Հակոբ Հակոբյանը մեկն էր նրանցից, ովքեր «դհոլ-զուռնայով» «Օրինաց երկիր» մտան այն ժամանակ, երբ կուսակցությունն ու նրա առաջնորդը թամբի վրա էին: Դե, Արթուր Բաղդասարյանն արդեն համարվում էր իշխանությունների ամենասիրելի մարդը, նրա կուսակցությունն էլ Ռոբերտ Քոչարյանի կողմից դիտարկվում էր որպես յուրատեսակ «ռեսուրս», չնայած այս շրջանում ինչ-որ անհասկանալի կոնֆլիկտ կար Արթուր Բաղդասարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Բայց ահա ՕԵԿ-ն իբր ընդդիմադիր դարձավ, ու կուսակցության շարքերից հերթով հեռացան շատերը, հատկապես՝ գործարարները:
Հեռացողներից մեկն էլ Կիլիկիայի Հակոբն էր, որը 2007թ. ԱԺ ընտրությունների նախաշեմին իշխանության հորդորով դուրս էր եկել ՕԵԿ-ից եւ դարձել պատգամավոր: Կոալիցիոն վերջին բանակցությունների արդյունքում նախագահականից Հակոբյանին հորդորում էին կրկին վերադառնալ ՕԵԿ, որպեսզի ստացվի, որ թիվ 41 ընտրատարածքում կոալիցիան պաշտպանում է ՕԵԿ-ական թեկնածուի, որովհետեւ մյուս ընտրատարածքներում էլ ՕԵԿ-ին բաժին հանելու հնարը չէր գտնվում: Հակոբյանը, սակայն, չէր ուզում վերադառնալ ՕԵԿ՝ համարելով, որ այդ կուսակցության անդամ լինելը կփոքրացնի կրկին պատգամավոր դառնալու իր հնարավորությունները: Ու որպեսզի հնարավորություններն իրական լինեն, Հակոբ Հակոբյանն անդամագրվեց «ամենազոր» Հանրապետականին… Իհարկե, որեւէ մեկին չհետաքրքրեց, թե Հակոբը նժդեհյան գաղափարախոսության հետ ինչ աղերսներ ունի, արդյոք գիտի, թե ով է Նժդեհը կամ ինչ է տարոնականությունը: Բայց այդ ամենը կարեւոր չէր, կարեւորն այն էր, որ ՀՀԿ-ին էր անդամագրվում մի նոր օլիգարխ եւս… Իսկ Հակոբ Գառնիկիչն իսկապես օլիգարխ է, ԱԺ ամենահարուստ պատգամավորներից մեկը:
Նա միակ պատգամավորն է ողջ խորհրդարանում, որը գրեթե շիտակությամբ ներկայացրել է իր ունեցվածքը՝ նշելով քսանութ շենք-շինություն: Հակոբ Հակոբյանին են պատկանում Երեւանում գտնվող 10 շենք-շինություն, Դիլիջան քաղաքում՝ 10 կտոր հողամաս եւ 7 շենք-շինություն, ինչպես նաեւ 35 հա հողամաս Բերդ քաղաքում: Նշենք այն հանգամանքը, որ նա պատգամավոր է ընտրվել թիվ 41 ընտրատարածքից, այսինքն՝ Տավուշի մարզից, հետեւաբար Բերդը, Դիլիջանը նրա համար արդեն անձնական կալվածքներ են դարձել: Օրավուր ավելի է հզորանում Հակոբ Գառնիկիչը, որովհետեւ գործող պատգամավոր է, սերտ կապեր է հաստատել մարզպետ Ղուլարյանի, Բերդի քաղաքապետի հետ, որին հենց ինքն է հովանավորում…
