«Ժողովուրդ»-ը դեռեւս մայիսի 2-ի համարում գրել էր, որ Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը ծեծի էր ենթարկել 86-րդ դասարանի աշակերտուհի Լիդիայի մայրիկին՝ Նատալյա Սարգսյանին: Թեեւ դպրոցի տնօրենը մեզ հետ զրույցում հերքել էր տեղեկությունը՝ այս ընթացքում ամեն կերպ փորձելով արդարանալ, սակայն ծեծի ենթարկված աշակերտուհու մայրը, իր ձեռքով գրված նամակը ձեռքին, նախօրեին եկավ խմբագրություն՝ առավել սկանդալային մանրամասներ բացահայտելով:
Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի նախկին աշակերտուհի Լիդիայի մոր՝ Նատալյա Սարգսյանի նամակը՝ ռուսերենից թարգմանված հայերեն:
«Ես երկար եմ մնացել զրպարտության, բամբասանքների եւ կեղծ լուրերի ստվերում՝ դեռեւս հավատալով այն մարդկանց պարկեշտությանը եւ ազնվությանը, որոնք անմիջականորեն պարտավոր են կատարել ծառայողական պարտականությունները: Ես զարմացած եմ, թե ինչպես է ժամանակի ընթացքում թիվ 55 դպրոցում կատարված պատահարի մասին դպրոցի տնօրենը՝ Գայանե Ժորայի Սարուխանյանը, ԶԼՄ-ների ճնշման տակ իր բացատրությունները եւ ձեւակերպումները փոխել: Տարբեր փաստերը, որոնք բարձրաձայնել է տնօրեն Սարուխանյանը, առնվազն առաջացնում են շփոթվածություն եւ նույնիսկ զայրույթ: Նա ԶԼՄ-ներին տված իր մեկնաբանություններում տարածել է կեղծ եւ զրպարտիչ տեղեկատվություն, որն արատավորել է ոչ միայն իմ, այլեւ իմ անչափահաս դստեր պատիվն ու արժանապատվությունը:
Սարուխանյանը կտրուկ բացառում է միջադեպ տեղի ունենալու փաստը: Ամեն կերպ խուսափում է խոսակցությունը մանրամասնելուց՝ նպատակաուղղված այն փոխելով իմ ընտանիքի, իմ եւ իմ անչափահաս դստեր բարոյական նկարագրի ուղղությամբ: Սարուխանյանը խոսում է իմ պրոֆեսիոնալ գործունեության մասին իբր իմ անունից: Կոչում է ինձ սթրիփթիզի աշխատակցուհի՝ անբարոյական տարր: Հավաստում եմ, որ մեր հանդիպումներից եւ ոչ մեկի ժամանակ, իսկ դրանք եղել են երեքը, տվյալ դպրոցում սովորելու 4 տարիների ընթացքում ես ոչինչ չեմ ասել իմ գործունեության ոլորտի վերաբերյալ: Հավաստում եմ, որ ես «պարուհի» չեմ եւ չունեմ տվյալ մասնագիտության հետ ոչ մի առնչություն:
Գոյություն ունի անհերքելի փաստ՝ իմ մասնագիտություններից մեկով ես դիպլոմավորված մանկավարժ-դիրիժոր եմ: Իր հեռուստահարցազրույցի ընթացքում տնօրեն Սարուխանյանն ասում է, թե մանկավարժները հնարավորություն չունեն իրենց թանկարժեք ժամանակը ծախսել կատարվածի վերաբերյալ խոսակցությունների վրա: Սակայն դպրոցի ադմինիստրացիան չի խուսափում դպրոցի աշակերտներից իմ աղջկա հետ շփման մասին հետաքրքրվել: Նրանք դեպքից հետո զանգահարել են իմ աղջկա համադասարանցիների եւ ընկերների ծնողներին՝ ասելով, թե պահանջում են արգելել հետագա շփումը «մերկապարուհու» աղջկա հետ:
Տնօրեն Սարուխանյանը հրամցրել է լրագրողներին, թե իբր ես եկել էի իր մոտ՝ հանդիպելու: Դա նույնպես սուտ է: Ես դպրոց եմ գնացել կրթության նախարարության ուղղորդումով, որտեղ եղել էի դեպքից կես ժամ առաջ: Այնտեղ կան վկաներ, որոնք կարող են հաստատել իմ հանգիստ եւ ադեկվատ պահվածքի մասին: Գոյություն ունի նաեւ ձայնագրման սարքով խոսակցական գրառում իմ իսկական տրամադրության վերաբերյալ, որը Սարուխանյանը որակում է որպես «անհասկանալի արտիստիզմ»:
