Ովքեր են «գցել» Եվրամիությանն ու գումարները «մսխել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի հունվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Եվրոպական Միության ծրագրերի շրջանակներում հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ: «Ժողովուրդ»-ին այս գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Եվ այսպես, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԵՄ-ն ՀՀ քննչական կոմիտեին է հանձնել Եվրոպական Միության պատվիրակության ֆինանսական, պայմանագրային եւ աուդիտի բաժնի կողմից իրականացված ստուգման արդյունքները, ըստ որի՝ ԵՄ ծրագրով հայաստանյան ոչ առեւտրային կազմակերպություններից մեկին հատկացված դրամաշնորհը նպատակային չի օգտագործվել, եւ յուրացվել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ քննչական կոմիտեից փորձեց պարզել, թե որ կազմակերպություններն են, այսպես ասած, «քցել» Եվրամիությանը: Ի պատասխան մեր հարցին՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, թե քրեական գործի նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս փուլում հրապարակման ենթակա չեն: Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին ՀՀ քննչական կոմիտեն կտեղեկացնի լրացուցիչ:

Այսպես՝ չնայած կոմիտեն չցանկացավ կատարվածի մասին մանրամասներ ներկայացնել՝ հղում անելով նախաքննության շահերը, սակայն «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, թե կոնկրետ որ կազմակերպություններն են «քցել» ԵՄ-ին եւ տրամադրած գումարները «մսխել»:

Եվ այսպես, մեզ հասած տեղեկություններով՝ ԵՄ-ի կողմից տրամադրված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու գործով անցնում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ուսանողական խորհուրդը:
Իսկ ինչու պետք է ԵՄ-ն ուսանողական խորհրդին գումար հատկացներ: Ըստ ամենայնի, Մարտունի քաղաքում գործող ուսումնական հաստատություններին առաջարկվել է կրթական ոլորտի բարեփոխումների կամ միջազգային փորձի մասով թրեյնինգներ անցկացնել: Այս ծրագրի համար ԵՄ-ն Մարտունի քաղաքի համապատասխան ուսումնական հաստատության ուսանողական խորհրդին է փոխանցել «կլորիկ» գումար: Ու հաշվի առնելով նմանօրինակ թրեյնինգների կազմակերպման փորձը՝ յուրաքանչյուր անձ, որ ցանկանում է մասնակցել թրեյնինգին, համապատասխան ղեկավար մարմիններին է ներկայացնում իր անձնագիրը, ստորագրում իր անվան դիմաց եւ գումար ստանում: Բայց կարծես թե ցուցակն ուռճացվել է: Մարտունու ուսանողական խորհուրդը ԵՄ-ին է ներկայացրել ուսանողների թիվը, որոնք իբրեւ թե ստորագրել են ու ստացել:

Բայց երբ թրեյնինգը ավարտվել է, ԵՄ-ն որոշել է աուդիտ անցկացնել եւ, ըստ ամենայնի, իրենց ներկայացված քաղաքացիների անձնագրի տվյալներն ուսումնասիրել է եւ նշված հեռախոսահամարներով զանգահարել է` փորձելով պարզել՝ արդյո՞ք ուսանողներին դուր է եկել թրեյնինգը: Բայց ստացել են անակնկալ պատասխան՝ առ այն, որ նման թրեյնինգի չեն մասնակցել: Չի բացառվում, որ քննության ընթացքում պարզվի, որ, օրինակ, Մարտունու ուսանողական խորհուրդը ԵՄ-ին ներկայացրել է, որ թրեյնինգին մասնակցել է 40 ուսանող, սակայն ավելի ուշ պարզվել է, որ ընդամենը 5-ն են մասնակցել:

Տեղեկացնենք, որ Մարտունիում մի քանի ուսումնական հաստատություններ են գործում, որոնք ունեն ուսանողական խորհուրդներ: Բայց նրանց մեծ մասը պնդում է, թե ինքը ԵՄ-ի հետ նման ծրագիր չի ունեցել:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Յուրա Սուքիասյանը նշեց, որ քոլեջն ունի ուսանողական խորհուրդ, բայց ԵՄ-ից դրամաշնորհ չեն ստացել: Հայաստանում Եվրոպական քոլեջի Մարտունու մասնաճյուղի տնօրեն Մանուչար Սիմոնյանը եւս վստահեցրեց, որ իրենք ԵՄ-ի հետ նման համագործակցություն չեն ունեցել. «Մենք ուսանողական խորհուրդ ունենք, բայց նման դրամաշնորհ ԵՄ-ից մեզ մոտ չի եղել: Անգամ չգիտեմ էլ՝ դիմեինք, կաջակցեի՞ն, մենք իրենց հետ նման ծրագիր չենք ունեցել»:

Տեղեկացնենք, որ Մարտունու ուսանողական խորհրդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179֊րդ հոդվածի 3֊րդ մասի 1֊ին կետով` յուրացնելը կամ վատնելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նկատենք, որ այս գործով միայն Մարտունու ուսանողական խորհուրդը չի անցնում: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ հարուցված քրեական գործով անցնում է նաեւ «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀԿ-ի տնօրեն Սվետլանա Առուստամյանը հայտնեց, որ թրեյնինգ ծրագիր է եղել:

«Այդ շրջանի ղեկավարը, երեւի մարդիկ են պակաս եղել, մի երկու հոգու անուն ավել է գրել: Անկեղծ ասած, հնարավորություն չեղավ, որ ստուգեմ, եւ հետո վստահել էին այդ կնոջը, բայց հետո այդ կինը պատժվեց, հիմա կարիք չկա՝ ես այդ կնոջ անունը շոշափեմ: Այդքան լուրջ բան չէ, այդ կինը բանավոր տույժ է ստացել»:

Տիկին Ռուստամյանը վստահեցրեց, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է իրավապահների կողմից. «Սա հին պատմություն է, ու ինչ եք ասում, ես որեւէ մտավախություն չունեմ »:

Քնար Մանուկյան




Լրահոս