Հակոբ Հակոբյանն ունի 4 ավտոմեքենա՝ «ԲՄՎ-745», «Մերսեդես-Բենց S500», «ԶԱԶ-968-Մ» եւ «ՎԱԶ 212114»: 2011թ. մարտի 1-ից մինչեւ այս տարվա նույն ժամանակահատվածը ստացել է 6 միլիոն 427 հազար 810 դրամի եկամուտ, սակայն 2012թ. մարտի 1-ի դրությամբ ունեցել է 1 միլիարդ 900 միլիոն դրամ: ԱԺ պատգամավորը 11 ընկերությունում ունի ներդրումներ եւ արժեթղթեր: «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ում ունի 49.98 տոկոս բաժնեմաս, «Դիատոմիա» ԳԱ ՓԲԸ-ում՝ 49.54 տոկոս, «Կոննեկտ» ԲԲԸ-ում՝ 45.07 տոկոս, «Դիլիջանի բեռնաուղեւորատար» ՓԲԸ-ում՝ 100 տոկոս, «Վլադ Հակոբյանի անվան համակցված կերերի գործարան» ՓԲԸ-ում՝ 50 տոկոս, «Տիգրան ՀՀԳ» ՍՊԸ-ում՝ 100 տոկոս, «Հ եւ Տ Հակոբյաններ», ինչպես նաեւ «Անուշ եւ Գոռ» ՍՊԸ-ներում՝ 50-ական տոկոս բաժնեմաս, «Արմամաստ» ՍՊԸ-ում՝ 33 տոկոս, Ռուսաստանի Դաշնությունում գտնվող «Կիլիկիա» ՍՊԸ-ում՝ 50 տոկոս բաժնեմաս:
Հարուստ է նաեւ պատգամավորի կինը՝ Հասմիկ Հակոբյանը, որը նույնպես ահռելի կապիտալի տեր է: Նա իր հաշվին ունի 1 մլրդ 620 մլն 204 հզ. դրամ… Որտեղի՞ց: Այս հարցի պատասխանը երեւի տիկին Հասմիկը չտա, որովհետեւ նա հետ է մնում միայն Շողերինա Մկրտչյանից՝ Սամվել Ալեքսանյանի (Լֆիկի) կնոջից, ու իրեն շատ չի հետաքրքրում, թե ինչպես են իր անվան դիմաց կլորանում գումարները:
Իսկ միլիարդատեր Հակոբ Հակոբյանն ինչպե՞ս է կարողացել այս ամենին տեր դառնալ, երբ ունի շատ համեստ կենսագրություն: 1984թ. ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ ջերմաէներգետիկ է, տեխնիկական գիտությունների թեկնածու: Բարձրագույն կրթություն ստանալուց առաջ էլ՝ 1975թ., ավարտել է Երեւանի սննդի արդյունաբերության տեխնիկումը: Այնտեղ սովորելու ժամանակ՝ 1974-1975թթ. եւ 1977-1983թթ. աշխատել է Երեւանի գարեջրի գործարանում որպես մեքենավար, 1983-1988թթ.՝ սառնարանային-կոմպրեսորային արտադրամասում՝ ավագ վարպետ, արտադրամասի պետ, 1988-1997թթ.՝ գլխավոր ինժեներ, 1997-2000թթ.՝ տեխնիկական հարցերի գծով տնօրեն, 2000-2003թթ.՝ «Երեւան գարեջուր» ՓԲԸ-ի տնօրեն, 2003-2007թթ.՝ գլխավոր տնօրեն:
Չնայած այն բանին, որ պատգամավոր է, շարունակում է ահռելի եկամուտներ ստանալ, այսինքն՝ ոչ մի օր չի հեռացել գործարարությունից: Եվ ինչո՞ւ հեռանա, երբ սահմանադրական նորմը շատերի համար դարձել է ձեւական: Ի դեպ, Հակոբյանը չի էլ թաքցնում իր՝ գործարար լինելը: «Ճիշտ է, այսօր շատ մարդիկ գործարարներին վատ աչքով են նայում, բայց ես այն քիչ պատգամավորներից եմ, որը մշտապես մասնակցում է ԱԺ նիստերին եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստերին…»,-խոստովանել է գործարար պատգամավորը:
ՀԱԿՈԲՆ ՕԵԿ-Ը ԼՔԵՑ, ՈՐ ՉՎԱՐԿԱԲԵԿՎԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