Հայտարարելով իմ աղջկա իբր անվայելուչ կերպարի մասին՝ տնօրեն Սարուխանյանը նորից տարածում է սուտ տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը: Հայտարարում եմ, որ այդ օրը իմ երեխայի հագուստը եղել է աշակերտին վայել՝ առանց որեւէ դիմահարդարման, ճղված շորերի, ձեռնոցների եւ այլ նմանատիպ բաների, ինչի մասին գոյություն ունեն վավերացված փաստեր՝ նույն օրը կատարված լուսանկարներ (տե՛ս լուսանկարը-խմբ.): Բացի այդ, կան նաեւ ապացույցներ, թե ինչպես են հագնված եղել այդ օրը այլ աշակերտներ, որոնց կերպարը «համապատասխանում է» դպրոցի պահանջներին: Ես չեմ ուզում խորանալ Սարուխանյանի նման պահվածքի դրդապատճառների մեջ, հիմա կարելի է միայն կռահել այն մասին, թե ինչն է նրան դրդել այդ քայլին, որ նա դուրս վռնդեց երեխային դպրոցից: Դրդապատճառները եղել են իրականում շահագրգռվածությունը, սակայն հիմա այդ մասին չեմ խոսում…
Ես՝ որպես ծնող եւ դաստիարակ, հաստատում եմ եւ հայտարարում, որ միջադեպը տեղի է ունեցել:
1. Տնօրեն Սարուխանյանի կողմից իրականացվել են անօրինական գործողություններ եւ կարգադրություններ անչափահաս երեխայի նկատմամբ: Նա անմիջական վտանգի է ենթարկել իր աշակերտի կյանքը՝ տուն վերադարձնելով: («Կրթության մասին» ՀՀ օրենքի գլուխ 6, հոդված 49, կետ 1, 2, ՀՀ քրեական օրենսգրքի թ. 315՝ անփութություն, թ. 170 ՀՀ ՔՕ՝ երեխայի դաստիարակման համար պարտականությունների չկատարում):
2. Տնօրեն Սարուխանյանը մերժել է ինձ տրամադրել երեխայի՝ դպրոցից ազատման փաստի օրինական հիմքերը (ՀՀ քրեական օրենսգրքի թ. 148՝ անձին տեղեկատվության տրամադրման մերժում):
3. Իմ նկատմամբ գործածվել է ֆիզիկական ուժ, ինչպես տնօրեն Սարուխանյանի կողմից, այնպես էլ նրան ենթակա մարդկանց, ինչի մասին գոյություն ունի պաշտոնական-փաստաթղթային ապացույց՝ պետական դատաբժշկական փորձագետի կողմից հաստատված եզրակացություն: (ՀՀ քրեական օրենսգրքի հ. 118՝ ծեծ):
4. Տնօրեն Սարուխանյանը եւ նրան ենթակա մարդիկ խախտել են մարդու սահմանադրական իրավունքները՝ մասնավոր սեփականության, անձնական գույքի, անձնական գաղտնիքի նկատմամբ ոտնձգություն (ՀՀ ՔՕ հ. 176, ՀՀ ՔՕ հ. 251՝ չարտոնված մուտք համակարգչային համակարգերի տեղեկատվական համակարգ):
5. Սարուխանյանը կոպտորեն եւ միտումնավոր գերազանցել է ծառայողական պարտականությունները՝ տալով ոչ օրինական հրահանգներ իրեն ենթակա անձանց, որոնք իրենց հերթին դրանք կատարել են (ՀՀ ՔՕ հ. 309՝ ծառայողական պարտականությունների գերազանցում):
6. Կանգ չառնելով օրենքի խախտումների վրա՝ տնօրեն Սարուխանյանը շարունակում է իրականացնել անթույլատրելի եւ շատ ցածր արարքներ, որոնք չեն համապատասխանում ոչ միայն մարդկային, այլեւ տնօրենի, ղեկավարի, դաստիարակի չափորոշիչներին: ԶԼՄ-ների միջոցով տարածում է կեղծ տեղեկություն, որը ոտնահարում է անչափահաս երեխայի պատիվն ու արժանապատվությունը (ՀՀ ՔՕ հ. 135՝ զրպարտություն, ՀՀ ՔՕ հ. 136՝ վիրավորանք, ՀՀ ՔՕ հ. 143՝ քաղաքացիների հավասարության խախտում)»:
Նատալյային ծեծի ենթարկելու դեպքի մանրամասն նկարագրությունը՝ «Ժողովուրդ»-ի վաղվա համարում (իսկ նամակի ռուսերեն տարբերակը՝ www.armlur.am կայքում):
ՄԱՅՐԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ԱՐԱՐՔՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