս Գրիգորյանը` ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարեսկզբից ի վեր` քաղաքական դաշտի թիվ մեկ թեման ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիայի ձեւավորման հարցն է, որն այդպես էլ վերջնական լուծում չի ստանում:
«Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հետ` փորձելով պարզել` արդյոք նա որեւէ տեղեկություն ունի ձեւավորվելիք կոալիցիա մասին:

-Պարո՛ն Գրիգորյան, արդեն բավական ժամանակ է` քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում է ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիայի ձեւավորման հարցը, սակայն այդպես էլ հստակություն չի մտցվում: Ըստ տարածված տեղեկությունների` ՀՅԴ-ականները համագործակցելու համար իշխանությանը մի շարք պահանջներ են ներկայացրել: Նախօրեին էլ տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի եւ Գործադիր մարմնի ընդլայնված նիստը, որի ընթացքում եւս այս հարցը քննարկվել է, սակայն տարածված հաղոդագրությունից այդպես էլ հստակ չդարձավ, թե ինչպիսի որոշում է կայացվել: Դուք, որպես ՀՅԴ խմբակցության նախկին անդամ, ինչպես եք վերաբերվում ՀՅԴ-ի` իշխանական կոալիցիա վերադառնալու հեռանկարին:

-Ես կառաջարկեի, որպեսզի տեսակետներ ինձանից չհարցնեք: Դուք ավելի լավ է՝ հարցնեք ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից եւ ԲՀԿ-ից:

-Բայց Դուք եղել եք ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ…

-Ես Ձեր հարցին արդեն պատասխանեցի, ամենայն հարգանքով Ձեր նկատմամբ:

-Գաղտնիք չէ, որ նոր կոալիցիայի ձեւավորման դեպքում մի քանի նախարարներ հրաժեշտ են տալու իրենց պորտֆելներին, եւ, առհասարակ, առաջիկայում, կարծես թե, կառավարությունում նաեւ այլ կադրային փոփոխություններ են սպասվում: Մտավախություն չունեք, որ այդ փոփոխությունները կարող են առնչվել նաեւ Ձեզ:

-Դա ո՛չ իմ կարծիքն է, ո՛չ էլ Ձեր կարծիքն է: Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ինչպես կորոշի, այդպես էլ կլինի:

-Այնուամենայնիվ, եթե առաջիկայում ձեւավորվի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա, Դուք ո՞ր ուժի ներկայացուցիչ եք համարվելու` ՀՀԿ-ի, թե՞ ՀՅԴ-ի:

-Ձեր հարցը անհասկանալի էր, որովհետեւ ես արդեն բոլորին տեղեկացրել եմ, որ կուսակցության անդամ չեմ, եւ եթե անհրաժեշտություն առաջանա, ես ինքս կորոշեմ, թե որ կուսակցության հետ կհամագործակցեմ: Ես մինչեւ հիմա բոլորի հետ համագործակցում եմ, եւ մեր համագործակցությունը շատ նորմալ է:

-Պարո՛ն Գրիգորյան, օրեր առաջ Կիեւյան կամրջից ցած էր նետվել բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետի` Հակոբ Գալստյանի եղբայրը: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ նա այդ քայլինի դիմեց, որեւէ տեղեկություն ունե՞ք:

-Այս հարցը անձնական է, եւ բնապահպանության նախարարության գործառույթներից դուրս:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս