ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտնվել է երկու քարի արանքում, քանի որ այս կուսակցությունն իր «աշխարհագրական դիրքով» երկու մասի է բաժանվել: Մի կողմից կուսակցության գործարար հատվածն է, որը, հանուն իր բիզնեսի եւ սեփական անձի հարմարավետության, ցանկանում է ԲՀԿ-ի վերադարձն իշխանական կոալիցիա, իսկ մյուս կողմում ԲՀԿ-ի քաղաքականացված հատվածն է, որը, ընդհակառակը, փորձում է ԲՀԿ-ն վերջնականապես կտրել իշխանությունից ու տանել ընդդիմադիր դաշտ:
Իսկ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն, կարծես թե վերջնականապես չի կողմնորոշվում իր անելիքների մեջ՝ փորձելով գոհացնել երկու կողմին էլ, նրանց մշտապես իրարամերժ խոստումներ տալով: Մասնավորապես, մեզ տեղեկություններ հասան, որ Ծառուկյանն իր կուսակիցների՝ գործարար խավի եւ նախկին պաշտոնյաների հետ զրույցում բոլոր ընտրություններից առաջ ասել է, թե «պայմանավորվածություն կա. եթե ընտրություններում լավ ձայներ հավաքենք, կոալիցիայի մաս կդառնանք»: Սակայն ամեն անգամ ընտրություններից հետո այլ հայտարարություն է արել: Անգամ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ է բոլորին հավաստիացրել, թե կոալիցիայի հարցը կքննարկվի ընտրություններից հետո: Մինչդեռ կուսակցության օսկանյանական թեւին նույն Ծառուկյանն ասել է, թե գնում է առճակատման, մաքուր է մնալու եւ ժողովրդի աչքերին նայելու խնդիր չպիտի ունենա:
Ուղիղ մեկ տարի առաջ ԲՀԿ-ական գործիչները հայտարարեցին կուսակցության քաղխորհրդի անդամներից աշխատանքային խումբ ձեւավորելու մասին: Իսկ այդ խումբը պետք է զբաղվեր քաղաքական դաշտում կատարվող իրադարձություններին օպերատիվ արձագանքելով ու դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելով: Ասել է թե՝ սա պետք է լիներ կուսակցության հիմնական դեմքը, գործող մարմինն ու ուղեղը: Միայն թե, տեւական ժամանակ է՝ այս խումբը չի ձեւավորվում, իսկ ԲՀԿ-ի քաղաքական հատվածը, որը, ըստ էության, պետք է լիներ այս խմբի առանցքը, կարծես թե հայտնվել է երկրորդ պլանում: Պատահական չէ, որ այս օրերին ԲՀԿ-ն եւս անցել է ընդհատակ ու չի արձագանքում ներքաղաքական իրողություններին: Այսինքն՝ կուսակցությունն անգամ իր կայացրած որոշումներն է դժվարանում իրագործել: Ու Օսկանյանի թեւը մի տեսակ անհարմար վիճակում է հայտնվել՝ գերադասելով լռել:
Առանձնապես չի փայլում նաեւ ԲՀԿ-ի գործարար հատվածի ներկայացուցիչների վիճակը: ԲՀԿ-ի «ընդդիմադիր խաղերը», այնուամենայնիվ, թանկ են նստում իրեն այլընտրանք հռչակած քաղաքական ուժի վրա. սա պարզապես դուր չի գալիս իշխանություններին, եւ Սերժ Սարգսյանը սկսել է այս կուսակցության «կազմաքանդման գործընթացը»: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ պարբերաբար ստուգումներ են անցկացվում ԲՀԿ-ական գործարարների օբյեկտներում, տուգանքներ նշանակվում, ինչն առաջացնում է այդ մարդկանց դժգոհությունը: Հասկանալի է` իրավիճակը ԲՀԿ-ականների համար խորթ երեւույթ է, քանի որ այս մարդիկ սովոր են մշտապես գտնվել իշխանության կողքին, հարմարավետ պայմաններում փող աշխատել: Ու հիմա իրենց բիզնեսի հանդեպ հարկային մարմինների հետաքրքրության համար ԲՀԿ-ականների գործարար հատվածը մեղադրում է ե՛ւ մի քանի կուսակցականների, ե՛ւ անձամբ Գ.Ծառուկյանին, որը «տեր չի կանգնում» կուսակիցներին: Գործարարները նաեւ տեսնում են` Ծառուկյանն այլեւս չի կարող եւ չի էլ ուզում նախկինի նման իշխանության ներսում հարցեր լուծել, տվյալ դեպքում` իրենց զերծ պահել հարկային տեռորից: Ավելին, դժգոհության եւս մեկ առիթ էլ կա. ԲՀԿ-ականներին օրերով չի հաջողվում հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ. նրա մոտ ազատ ելումուտի իրավունք ունեն մի քանի հոգի` Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը: Մյուս պատգամավորներին Ծառուկյանն օրերով չի ընդունում` կա՛մ «զբաղված է», կա՛մ «այս պահին հարմար չէ» ձեւակերպումներով: Որո՞նք են խուսանավելու պատճառները՝ Ծառուկյանի երբեմնի շրջապատը այդպես էլ չի կարողանում հասկանալ:
Իրարամերժ է նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պահվածքը. մի կողմից ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունն ընդդիմության նման դեմ է քվեարկում կառավարության ծրագրին, Ծառուկյանն ընդդիմադիր գործչի նման նախագահական ընտրություններից հետո ո՛չ շնորհավորեց Սերժ Սարգսյանին, ո՛չ էլ մասնակցեց նրա երդմնակալության արարողությանը: Բայց մյուս կողմից նույն Ծառուկյանը լավ էլ շփվում է իշխանությունների հետ, հայտարարում, որ չի կարող ընդդիմություն լինել, վերջերս էլ Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված միջոցառումների կիզակետում էր` բարձրաստիճան պաշտոնյաների հետ կանգնած շքերթն ընդունողների հարթակում, որովհետեւ թեեւ ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի անդամ չէ, այնուամենայնիվ, կուսակցության ԱԺ խմբակցության ղեկավարը շարունակում է մնալ անվտանգության խորհրդի անդամ:
Ասել է թե՝ Ծառուկյանի համար կարեւորը բիզնես շահն է, իսկ հարազատ թիմի ճակատագիրը նրան պարզապես չի հետաքրքրում: Դրա համար էլ կուսակցությունից արտահոսքը կամաց-կամաց ակտիվանում է:
ԲՀԿ-ի ներսում տարաձայնությունների մասին մեկնաբանությունների համար դիմեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանին, սակայն նա հերքեց այդ լուրերը. «Նման պրոցես չկա: Եվ ասեմ` այս կամ այն թեւ գնալն ինքնանպատակ չէ. մենք որդեգրել ենք կառուցողական գործելաոճ եւ շարունակում ենք այդպես աշխատել»: Լուրերը հերքեց նաեւ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Հ.Գ. Լավ կլինի, որ այս հրապարակումից հետո ԲՀԿ-ն չփորձի կուսակցությունում «մատնիչներ» փնտրել: Կիմանանք: