ՆՈՐ ԴԻՎԵՐՍԻԱ
Անցած գիշեր ԼՂՀ շփման գծում` Քարվաճառի ուղղությամբ, հակառակորդը դիվերսիոն հարձակում է իրականացրել: Երկարատեւ բախումից հետո հայկական կողմը հետ է շպրտել ադրբեջանական բանակի դիվերսանտներին: «Իլուր»-ի տեղեկություններով՝ հայկական բանակի մի քանի զինծառայողներ մարմնական թեթեւ վնասվածքներ են ստացել, զոհեր չկան: Միջադեպի կապակցությամբ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է. «Եղածի պատասխանատվությունը կրում է հակառակորդը: Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, ոչ մի կորուստ չունենք»:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԲՈՍՏԱՆԸ
Երեկ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ` առաջարկելով ստեղծել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով: Համապատասխան նամակն արդեն ներկայացվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Ըստ նախագծի՝ հանձնաժողովն իր գրավոր եզրակացությունն ԱԺ նիստում պետք է ներկայացնի մինչեւ 2013թ. դեկտեմբերի 5-ը:
ՏՈՒԳԱՆԵԼ Է
ՏՄՊՊՀ-ն գերիշխող դիրքի չարաշահման համար 10 միլիոն դրամով տուգանել է «Կուրացիո» դեղորայք ներկրող եւ իրացնող ընկերությանը: Հանձնաժողովի որոշմամբ ընկերությունն իրավունք չի ունենա 3 տարի մասնակցել մրցույթներին:
ՓԱՍՏՈՐԵՆ` ԽԱՆԴԻ ՀՈՂԻ ՎՐԱ
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: Դատարանը լսել է Վ. Ղուկասյանի ավագ եղբորը` Գեւորգ Ղուկասյանին: Վերջինիս վկայության ժամանակ, չգիտես ինչու, դուրս են հրավիրել հեռուստաօպերատորներին` արգելելով տեսաձայնագրումը: Գ. Ղուկասյանը պատմել է, որ ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրը` Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը, իրոք եկել է խնամախոսության իր եղբոր մոտ. «Այդ ժամանակ Վարդանի երկրորդ աղջկան` Աննային, արդեն բեհ էին դրել, Վարդանն էլ Սամվելին ասել էր` ա՛յ մարդ, Աննայի ամուսնության հարցը լուծված է, հայրը ներողություն էր խնդրել ու դուրս եկել: 3-4 անգամ Սամվելը գնացել ու եկել է: Հետո Վարդանն ինձ ասեց` Գեւո՛ր, ասա՛ թող չգնա գա, աղջկա հարցերը լուծված են: Ես էլ Սամվելին ասի` մի՛ գնա արի, հարցը լուծված է»:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԿԱ
Լեռնային Ղարաբաղի եւ Գորիսի բնակչությունը քննարկում է Երեւանում նախագահի նստավայրի դիմաց մեծ բողոքի ցույց անցկացնելու հնարավորությունը՝ կապված Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած աղմկահարույց սպանության հետ: Այս մասին NEWS.am-ին ասել է Բուդաղյան եղբայրների ազգականը: Անդրադառնալով Ս. Խաչատրյանի՝ իր լիազորությունները ժամանակավորապես վայր դնելուն, նա նկատել է, որ ժամանակավոր հրաժարական չի լինում. «Սահմանադրության մեջ ժամանակավոր հրաժարականի օրենք չկա: Կա՛մ հանում են աշխատանքից, կա՛մ ձերբակալում»: